Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրեր առաջ պարզ դարձավ, որ Հայաստանի ամենահայտնի քաղաքացի, Իտալական «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձավ Իտալիայի չեմպիոն. սա իսկապես պատմական իրադարձություն է նաեւ հայերիս համար։ Մեր ֆուտբոլիստի լուսանկարը բազմաթիվ միջազգային լրատվամիջոցների առաջին էջերին էր, մեծ ուրախություն էր նաեւ սոցցանցերի հայկական տիրույթում:

Տարօրինակն այն է, որ այս մեծ իրադարձությունից անմասն մնաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, որը մինչեւ երեկ նույնիսկ իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում կամ կայքում մեկ խոսք անգամ չգրեց այս իրադարության մասին: Սա իսկապես, մեղմ ասած, տարօրինակ է. նորմալ երկրում Հենրիխ Մխիթարյանին կշնորհավորեին ու նրանով կհպարտանային` սկսած իշխանության բարձրագույն օղակներից: Ամեն պատեհ ու անպատեհ առիթով «ստատուս» գրող իշխանավորների շրջանում եւս չնկատվեց որեւէ շնորհավորական խոսք կամ գրառում:

Պատկերացրեք` հիմա ինչ կանեին ադրբեջանցիները, եթե Հենրիխ Մխիթարյանի գոնե կես մակարդակի ու ճանաչելիության չափ ֆուտբոլիստ ունենային. վստահաբար` Բաքվի գլխավոր փողոցներում կլինեին նրա լուսանկարները, Ալիեւն անձամբ կդիմավորեր նրան ու կշնորհեր «Ազգային հերոսի» շքանշան:

Ի դեպ, մեր հարեւան Վրաստանում հաճախ կարելի է տեսնել իտալական «Նապոլի»-ի հարձակվող Խվիչա Կվարացխելիայի դիմանկարները. պետությունը նրան օրինակ է բերում նոր սերնդի համար ու ամենուր քարոզում է իր մարզիկների հաջողությունները, նրանց դարձնում է երկրի այցեքարտ: Իսկ մեր պարագայում գործ ունենք հերթական նեղ անձնական ամբիցիաների հետ:

Ի դեպ, թեման ուսումնասիրելիս մեզ հայտնի դարձավ, որ ՀՖՖ ղեկավարությունը չի շնորհավորել նույնիսկ լեգենդար «Արարատ 73»-ի հաղթանակի 50 ամյակի կապակցությամբ: Այս մասին տեսանյութերից մեկում նշում է լեգենդար թիմի մարզիչ Նիկիտա Սիմոնյանը: Ավելին՝ ՀՖՖ մեր աղբյուրները պնդում են, որ շռայլ ծախսերով աչքի ընկնող ֆուտբոլային չինովնիկները նույնիսկ չեն օգնել ծանր հիվանդությամբ տառապող, երջանկահիշատակ Նիկոլայ Ղազարյանին, ով ոչ միայն «Արարատ 73»-ի լեգենդներից էր, այլեւ ՀՖՖ առաջին նախագահը:

Այս մասով պարզաբանում ստանալ, ինչպես միշտ, չհաջողվեց, քանզի ՀՖՖ-ի ներկայիս ղեկավար ու նախկին լրագրող Արմեն Մելիքբեկյանը խուսափում է լրագրողների հարցերին պատասխանելուց:

Ի դեպ, միայն ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանն էր իր ֆեյսբուքյան էջով շնորհավորել Մխիթարյանին»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս