ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետությունները պետք է անհապաղ հրադադարի ձգտեն Գազայի հատվածում և պատժամիջոցներ սահմանեն Իսրայելի դեմ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, Եգիպտոս և Հորդանան կատարած այցից հետո Ժնևում հրապարակված հայտարարության մեջ նման կարծիք է հայտնել Պաղեստինի իսրայելական վերահսկողության տակ գտնվող տարածքներում մարդու իրավունքների իրավիճակի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆրանչեսկա Ալբանեզեն՝ հավելելով, որ պետությունները պետք է անհապաղ և անվերապահ հրադադար պահանջեն և պատժամիջոցներ սահմանեն Իսրայելի դեմ՝ հետագա աղետներից խուսափելու համար։

«Այս պահին Իսրայելն այնքան է խախտել իր միջազգային պարտավորությունները, որ արդարացնում է պատժամիջոցների կոչը»,- ասել է նա։

Հատուկ զեկուցողը նշել է, որ Իսրայելի իշխանությունները հերթական անգամ մերժել են իր մուտքը պաղեստինյան տարածքներ, ուստի այնտեղ տիրող իրավիճակի մասին տեղեկություն է ստացել հարևան երկրների պաղեստինցիներից։

«Ոչ մի պաղեստինցի անվտանգ չէ իսրայելական անխոչընդոտ վերահսկողության տակ»,- հայտարարել է փորձագետը՝ նշելով, որ Գազայում իրավիճակը ավելի վատ է, քան նախկինում ենթադրվում էր, և դա կունենա լուրջ և բազմակողմ երկարաժամկետ հետևանքներ։




Լրահոս