Եկատերինյան պալատը նախկին կայսերական պալատ է, որը հանդիսանում էր ռուսական երեք կայսրուհիների՝ Եկատերինա I-ի, Ելիզավետա Պետրովնայի և Եկատերինա II-ի ամառային պաշտոնական նստավայրը։ Այն գտնվում է Սանկտ-Պետերբուրգի կենտրոնից 26 կիլոմետր հարավ, նախկին Ցարսկոյե Սելոյում:
Եկատերինյան պալատում զբոսանքը նման է 18-րդ դար մուտք գործելուն: Պալատը դասականության և շքեղության մարմնացում է՝ հատուկ ռուսական վերածննդի ժամանակաշրջանի ճարտարապետությանը և յուրահատկությանը:
Հատկապես ձմռան ամիսներին, երբ զգացվում է պուշկինյան ձմեռը, պալատը զբոսաշրջային ամենաշատ այցելվող վայրերից է:
Տարածքը Եկատերինա I-ին է նվիրել ամուսինը՝ Պետրոս I-ը, և պալատը կառուցվել է 1723 թվականին: Երկհարկանի պալատն ունի 16 սենյակ, այգի: Թագուհու մահից հետո պալատը ժառանգաբար անցել է դստերը՝ Ելիզավետա Պետրովնային, ով 1744 տեղում մեկ այլ ամրոց է նախագծել՝ մեծացնելով ավելի վաղ եղած կալվածքը:
Պալատն ընդարձակվել է մինչև 300 մետր երկարության շենքի, որը բաղկացած էր կենտրոնական տնից, մատուռից, կողային թևերից, սրահներից, այգիներից և պատկերասրահներից։
1751 թվականին ամրոցը վերանորոգվել է՝ ներառելով ևս մի քանի շենքեր, սյուներ, գմբեթներ և ոսկյա քանդակներ։ Պատերը նույնպես վերանորոգվել են՝ ներկվել են և ընդգծվել են ոսկեզօծ սվաղով: Այս նախագիծը ղեկավարել է հայտնի ճարտարապետ Բարտոլոմեո Ռաստրելին, ով դիզայնի բարոկկո ոճի ներկայացուցիչ էր:
Վերանորոգման նախագծին նպաստած նկարիչներից էին Լեպրինսը, Ջուզեպպե Վալերիանին և քանդակագործ Ֆրանց Դանկերը: Այս վերանորոգման ընթացքում ամրոցում ավելացվել են բազմաթիվ սենյակներ, որոցից են չինական սենյակը, լույսի պատկերասրահը, դիմանկարների սրահ, կարմիր երանգով սաթի սենյակը, հինգ նախասենյակ և մեծ դահլիճը՝ 860 մետր քառակուսի մակերեսով։ Այս դարաշրջանում միմյանցից զատ շենքերը կապված էին լինում հատուկ նախագծված կախովի այգիների միջոցով:
Վերակառուցման ավարտին՝ 1756 թվականին, ամրոցն ուներ 40 բնակարան, մինչդեռ մասնավոր և սպասարկող անձնակազմի համար նախատեսված սենյակների ընդհանուր թիվը գերազանցում էր հարյուրը: Կառուցվել է նոր այգի, իսկ հին այգին վերանորոգվել է՝ մեծացել է լճակը և միացնել գեղեցիկ աղբյուրներին, որոնք գտնվում են կալվածքից 6 կիլոմետր հեռավորության վրա:
18-րդ դարի վերջին՝ 1768-ից 1771 թվականներին, իտալացի ճարտարապետ Ռինալդին կալվածքի տարածքում ավելացրել է երկու սյուն՝ Չեսմեի սյունը և Մորեայի սյունը, ինչպես նաև հուշարձան, որը հայտնի է որպես Կագուլի օբելիսկ՝ ի հիշատակ Ռուսաստանի գլխավորած կոալիցիայի և Օսմանյան կայսրության դեմ պատերազմի։
Պալատի երկու բաղնիքները կառուցվել են ռուս ճարտարապետ Նեյոլովի կողմից վաղ դասական ոճով, ով կառուցել է նաև Օպերայի շենքը՝ 1778-1779 թվականներին: Երաժշտական տաղավարը և Սերեսի տաճարը կառուցվել են ճարտարապետ Քուարենգիի կողմից:
1770-ական թվականներին ամրոցի բարոկկո ճարտարապետությունը հիմնականում փոխարինվում է նեոկլասիկական ոճով։ Այս վերանորոգումն իրականացնում է Յուրի Վելթենի կողմից, ով վերափոխել է ամրոցի հարավային ճակատը և մեկ հարկանի կցամասերը վերածել չորս հարկանի հավելվածների, որոնք մեզ հայտնի են որպես Զուբովի և մատուռի հավելվածներ:
1780-ական թվականներին ավելացվել է Արաբեսկի սենյակը, որն անվանվել է իր մուտքի, առաստաղի և պատերի ոճով: Պատերի ուղղահայաց պանելները զարդարելու համար օգտագործվել են հնագույն նմուշներ Հունաստանից և Հռոմից: Նույն ընթացքում կառուցվել են նաև Հայելային և Արծաթե սենյակները, որոնք նախագծվել էին Քուարենգիի կողմից 1789 թվականին:
1820 թվականին ֆրանսիական ներխուժման ժամանակ հրդեհ է տեղի ունեցել, որի հետևանքով ավերվել են տարբեր կառույցներ, ներառյալ Ռաստրելիի նախագծած մատուռը և հարակից բնակարանները: Կառույցների վերականգնման ծրագիրն իրականացրել է Վասիլի Ստասովը։
19-րդ դարի սկզբին ճարտարապետ Լուիջի Ռուսկան պալատին ավելացնում է գրանիտե տեռասը: 1817 թվականին Ստասովի կողմից համալիրում կառուցվում է Հաղթական կամարը՝ ի հիշատակ ֆրանսիացիների Ռուսաստան ներխուժման ժամանակ ռուսների հաղթանակի։ 1851-ից 1852 թվականներին Մոնիգետտիի կողմից համալիրին ավելացվում է թուրքական բաղնիքը։
19-րդ դարի կեսերին Անդրեյ Ստակենշնայդերի կողմից սրահի առաստաղներին ավելացվում են սվաղային զարդանախշեր և Էրմիտաժի թանգարանի կտավներից տեսարաններ: Կենտրոնական սանդուղքը ամրոցի գլխավոր գավթի հետ միասին վերանորոգվում է Մոնիգետտիի կողմից։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական ուժերը ավերում են պալատական համալիրի մեծ մասը։ Խորհրդային արխիվագետների կողմից նախապատերազմյան ինտերիերի վերաբերյալ լավ պատրաստված փաստաթղթերի շնորհիվ պալատը կարողանում են վերակառուցել 1957 թվականին՝ բնօրինակի բավականին նմանությամբ՝ Ալեքսանդր Կեդրինսկու գլխավորած Հուշարձանների պահպանման պետական վերահսկողական հանձնաժողովի ղեկավարությամբ: Դրանից հետո այն պահպանվում է որպես ազգային հուշարձան։
Ներկայումս ամրոցը և նրա շրջակայքը բաց են հանրության համար որպես թանգարան և կառավարվում են Սանկտ Պետերբուրգի Համաշխարհային ժառանգության հիմնադրամի կողմից:
Հուրի Բաղդասարյան