«Ժողովուրդ» օրաթերթն օրեր առաջ գրել էր, որ ժամկետանց հավկիթները, որոնք ներկրվել էին Ուկրաինայից, տեղափոխվել են ՀՀ մարզեր՝ այնտեղ «աչքից հեռու» վաճառելու համար:
Այս տեղեկությունը ճշտելու համար Armlur.am-ը զրուցել էր Սննդի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի ղեկավար Դավիթ Ղուլյանի հետ, ով էլ հայտարարեց, թե տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Սակայն մեր խմբագրությունում են հայտնվել մարտի 19-ին Գյումրի քաղաքից գնված ժամկետանց հավկիթները: Հավկիթի վրա մակնշված է, որ այն արտադրվել է այս տարվա հունվարի 26-ին եւ պիտանի է մինչեւ մարտի 26-ը:
Հիշեցնենք, որ նույն Ղուլյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում օրեր առաջ հայտարարել էր նաեւ, որ ըստ հայաստանյան տեխնիկական կանոնակարգի՝ հավկիթի պիտանելիության ժամկետը 25 օր է: Եվ եթե սխալ մակնշումով հավկիթ հայտնաբերել է ծառայության կողմից, ապա կասեցվել է դրա վաճառքը, որը ժակետանց է եղել, ոչնչացվել է: Այս դեպքում ո՞ւր գերատեսչությունն է թերացել իր աշխատանքում: Այս հարցի հետ կապված Armlur.am-ը կրկին զրուցեց Ղուլյանի հետ. «Ես նորից եմ ասում, որ այն չի տարվել մարզեր, որպեսզի այնտեղ վաճառվի: Դա կարող է լինել նաեւ Երեւանում, կարող է նաեւ լինել տնտեսվարողի մեղքով, որը որ վաճառքն իրականացնում է: Դա չի նշանակում, որ համատարած բնույթ է կրում: Դրա համար մենք ունենք «Թեժ գիծ» ծառայություն, նման դեպքեր լինելու պարագայում կարող են զանգահարեն եւ տեղեկացնեն այդ մասին: Մենք կտանք համապատասխան ընթացք: Մենք նման դեպքերին արձագանքում ենք եւ ընդհուպ հասցնում ենք մինչեւ ստուգման»: Ահա ոլորտի պատասխանատու գերատեսչության ներկայացուցչի պատասխանը:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