«ՎԵՐՋԻՆ ԿԱԹԻԼԸ ԼՑՎԵԼ Է». Ն. ՍԱՐԳՍՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ ապրիլի 24-ին, Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա էր ընթանում, որին մասնակցում էին Վարդան Ղուկասյանի, Միհրան Պողոսյանի եւ Արշակ Կարապետյանի «Համահայկական ճակատ» շարժման աջակիցները։ Ակցիայի մասնակից, Երեւանի ավագանու անդամ Նանա Սարգսյանի հետ ArmLur.am-ը զրուցել է բողոքի ակցիայի եւ Տավուշում ստեղծված վերջին իրադարձությունների մասին։

-Տիկի՛ն Սարգսյան, չնայած, որ արդեն մի քանի օր է,ինչ քաղաքացիները դուրս են եկել փողոց եւ թե՛ մարզերում, թե՛ Երեւանում ակցիաներ են իրականացնում, բայց իշխանությունները, այնուամենայնիվ, իրենց օրակարգով են շարժվում, եւ, ինչպես տեսնում ենք, սահմանազատման գործընթացն արդեն սկսվել է: Ի՞նչ կասեք այս առիթով:
-Գիտեք, դա այն երեւույթից է բխում, որ ժողովուրդը լիարժեք չի ներկայացնում իր խնդիրը, պահանջը, երբ որ կարթնանա ժողովրդի մեջ վերջին կաթիլը լցվելու զգացողությունը, որը, կարծում եմ վաղուց լցվել է, ժողովուրդն արդեն պետք է որ սկսի ավելի ռադիկալ քայլեր անել: Ես նշել եմ՝ ավելի կտրուկ քայլերի պետք է գնանք: Կտրուկ ասելով՝ նկատի չունեմ, թե ներքին կռիվներ ու խժդժություններ եմ ցանկանում հրահրել, բոլորովին, անգամ ոստիկանները,որ հիմա աչալուրջ ցույցին են հետեւում, նրանք էլ են հայ եւ մեզնից մեկը. ասածիս նպատակն այն է, որ մենք պետք է համախմբվենք, եւ ամենակարեւորը, որ ոչ մի դեպքում պետք չէ այս ակցիաները կուսակցական հավաքներ դարձնել, վերածել կուսակցական մանր խնդրի. ո՛չ, սա ինքնաբուխ, ժողովրդի կողմից կազմակերպված բողոքի ակցիա է՝ դժգոհություն, որը պատշաճ կերպով արտահայտվում է: Մեր երկիրը մասնատել են կտոր-կտոր, եւ բաժանում են, իսկ դրա դեմ կանգնելու համար պետք է լինենք համախմբված եւ մեկ բռունցք դառնանք: Թերեւս այսպես պատասխանեմ:
-Տիկի՛ն Սարգսյան, այստեղ հավաքված են նաեւ մի խումբ քաղաքացիներ, որոնք եկել են Վարդան Ղուկասյանի կոչով, նրա աջակիցներն են: Եթե չեմ սխալվում, Դուք «Հանրային ձայն» խմբակցությունից դուրս եք եկել, հիմա ինչպե՞ս ստացվեց, որ նրա կոչով այսքան մարդիկ հավաքվեցին:
-Ես լրագրող եմ, հասարակական եւ քաղաքական գործիչ, եւ ես, լսելով Վարդան Ղուկասյանի կոչը ու նաեւ իմ հոգու կանչը, այստեղ եմ: Ես ամեն օր շարունակաբար ասում եմ՝ պետք է վերջ դրվի այս ամենին, պիտի հավաքվենք ու այս հարցին լուծում տանք: Ի՞նչ կերպով, ի՞նչ կստացվի, Աստված գիտի, բայց ես, այո՛, այստեղ եմ՝ չնայած այն փաստին, որ այլեւս խմբակցությունում չեմ:
-Տիկի՛ն Սարգսյան, բայց, ըստ Ձեզ, նման ակցիաներով հնարավո՞ր է ինչ-որ արդյունքի հասնել:
-Այո՛, հնարավոր է:
-Չէ՞ որ վաղուց տարբեր շարժումներ էին իրականացվում, որոնք արդյունք չտվեցին:
-Վաղուց իրականացվող շարժումները եղել են միտումնավոր. գալիս էին, մարդկանց հավաքում, եւ իրենք գնում էին տուն ու մարդկանց էլ ասում՝ տուն գնան: Ասում էին թե. «Գնա՛նք ժողովուրդ ջան, ցրտերն ընկան, ամռանը կգանք»: Վրաններոբ հաստատվեցին, ես իրենց հետ հավասար այդ ակցիաներին մասնակից եմ եղել, բայց միտումնավոր գալիս էին եւ այդ ակցիաներին վերջ դնում: Կարծում եմ՝ այստեղ նման մարդիկ չեն գտնվի եւ այստեղի մասնակցիները չափազանց աչալուրջ են:
-Կա՞ այստեղ հավաքված քաղաքացիների մոտ ծրագիր:
-Ծրագիրը մեկն է՝ համախմբվել եւ փրկել երկիրը ներկայիս րավիճակից:
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

ՄԻՋԱԴԵՊ՝
ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴՈՒՄ
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր է այցելել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը՝ փոքր դստեր հետ:
Անմար կրակի մոտ քաղաքացիները, տեսնելով նրան, սկսել են վանկարկել՝ «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու, «Նիկոլ ցեղասպան»:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ՔՊ-ում կատարվածը խիստ ծանր են տարել, որ վարչապետի դստեր ներկայությամբ է եղել դեպքը ու երեխան կատարվածից հուզվել է: Ավելին՝ ՔՊ-ում քննարկվել է, որ վարչապետի կնոջը եւ դստերը թիրախավորել են «Ազգային ժողովրդական բեւեռի» անդամները ու նրանց վարքը որակել են որպես սանձարձակություն:

ԶՈՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ԲԱՔՎԻ ԲԱՆՏՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՅԵՐԻՆ
Այս տարի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին, Ծիծեռնակաբերդի բարձունքում կարելի էր տեսնել պաստառներ՝ «Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Բաքվի հայ գերիներին», «Չի կարող լինել Խաղաղության համաձայնագիր՝ առանց հայ գերիների ազատ արձակման», «Ո՛չ մի COP29 Ադրբեջանում՝ առանց հայ գերիների ազատ արձակման», «Գլոբալ լռություն, Գլոբալ ամոթ. Ո՛չ՝ ցեղասպանությանը» գրություններով եւ Բաքվի բանտում ապօրինի պահվող երկու տասնյակից ավելի հայ գերիների լուսանկարներով:
Այս պաստառները կրում էին Բաքվի բանտում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի ընկերների նախաձեռնությամբ կազմակերպված բազմամարդ երթի մասնակիցները: Ցեղասպանության տարելիցի օրը նրանք ոչ միայն հարգանքի տուրք էին մատուցում միլիոնավոր անմեղ նահատակների հիշատակին, այլեւ իրենց զորակցությունը հայտնում հայ գերիներին եւ ապրիլի 5-ից բոլոր հայ բանտարկյալներին անհապաղ ազատ արձակելու պահանջով հացադուլ հայտարարած Ռուբեն Վարդանյանին:
«Այսօր մենք ոգեկոչում ենք Ցեղասպանության նահատակների հիշատակը ու միաժամանակ մեր այս ակցիայով փորձում ենք աշխարհի ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ Բաքվի բանտերում ունենք ապօրինի պահվող բանտարկյալներ, որոնցից մեկը՝ Ռուբեն Վարդանյանը շուրջ 20 օր գտնվում է հացադուլի մեջ: Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները պետք է արձագանքեն, գործի դնեն ճնշման մեխանիզմներ, քանի որ ապօրինի ձերբակալված եւ ավտորիտար երկրում որպես պատանդ պահվող հայ գերիների հարցը նաեւ քաղաքակիրթ աշխարհի հարցն է: Գիտենք, որ ընտանիքն ու հարազատները մտահոգված են նրա վիճակով եւ պահանջում են, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն անհապաղ կերպով այցելի նրան: Այս քայլով մենք եւս միանում ենք այդ պահանջին ու նաեւ Ռուբեն Վարդանյանի՝ բոլոր հայ բանտարկյալներին անհապաղ ազատ արձակելու պահանջին»,-նշել է ակցիայի կազմակերպիչ Ռուբեն Հայրապետյանը:
Երթի մասնակիցների պաստառներից մեկին էլ Բաքվի բանտից Ռուբեն Վարդանյանի ընտանիքի միջոցով փոխանցած ուղերձն էր՝ «Արժեքներն ու սկզբունքներն առավել կարեւոր են, քան նույնիսկ կյանքը»:

«ԱՐԻՈՒԹՅԱՆԸ ՎԱԽԿՈՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՄԻ ԽԱՌՆԵՔ»
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ոգեկոչելու հիշատակը Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների:
Ծաղկեպսակի զետեղումից հետո հուշահամալիրում՝ անմար կրակի առջեւ, Վեհափառ Հայրապետի նախագահությամբ կատարվեց Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ:
Լրագրողների հետ զրույցում Վեհափառ Հայրապետն ասաց. «Հայոց ցեղասպանության մեր սուրբ նահատակների այս նվիրական սրբավայրից մեր պատգամն ենք բերում մեր ժողովրդին»։

«ՍԳՈՒՄ ԵՆՔ…»
ՌԴ
ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Երեւանում Ռուսաստանի դեսպանությունը Telegram-ում հայտարարել է, որ հայ ժողովրդի հետ միասին սգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։
«Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է, մենք սգում ենք հայ ժողովրդի հետ միասին»,- ասվում է դիվանագիտական առաքելության Telegram ալիքում:
Հիշեցնենք, որ 1995 թվականին Պետդուման ընդունել է «1915-1922 թվականներին հայ ժողովրդի ցեղասպանությունը իր պատմական հայրենիքում՝ Արեւմտյան Հայաստանում դատապարտելու մասին» բանաձեւը։

ԱՆՊԱՅՄԱՆՈՐԵՆ ՈՒՂՂԵԼՈՒ ԵՆՔ ՄԵՋՔՆԵՐՍ
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառույանը սոցցանցի իր էջում գրում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, աշխարհասփյուռ հայեր, 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը վառ է մեր սրտերում եւ մենք աղոթում ենք նրանց հոգիների հանգստության համար:
Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ եւ ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է, քանզի ցեղասպանությունը չի կարող ունենալ վաղեմության ժամկետ:
Այսօր՝ համահայկականության եւ միասնականության այս խորհրդանշական օրը, մենք հիշում ենք Ցեղասպանության զոհերին, սգում ենք, բայց եւ հաստատակամ հայտարարում ենք, որ մեր կամքն անկոտրում է: Մենք անպայմանորեն ուղղելու ենք մեջքներս եւ կառուցելու ենք ուժեղ, զարգացող եւ ժամանակակից Հայաստան: Մեզ անհրաժեշտ է ներքին հաշտություն ու համահայկական բոլոր ռեսուրսների համախմբում:
Աստված պահապան՝ մեզ բոլորիս…»։




Լրահոս