Ց. ԱԿՈՊՅԱՆԻՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարան»-ի նախկին դեկանի քրեական գործով որոշում է կայացվել:

Ցոլակ Արամի Ակոպյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով կազմակերպչական-տնօրինչական եւ վարչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ «Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի (այսուհետեւ՝ նաեւ Համալսարան) սոցիալական գիտությունների եւ սերվիսի ֆակուլտետի /2018-2022թթ/ դեկան, ակնհայտորեն դուրս գալով իր լիազորությունների շրջանակից՝ ֆակուլտետի այլ դասախոսների կողմից դասավանդվող եւ իր կրթական ու մասնագիտական ոլորտից դուրս գտնվող՝ «Բանավոր խոսք անգլերեն», «Գրավոր խոսք անգլերեն», «1-ին օտար լեզու անգլերեն», «2-րդ օտար լեզու անգլերեն», «2-րդ օտար լեզու գերմաներեն», «Խոսույթի տեսություն», «Հայ գրականություն», «Հայոց լեզու», «Հայոց լեզու եւ հայ գրականություն», «Հայրենագիտություն», «Հայկական ճարտարապետության պատմություն», «Միջազգային զբոսաշրջային կենտրոնների աշխարհագրություն» «Միջազգային տուրիզմի կենտրոնական աշխարհագրություն», «ՀՀ զբոսաշրջության ռեսուրսները», «Հյուրընկալության հիմունքներ», «Տնտեսագիտություն», «ՏՀՏ-ները մասնագիտական ոլորտում», «Մաթեմատիկայի հիմունքներ» եւ այլ առարկաների քննական տեղեկագրերում համապատասխան դասախոսի փոխարեն ուսանողներին առերեւույթ նշանակել է գնահատականներ կամ դասախոսի կողմից արդեն իսկ նշանակված գնահատականները ջնջելով՝ գնահատականներ է գրառել եւ դասավանդող դասախոսի ստորագրության համար նախատեսված վանդակում դրել է իր ստորագրությունը, այդ կերպ էական վնաս է պատճառվել համալսարանին, քանի որ խախտվել է բնականոն ուսումնական գործընթացը, որի անքակտելի մասն է դասընթացի արդյունքներով ուսանողների գիտելիքների գնահատումը համապատասխան ակադեմիական գիտելիքներ եւ պատրաստվածություն ունեցող դասախոսի կողմից։
Բացի դրանից, էական վնաս է պատճառվել նաեւ ՀՀ կառավարությանը, որը ներդրում է կատարել բարձրագույն ուսումնական հաստատությունում, որում պետք է ապահովվի բնականոն կրթական գործընթացը եւ երաշխավորվի ուսանողների արժանիքահեն առաջադիմությունը:
Գործով նախաքնության ավարտ է հայտարարվել եւ գործը ուղարկվել է հակակոռուպվիոն դատարան:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ՈԳԵԿՈՉՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
Ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, Սուրբ Պատարագի արարողությանը մասնակցեց Սուրբ Գայանե վանքում: Այդ առիթով հավատացյալների խոնարհումի համար դուրս էր բերվել նաեւ Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը:
Պատարագիչն էր Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ? Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը։
Իր քարոզում Սրբազան Հայրը, անդրադառնալով 20-րդ դարասկզբի պատմական իրադարձություններին ու Հայոց Ցեղասպանությանը, ի մասնավորի նշեց. «Աստված օրհնեց մեր ժողովրդին եւ վերականգնեց հայոց պետականությունը պատմական Հայաստանի արեւելյան հատվածում, մեր ժողովուրդը կարողացավ պահպանել իր պատմական հողերի այս մի հատվածը, եւ ամոքել իր վերքերը։
Ինչո՞ւ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանությունը? մենք դրա մասին պիտի մտածենք, խորհենք, որպեսզի ապագայում կարողանանք խուսափել նման իրավիճակներից եւ թույլ չտանք օտարներին մեր հայրենիքում ենթարկելու մեզ ցեղասպանության… Երբ մենք գնում ենք Ծիծեռնակաբերդ կամ Եռաբլուր, խորհենք, թե ինչ պիտի անեինք, որ չարեցինք եւ ի՞նչ ունենք անելու, որ պիտի անենք՝ գալիքի ակնկալիքով։
Չվախենանք երբեք եւ շարունակենք ապրել Քրիստոսով, որովհետեւ նա հաղթեց ու մենք էլ հաղթելու ենք»։
Վերջում Վազգեն Սրբազանը պատգամեց հավատավոր ժողովրդին խնդրել ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսությունը, որ առավել իմաստությամբ օժտվեն մեր առաջնորդները, որ հայ ժողովուրդը լցվի սիրով, համերաշխությամբ եւ կարողանա պահել ու պահպանել Հայաստան աշխարհը։

