
ՀՀ էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Իսպիրյանի պաշտպան Մամիկոն Մուրադյանը։
«Անի Իսպիրյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը երկարացնելու միջնորդություն չի ներկայացվել դատարան, ուստի վերջինս այլևս տնային կալանքի տակ չէ»,-ասել է պաշտպանը։
Փետրվարի 15-ին Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Հայաստանի էկոնոմիկայի նախարարության կարիքների համար ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում կատարված առերևույթ չարաշահումների վերաբերյալ քրեական վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 8 անձի նկատմամբ, որից 5-ը Էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք են: Սույն քրեական գործով անցնում է նաև էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը։