Վրաստանի ոչ կառավարական կազմակերպությունների, ընդդիմադիր կուսակցությունների անդամներն ու շարքային քաղաքացիները Թբիլիսիի կենտրոնում ցույց են անցկացնում՝ ընդդեմ օտարերկրյա գործակալների մասին օրենքի։
Ակտիվիստները հավաքվել են մայրաքաղաքի կենտրոնի Հանրապետության հրապարակում։ Ավելի ուշ ցուցարարները երթով շարժվել են դեպի Ռուսթավելի պողոտայում գտնվող Վրաստանի խորհրդարանի շենք։ Ակցիայի ամբողջ ընթացքում ցուցարարները ձեռերին բռնել են ԵՄ դրոշները և վանկարկում են «Ո՛չ ռուսական օրենքին»։
Ընդդիմադիրներն ու հասարակական կազմակերպությունները հայտարարեցին հանրահավաքի մասին այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ապրիլի 29-ին ծրագրում է հանրահավաք անցկացնել՝ ի պաշտպանություն օրենքի։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ իշխող կուսակցությունը մարզերից համախոհներ է մոբիլիզացնում։
Ակցիայի մասնակիցներին տարածքից հեռացնելու համար ոստիկանությունը գազային բալոններ է կիրառել, վիճաբանություն է սկսել և ոստիկանությունը ստիպված մեծ թվով ցուցարարների է ձերբակալել։ Ձերբակալվածների շարքում է նաև Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան կառույցներին ինտեգրման հարցերով նախկին պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին։
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության քարտուղար և պատգամավոր Մամուկա Մդինարաձեն երկրում ստեղծված իրավիճակից հետո հանդես է եկել հայտարարությամբ՝ հավելով, որ պատրաստ են խորհրդարանից հետ կանչել օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը, եթե ինչ-որ մեկը հայտնաբերի առնվազն մեկ կետ, որը չի մտնում արևմտյան երկրների կողմից ընդունված նմանատիպ օրենքներում և ռուսերեն է։
Վրաստանում, ըստ տեղի լրատվամիջոցների, այսօր էլ ցույցերը շարունակվելու են։ Ցույցի ընդդիմախոսներն արդեն ոչ թե սկանդալային փաստաթուղթը հետ կանչելու, այլ իշխող ռեժիմի տապալման կոչ են անում։