Ադրբեջանի սանձազերծած սպառազինությունների մրցավազքը մտահոգիչ հանգամանք է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` «Տարածաշրջանային անվտանգության դինամիկան Հարավային Կովկասում» միջազգային գիտաժողովի ժամանակ:Նա իր ողջույնի խոսքում, մասնավորապես, ասել է.«Հարավային Կովկասում տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումները բարդ են եւ հաճախ դժվար կանխատեսելի՝ ենթակա տարածաշրջանային եւ արտատարածաշրջանային ուժային կենտրոնների շահերի համադրման ու մրցակցության  ազդեցությանը: Այս հանգամանքը տարածաշրջանի պետությունների համար ստեղծում է ինչպես  լրացուցիչ հնարավորություններ, այնպես էլ որոշակի մարտահրավերներ: Հայաստանի արտաքին քաղաքականությունը  կառուցված է տարածաշրջանային եւ գլոբալ դերակատարների հետ փոխշահավետ  համագործակցության ու փոխադարձ հարգանքի, նրանց  շահերի համադրման տրամաբանությամբ: Մենք վստահ ենք, որ բաց սահմանները եւ համատեղ տնտեսական  ծրագրերի իրականացումը կարող են լավագույն խթան դառնալ փոխըմբռնման ու  փոխվստահության մթնոլորտի ձեւավորման, հետեւաբար նաեւ քաղաքական խնդիրների  կարգավորման համար: Փոխարենը տարածաշրջանի պետությունների միջեւ բաժանարար գծերի  խրախուսմանն ուղղված քաղաքականությունն անխուսափելիորեն կհանգեցնի ամբողջ  Հարավային Կովկասում անկայունության ու անվստահության մթնոլորտի ստեղծմանը: Տարածաշրջանի առջեւ ծառացած առանցքային  մարտահրավերներից են չկարգավորված հակամարտությունները, որ կարոտ են համապարփակ ու  վերջնական լուծման: Մենք բազմիցս վերահաստատել ենք մեր անկոտրում համոզմունքը, որ  առկա հակամարտությունները կարող են կարգավորվել բացառապես խաղաղ բանակցությունների  միջոցով՝ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների հենքի վրա: Չեմ վարանում կրկնել,  որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման Հայաստանի համար միակ  ընդունելի հարթակը Մինսկի խմբի ձեւաչափն է: Մեր խորին համոզմամբ՝ տարածաշրջանում  տեւական խաղաղություն ու կայունություն կարող են հաստատվել միմիայն Լեռնային  Ղարաբաղի ժողովրդի ֆիզիկական անվտանգության եւ իր ճակատագիրն ինքնուրույն  տնօրինելու երաշխավորված ապահովմամբ:  Ադրբեջանի  սանձազերծած սպառազինությունների մրցավազքը, Եվրոպայում սովորական  սպառազինությունների մասին պայմանագրով նախատեսված առաստաղների բազմակի  գերազանցումը մտահոգիչ հանգամանք է ոչ միայն Հայաստանի, ոչ միայն Հարավային  Կովկասի, այլեւ առավել լայն ընդգրկմամբ՝ տարածաշրջանի անվտանգության տեսանկյունից: Ստեղծված պայմաններում Հայաստանը հարկադրված է առավել մեծ ուշադրություն դարձնել  իր պաշտպանական համակարգի արդիականացմանը` որպես տարածաշրջանում ռազմատենչ  նկրտումների զսպման ու կայունության ապահովման կարեւոր գործոնի: Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական  զարգացումներում էական դեր ունի նաեւ էներգետիկ գործոնը: Հայաստանն ըմբռնումով է մոտենում էներգակիրների մատակարարման աղբյուրների եւ ուղիների բազմազանեցմանը  միտված քաղաքականությանը: Այդուհանդերձ, նոր էներգետիկ ծրագրերը չպետք է  օգտագործվեն տարածաշրջանում ձեւավորված ուժային հաշվեկշռի խախտման նպատակով: Նման  քաղաքականությունը ոչ միայն սպառնալիք է տարածաշրջանի առանձին պետությունների  անվտանգության համար, այլեւ կարող է լրջորեն վտանգել էներգետիկ տարանցման ուղիների  անխափան գործունեությունը: Չի կարելի թույլ տալ, որ Հարավային էներգետիկ միջանցքը դառնա նոր պատերազմի սնուցման աղբյուր: Դա չի բխում ոչ տարածաշրջանի անվտանգության  եւ ոչ էլ նավթային ու գազային ընկերությունների շահերից: Մեր օրերում անվտանգության եւ զարգացման  փոխկապակցվածությունն այլեւս աքսիոմ է: Հենց այս նկատառումից ելնելով էր, որ 2008  թվականին մենք նախաձեռնեցինք Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման  գործընթացը` որպես առաջին քայլ առաջարկելով հաստատել դիվանագիտական  հարաբերություններ եւ բացել սահմանները՝ առանց նախապայմանների: Հայաստանն այսօր էլ հավատարիմ է այն  սկզբունքներին, որոնք հռչակել էր այդ գործընթացը նախաձեռնելիս: Եվ պետք է նշել, որ  միջազգային-իրավական պարտավորությունները կյանքի կոչելու համար այսօր Թուրքիայից  պահանջվում է անհրաժեշտ քաղաքական կամք: Կարեւորելով  պետական մակարդակով ռազմավարական որոշումների ընդունման ժամանակ մասնագիտական  խորհրդատվական աջակցության նշանակությունը` Հայաստանն արժեւորում է միջազգային  հեղինակավոր վերլուծաբանների մասնակցությամբ գիտաժողովները, քանի որ դրանք  հնարավորություն են ընձեռում փորձագիտական մակարդակով քննարկելու տարածաշրջանում առկա խնդիրները եւ առաջարկելու հնարավոր լուծումներ»:




Լրահոս