Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահը, ամենայն հավանականությամբ, «ուղղակիորեն չի պատվիրվել» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից, չնայած այն հանգամանքին, որ Նավալնին բացահայտ քննադատել է Ռուսաստանի նախագահին, գրում է The Wall Street Journal-ը։
Պարբերականի կարծիքով, չնայած ընդդիմադիրի մահվան կասկածելի հանգամանքներին, «Պուտինը, հնարավոր է, Նավալնիին սպանելու մտադրություն չի ունեցել»։
Ինչպես նշում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին, այս կարծիքին են մի քանի ամերիկյան հետախուզական գործակալություններ, այդ թվում՝ ԿՀՎ-ն և ԱՄՆ Պետդեպարտամենտի հետախուզական բաժինը։
Միևնույն ժամանակ, պարբերականը նշում է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահը «համաշխարհային ասպարեզում ամբողջովին ազատված չէ Նավալնիի մահվան պատասխանատվությունից»։ Մասնավորապես, Լեհաստանի և որոշ եվրոպական հետախուզական գործակալությունների վերլուծաբանները թերահավատորեն են վերաբերվում Ռուսաստանի նախագահի անմասն լինելու ենթադրություններին, իսկ Նավալնիի կողմնակիցները շարունակում են պնդել, որ դա Կրեմլի ձեռքի գործն է:
Ալեքսեյ Նավալնին մահացել է փետրվարի 16-ին Յամալ-Նենեցյան ինքնավար շրջանի Խարպ քաղաքի գաղութում։ Մահվան եզրակացության մեջ ասվում էր, որ դրա պատճառները «բնական» են։ Քաղաքական գործչի զինակիցները կարծում են, որ Նավալնին սպանվել է։