
Ֆինլանդիայի ռազմաօդային ուժերը Ռումինիա կուղարկեն մինչև ութ F/A-18 Hornet կործանիչներ և 100 օդաչուներ՝ մասնակցելու Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) գործողություններին Սև ծովում։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ֆինլանդիայի ռազմաօդային ուժերի հայտարարությանը։
«Առաջին անգամ, մասնակցելով օդային ծածկույթի առաքելությանը, մենք նպաստում ենք ՆԱՏՕ-ի համախմբվածության ամրապնդմանը և դաշնակիցների հետ փոխգործակցության բարելավմանը»,-ասել է օդային ուժերի հրամանատար Յուհա-Պեկկա Կերենենը:
Նա նշել է, որ Ֆինլանդիայի գործողությունները համահունչ են ՆԱՏՕ-ի այն գաղափարին, որ բոլոր դաշնակիցներն օգնում են միմյանց՝ ստեղծելու հավաքական պաշտպանության և զսպման համակարգ։
Ֆիննական կործանիչներն ու օդաչուները հունիսի 3-ից հուլիսի 31-ը գտնվելու են Ռումինիայի հարավ-արևելքում գտնվող Միխայիլ Կոգալնիչեանու ավիաբազայում։