ԱՎԱՐՏՎԵՑ «ԱՎՐՈՐԱ»-Ի ՈՒԹ ՏԱՐԻՆ
Մատենադարանում Ժամանակավոր ցուցադրության է ներկայացվել ձեռագրի՝ Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթողի մասին էջը:
Հայոց ցեղասպանության հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին, Մատենադարանում ցուցադրության է ներկայացվել «Մատյան մարդասիրաց» ձեռագիրը: Ցուցադրվող էջը «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության եւ մրցանակի ոգեշնչման աղբյուր, Հայոց ցեղասպանությունը վերապրած Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթողի վավերագրումն է, որն ամփոփում եւ ամբողջացնում է «Մատյան մարդասիրաց» բացառիկ ձեռագիրը: Երեւանում Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթողի բացումը նախատեսվում է մինչեւ տարեվերջ, իսկ մինչ այդ հուշակոթողի էսքիզն արդեն ներկայացված է «Մատյան մարդասիրաց» ձեռագրում, որը կցուցադրվի Մատենադարանի Քարտեզների սրահում մինչեւ 2024 թ. մայիսի 24-ը:
Սա առաջին ձեռագիրն է, որն ստեղծվել է Մատենադարանում 21-րդ դարում՝ պահպանելով հայ մատենագրության ավանդույթները: Այն ներկայացնում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության տարեգրությունը՝ ընդգծելով «Ավրորայի» հերոսների եւ դափնեկիրների մարդասիրական առաքելությունը: Ձեռագիրը պատմում է ոգեշնչող մարդասիրության, անձնվիրության եւ բացառիկ խիզախության մասին, ինչը ներկայացվում է յուրօրինակ պատկերազարդմամբ: «Ավրորայի» յոթ դափնեկիրների տիտղոսաթերթիկներն ու ամփոփիչ՝ Ավրորա Մարդիգանյանի հուշակոթողին նվիրված էջը նկարազարդել են Մատենադարանում գործող «Ծաղկելու արվեստ» մանրանկարչական ստուդիայի սաները:
Ավրորա Մարդիգանյանին նվիրված երախտագիտության հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչեւ փրկություն: Քանդակի ետին հատվածում կլինեն կանայք գաղթի ճանապարհին եւ Ավրորան՝ նրանց հետ: Իսկ դիմային հատվածում կլինի Մարդիգանյանի կերպարը՝ նրանցից առանձնացած, փրկված եւ լուսավորված:

ԱՅԴՊԵՍ ԷԼ ՄԵՂԱԴՐԱՆՔ ՉԻ ԱՌԱՋԱԴՐՎԵԼ
2020թ. ամռանը Իջեւանի գինու, կոնյակի գործարանը առանց շինթույլտվության եւ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականի (ՇՄԱԳ) գործարանի հարեւանությամբ. Աղստեւ գետի հունում կատարվել են մեծ ծավալի շինարարական աշխատանքներ, 700-800 մետր երկարությամբ գետի հունն ավերվել է, 1870 խորանարդ մետր ծավալով գետափի ժայռը վերացել է, Աղստեւի ափին կառուցվել է մեծ երկարությամբ բետոնե պատ, որի հետեւանքով Իջեւանի «Դենդրոպարկի» ջրառն ավերվել է, «Դենդրոպարկն» Աղստեւ գետից ոռոգման ջուր չի ստացել, պարկում շուրջ 60 տարում տնկված հազվագյուտ ծառերի եւ թփերի կեսը չորացել է։ Բնապահպանական խախտումների համար Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի Տավուշի մարզային բաժինը Իջեւանի գինու, կոնյակի գործարանին տուգանել է 216 հազար դրամի, նաեւ՝ 350 հազար դրամի չափով։ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը դիմել է քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին՝ հարցնելով թե Աղստեւ գետի եւ Իջեւանի «Դենդրոպարկի» ջրառն ավերելու հետ կապված քրեական գործն ի՞նչ ընթացք ունի, ո՞ վ է այդ գործով ներգրավված՝ որպես մեղադրյալ։ Քննչական կոմիտեն պատասխանել է. «Տավուշի մարզի Աղստեւ գետի մաս հանդիսացող ջրային հողը առանց ՀՀ ջրային կոմիտեի եզրակացության վարձակալությամբ Իջեւանի գինու եւ կոնյակի գործարանին հանձնելու, եւ ապօրինի շինարարություն կատարելու դեպքի առթիվ 2021թվականի հոկտեմբերի 15-ին (08.04.2003 թվականին ընդունված եւ 01.07.2022 թվականին ուժը կորցրած) ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննության այս փուլում որեւէ մեկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցված չէ»։ Իրավապահ համակարգից տեղեկացանք, որ Իջեւանի գինու, կոնյակի գործարանի կողմից Աղստեւ գետի հունին, Իջեւանի «Դենդրոպարկին» պատճառված մեծ վնասները ճշտելու համար նշանակվել է փորձաքննություն։ Իջեւանի «Դենդրոպարկի» նախկին տնօրեն Մեխակ Սայադյանը հայտնեց, որ վնասները հաշվարկելու համար շինարարության պատճառած վնասը ճշտող մասնագետ եւ «Դենդրոպարկի» ծառերին ու թփերին պատճառված վնասը ճշտող մասնագետներ են եկել, սակայն Հայաստանում շատ քիչ են հազվագյուտ, արժեքավոր ծառատեսակների գծով մասնագետները; Սայադյանն ասաց, որ «Դենդրոպարկին» ու Աղստեւ գետին պատճառված վնասների առթիվ հարուցված քրեական գործով 3 քննիչ է փոխվել. սակայն, ինչպես տեսնում ենք, քրեական գործն առաջ չի գնում, այլապես Իջեւանի գինու, կոնյակի գործարանի ղեկավարությանը մեղադրանք կառաջադրվեր:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս