«Դեմ եմ»-ի հերթական հանրահավաքը ոչնչով չտարբերվեց վերջին մեկ տարվա ընթացքում Երևանում անցկացվող այլ հանրահավաքներից, ոչ մարդաշատությամբ, ոչ էլ արդյունավետությամբ։ Կրկին նույն սցենարը, հավաքվեցին, խոսեցին, ոմանց լսեցին, ոմանց՝ ոչ այնքան, հետո՝ երթ և ցրվեցին տներով, կրքերը մարեցին, կյանքը կշարունակվի իր հունով, կմնան քննարկումներ ֆեյսբուքում, որոնց կմասնակցեն կրկին նույն մարդիկ, ինչ մնացած քննարկումներին, և այդպես շարունակ։ Ոչինչ չի փոխվում, միայն պայքարի այս ձևն է գնալով արժեզրկվում և ապացուցում իր անարդյունավետությունը։
Իհարկե, պետք է արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանի և Ժիրայր Սեֆիլյանի ելույթներն, այնուամենայնիվ, ոգևորություն առաջացրեցին հանրահավաքի մասնակիցների մոտ, ինչը չի կարելի ասել քառյակի ներկայացուցիչների ելույթների մասին, սակայն նման ոգևորություններն էլ առաջին անգամ չեն, առաջանում են, հետո էլ՝ մարում են։
Ելույթների բովանդակությունն առհասարակ քննարկելու կարիք չեմ զգում, քանի որ դա էլ է մշտապես կրկնվող։ Տեխնոլոգիան հնացած է։
Կարելի է արձանագրել միայն մի դրական տեղաշարժ, այն, որ «Դեմ եմ» շարժման սովորական մասնակից երիտասարդների ելույթներն ավելի ոգևորիչ էին, քան քառյակի ներկայացուցիչներինը։ Երիտասարդները, փաստորեն, քառյակին մղեցին հետին պլան, ինչը ցույց է տալիս, որ հասարակությունը ոչ միայն իշխանությունից է հոգնել, այլ նաև ընդդիմությունից ու այլընտրանքից և այսօր ուզում է պայքարողների շարքերում տեսնել նոր, երիտասարդ և քաղաքական անցյալ չունեցող կադրերի, ովքեր պայքար են մղում ոչ թե հանուն աթոռի, այլ հանուն գաղափարի, հանուն փոփոխությունների։ Այս ֆոնի վրա կարելի է արձանագրել, որ քաղաքացիական հասարակությունը Հայաստանում, այնուամենայնիվ, կայանում է, հատկապես որ վերջին շրջանում հենց քաղաքացիական և ոչ քաղաքականացված շարժումները տալիս են դրական արդյունքներ։
Իսկ իրենց ոչ իշխանական համարող ուժերը, ովքեր, սովորության համաձայն, փորձում են քաղաքականացնել քաղաքացիական շարժումները, հերթական անգամ ետ մղվելով առաջնային պլանից՝ հավանաբար, կհասկանան, որ նման փորձերը միշտ տապալվում են ավելին՝ տապալում նաև տվյալ շարժումը։ Չնայած… դժվար թե դրանից դասեր քաղեն…
Կարեն Վարդանյան