Լոռին կունենա ջրի խնդիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոռու մարզի մոտ 10 համայնք կարող է մնալ առանց կենարար հեղուկի: Մեծ թվով համայնքներ սնուցող Կամենկա ջրագիծը կարող է ապամոնտաժվել: Այս կապակցությամբ անհանգստացած են համայնքապետերը, ֆերմերները, անասնապահներն ու խմելու ջուր օգտագործողները:

2013 թվականի դեկտեմբերի 26-ին կառավարությունը որոշում է ընդունել՝ «ՀայՋրմուղկոյուղի»ընկերության կանոնադրական կապիտալը նվազեցնելու եւ գույքն օտարելու մասին: 1490 Ա հրամանով կառավարությունը որոշել է. «Թույլատրել «Հայջրմուղկոյուղի»փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող՝ 47706 մետր երկարությամբ եւ 1 052 934 072 դրամ հաշվեկշռային արժեքով Կամենկա-Վանաձոր ջրատարի խողովակաշարով վճարել ընկերության կողմից տեղաբաշխված՝ պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց՚:

Կամենկա ջրագիծը գտնվում է Լոռու մարզի Կաթնառատ համայնքում: Ջրատարը կառուցվել է 20 -րդ դարի 80-ականներին եւ դեռեւս պիտանի է շահագործման համար: Ջրագծի ապամոնտաժման հետ կապված՝ մարզի մոտ 10 համայնքներում բողոքի հսկայական ալիք է բարձրացել: Տարբեր կառույցներից դիմում-խնդրանքներ են ուղարկվել թե° կառավարություն, թե° այլ մարմիններ, սակայն ապարդյուն: Վերջերս ինչ-որ մարդիկ գնացել են տարածքն ուսումնասիրել, որից հետո համայնքապետարաններին տեղեկացվել է, որ արդեն պետք է սկսվեն ապամոնտաժման աշխատանքները: Լուրը խուճապ է առաջացրել ոչ միայն համայնքապետարաններում, այլեւ հողագործությամբ ու անասնապահությամբ զբաղվողների շրջանում: Խիստ մտահոգված են նաեւ Տաշիրի եւ Ստեփանավանի խմելու ջուր օգտագործողները:

Կամենկա – Վանաձոր ջրատարից սնվում են մեծ թվով համայնքներ: Ֆերմերների ազգային միության խորհրդի նախագահի տեղակալ Վռամ Գյուլզադյանը ցնցված է, ասում է` այդ ջրագիծը կարող է դեռ 20 տարի ծառայել ողջ մարզին եւ դրա չլնելու դեպքում այլընտրանք պարզապես չկա: «Ջրագծի վերացումը ոչ միայն գյուղատնտեսությանը մեծ վնաս կհասցնի, այլեւ այս 5 գյուղի մնալ- չմնալու, ապագայի հարցը դրվում է հարցականի տակ՚,- ասում է Վռամ Գյուլզադյանը:

Խնդրով մտահոգված՝ Վարդաբլուր համայնքում գործող «Սերմնաբույծ»ՍՊԸ գործադիր տնօրեն Կամո Մանուկյանն էլ նշում է, որ իրենք 180 հա հողատարածք հենց այդ ջրագծի միջոցով են ոռոգում: Եթե ջրագիծն ապամոնտաժվի, մի քանի անգամ պակաս բերք կստանան:

Տաշիրի քաղաքապետարանում մտահոգություններն ավելի շատ են. այստեղ նշում են, որ ջրագծի ապամոնտաժման արդյունքում ամբողջ քաղաքում վերջերս լուծված ջրի խնդիրը կրկին կմտնի օրակարգ: Նույն վիճակն է նաեւ Ստեփանավանում, այստեղ էլ շուրջ 1700 ընտանիք` քաղաքի 30 տոկոսը, ջուրը ստանում է Կամենկայից: Բացի դա, արոտավայրերը կմնան առանց ջրի, իսկ տարածքի խոշոր եղջերավոր կենդանիների թիվը հատում է 2000-ը:

Կամենկայի ջրագծի վրա կառուցված  «Արարատ»հէկ ՓԲԸ տնօրեն Արարատ Անդրեասյանի խոսքերով էլ` բացի իրեն սպասվելիք խոշոր չափերի վնասից, հէկ-ում ներկայումս աշխատող շուրջ 40 մարդ, ջրագծի ապամոնտաժման դեպքում, կհամալրի գործազուրկների թիվը:

Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ՚-ը զրուցեց «Հայջրմուղկոյուղի»ընկերության գլխավոր տնօրեն եւ պայմանագրի կառավարիչ Պատրիկ Լորենի հետ:

«Այո, ջրատարն ապամոնտաժվելու է, եւ ես հուսով եմ, որ դա կարվի: Քանի որ այդ ջրատարը բավականաչափ խնդիրներ է առաջացնում ե°ւ ընկերության, ե°ւ Ստեփանավան քաղաքի համար: Բացի այդ, այդ ջրատարի հետ կապված սանիտարական մեծ ռիսկ կա, որովհետեւ բնակիչներն ապօրինաբար օգտվել են այդ ջրից: Եվ Կամենկա-Վանաձոր ջրատարի ջուրը խառնվել է Ստեփանավանի ցանցի կենտրոնացված ջրամատակարարվող ջրի հետ` առաջացնելով սանիտարական մեծ ռիսկ: Մենք շահագրգռված ենք, որ այդ ջրատարն ապամոնտաժվի, որպեսզի բնակիչներն արդեն նորմալ կենտրոնացված ցանցին միանան եւ ջրաչափեր տեղադրեն՚,- պարզաբանեց Լորենը:

«Ժողովուրդ՚-ի այն հարցին, թե ընկերությանը չի մտահոգում այն, որ ջրատարի ապամոնտաժման արդյունքում  մոտ 10 համայնք ջրազրկվելու է,  «Հայջրմուղկոյուղու»գլխավոր տնօրենը պատասխանեց. «Տա±սը համայնք: Իսկապես տասը գյուղի մասին չէ խոսքը: Ես գիտեմ միայն մի գյուղի` Կաթնառատի մասին, որը մեր սպասարկման տարածքում չէ, բայց ուսումնասիրություններ պետք է արվեն պարզելու, թե գյուղում ինչ աշխատանքներ են անհրաժեշտ կատարել՚:

Զրույցի ավարտին, Պատրիկ Լորենը վստահեցրեց, որ ընկերության բաժանորդները չեն ջրազրկվի, իսկ ինչ վերաբերում է այն սպառողներին, ովքեր «Հայջրմուղկոյուղու»բաժանորդները չեն եւ սնվում են այդ ջրատարից, ապա խնդիրը  կուսումնասիրվի եւ հնարավորության դեպքում նրանց  էլ կմիացնեն ջրամատակարարման համակարգին: «Իհարկե, պայմանով, որ իրենք դառնան նորմալ բաժանորդ, ջրաչափեր տեղադրեն եւ վճարումներ կատարեն: Հավանաբար, այդ աղմուկը բարձրացրել են այն մարդիկ, ովքեր ապօրինաբար են օգտվել այդ ջրից: Եվ հիմա էլ, բնականաբար, ջրից զրկվելով` բողոքում են՚:

Արմինե Բալայան

Լոռի

Սյունէ Համբարձումյան

Երևան




Լրահոս