Armlur.am լրատվականի թղթակիցը ՀՀԿ անդամ, պատգամավոր Մանվել Բադեյանից փորձեց պարզել` ինչ հետևություններ է արել ՀՀԿ-ական պատգամավորը «Դեմ եմ» շարժման մարտի 22-ի հանրահավաքից: «Ոչ մի հետևություն չարեցի, որովհետև տեղյակ չեմ հանրահավաքից»,- ասաց պատգամավորը:
-Պրն Բադեյան, թեև այսօրվա հանրահավաքին չեք հետևել, բայց տեղյակ եք` ինչի համար է պայքարում «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը: Կարծես թե ակնհայտ է, որ քաղաքացիական նախաձեռնությունը գնում է քաղաքական ճանապարհով, որտեղ միասնաբար կանգնած են նաև ԱԺ չորս ոչ իշխանական ուժերը:Մտահոգված չե՞ք, որ այս միասնականությունը կվերածվի հայկական մայդանի:
-Հայկական մայդան մենք երբեք չենք ունենա, քանի որ մայդան նշանակում է միայն ավերածություն, այն, ինչ կատարվում է հիմա Ուկրաինայում: Քաղաքական ուժերն էլ, որոնք փորձում են օգտագործել քաղաքացիների դժգոհությունները, էլի ձախողվելու են: Եթե բողոքավորներն ունեն կոնկրետ խնդիրներ, որոնք երբեք քաղաքական չեն եղել, ուզում են լուծել: Կառավարության հետ բանակցելուց կամ այլ ձևաչափով ուշ թե շուտ դրանք կլուծվեն: Թե սրա հետ ինչ կապ ունեն քաղաքական ուժերը, սա է անհասկանալի: Դժգոհող հատվածներ միշտ կարող են լինել հասարակության մեջ, բայց դեռ չի նշանակում, որ դժգոհող հատվածի շահերի արտահայտողն օպոզիցիոն ուժերն են: Կառավարությունը հենց նրա համար է, որ վերացնի խնդիրները:
-Դուք խոսեցիք կառավարության հետ բանակցության մասին,սակայն «Դեմ եմ» նախաձեռնության մեծամասնությունը չի ցանկանում կառավարության հետ բանակցել: Իրենք որոշել են հանրահավաքների ու ակցիաների միջոցով հասնել նրան, որ շրջանառությունից հանվի կենսաթոշակային համակարգի մասին օրենքը:
-Կարող է «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամների միջև լինեն ռադիկալներ, բայց կարծում եմ` այդ խոսքը բոլորի խոսքը չէ, այլ մեկ-երկուսի: Բայց դա դեռ չի նշանակում, որ կառավարությունը չպետք է մտածի մարդկանց կենսաթոշակների մասին:
-Մարտի 22-ի հանրահավաքին ելույթ է ունեցել նաև ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը և որպես տնտեսագետ հիմնավորել է կենսաթոշակային նոր համակարգի մասին օրենքի թերի կողմերը`մասնավորապես Բագրատյանն ասել է`ինչո՞ւ է մեր պետությունը մեր գումարները վերցնում 45 տարով: Իհարկե, Բագրատյանի խոսքերը ուղղված են կառավարությանն ու վարչապետին, և մինչ նա կպատասխանի, Դուք, որպես տնտեսագետ, ինչ հակափաստարկներ կներկայացնեք:
-Մարդիկ թոշակի տարիքի անցնելուց հետո թոշակ պետք է ստանան: Խոսքը գնում է այդ աղբյուրների որոնման մասին: Աշխարհի շատ երկրների փորձը ցույց է տալիս, որ միակ ստաբիլ աղբյուրը կուտակային ֆոնդն է, որի կառավարումը դուրս է հանվում լոկալ կառավարման մակարդակից: Արդեն ապացուցված է, որ աշխարհի շատ երկրներում այն էֆֆեկտիվ գործում է: Ցանկացած քննադատ թող ինձ աղբյուրը ցույց տա թոշակ ստանալու, որովհետև ռադիկալ տրամադրվածների մեջ կան այնպիսիք, որ ասում են` մեզ թոշակ պետք չէ, մենք հիմա ենք ուզում այդ 5 տոկոսը վայելել: Թե դա ինչ վայելքի փող է, ես չեմ հասկանում: Ծայրահեղ մտքերը միշտ սխալ են, դրանք պետք է դեն շպրտվեն: Բագրատյանը թող ցույց տա այն տեղը, որտեղից կարելի է մարդկանց կենսաթոշակն ապահովել, միգուցե քննարկենք:
-Հրանտ Բագրատյանը նաև հայտարարել է. «Ինչո՞ւ են մեր գումարները պահվում երկու ֆոնդում, եթե ՌԴ–ում կա 200 ֆոնդ, այլ երկրներում՝ դրանից քիչ»:
-Այդտեղ վիճելու խնդիր կա իրոք, որովհետև 200 կենսաթոշակային ֆոնդն արդեն ռիսկային է, քան երկուսը, հատկապես այն դեպքում, երբ դրանք միջազգայնորեն ճանաչված են և կենսունակ: Գտեք նման 200 ֆոնդ և միգուցե մենք էլ 200-ի համաձայնենք: Հետո մի համեմատեք ՌԴ-ի և Հայաստանի մասշտաբներն ամեն առումով: Ոնց էլ չլինի այդ 200-ի մեջ կլինեին ֆոնդեր, որոնք հետագայում սխալ բաներ կանեին կամ վստահելի չէին լինի:
-Այնուամենայնիվ, իշխանությունն անհանգստացա՞ծ չէ ԱԺ չորս ոչ իշխանական ուժերի և «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության միասնականությունից: Ինչպես հայտարարել է Բագրատյանը, իշխանությունը շատ է փոշմանել, որ կենսաթոշակային նոր օրենքը դրել է շրջանառության մեջ:
-Այն, որ կենսաթոշակային ֆոնդ ստեղծելու մասին իշխանությունը պետք է մտածի և միգուցե ուշացրել է, էստեղ 2-րդ կարծիք չկա: Օրենքի որոշ հոդվածներ կարելի է քննադատել, որի համար ընդդիմությունն ունեցել է 3 տարուց ավելի ժամանակ, սակայն որևէ առաջարկությամբ կամ դիտողությամբ հանդես չի եկել օրենքի բարելավման տեսակետից: Իշխանությունն էլ ենթադրել է, որ օրենքն էլ ընդունելի է, իսկ հիմա սպեկուլացիա են անում,օգտագործում են որոշ մարդկանց դժգոհությունը, փորձում իրենց ներկայացնել մարդկանց իրավունքների ջատագով:
Ինչ վերաբերում է անհանգստությանը, իշխանության ներսում անհանգստություն չկա, քանի որ հասարակության հետ իշխանության երկխոսությունը նորմալ է իշխանության համար:
-Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ եթե իշխանությունը երկարաժամկետ փող է ուզում, թող դիմի ներկա ու նախկին պաշտոնյաներին: ՀՀԿ-ը կհետևի՞ Նիկոլ Փաշինյանի այս խորհրդին:
–Եթե Նիկոլ Փաշինյանը կոնկրետ մարդկանց անուններ տա և կոնկրետ խնդիրներ ներկայացնի, բացի հեղափոխական ճանապարհից, մենք միգուցե դա դիտարկենք:
Սոնա Դավթյան