ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԱՌԵՐԵՍՎԵԼՈՒ ԿՈՉ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին Թուրքիայում քրդամետ քաղաքական կուսակցություններն ու կազմակերպությունները կրկին կոչ են անում ճանաչել անցյալի վայրագությունները եւ ապագայում հավասար վերաբերմունք ցուցաբերել բոլոր քաղաքացիների նկատմամբ:

Կազմակերպություններն ու կուսակցությունները Թուրքիային կոչ են անում առերեսվել սեփական պատմության հետ։
Հայտարարության մեջ նշվում է, որ թուրքական պետությունը մինչ օրս չի ճանաչել վայրագություններն ու Հայոց ցեղասպանությունը եւ շարունակում է պատժել նրանց, ովքեր հանդես են գալիս ճանաչման եւ հաշտեցման օգտին:
«Անհրաժեշտ է առերեսվել անցյալի հետ», – Հայոց ցեղասպանության տարելիցին հայտարարել է Ժողովրդավարական տարածաշրջանների կուսակցությունը՝ հավելելով, որ կիսում են հայ ժողովրդի ցավը եւ հարգանքով են հիշում նրանց, ովքեր զոհ են դարձել։
Հայտարարության մեջ կոչ է արվում պահպանել հայկական եկեղեցիները, գերեզմանատեղիները, կրոնական օբյեկտների ազատ օգտագործումը եւ քաղաքացիների հավասարության վրա հիմնված իրավական բարեփոխումները:
«Չափազանց կարեւոր է հրաժարվել ժխտողականությունից եւ յուրաքանչյուր հայի ճանաչել որպես պատմության վկայություն»,- հավելել են նրանք՝ կրկնելով հանգուցյալ հայ մտավորական Հրանտ Դինքի խոսքերը:
Բացի այդ, Հայոց ցեղասպանության տարելիցի վերաբերյալ հայտարարություն է արել նաեւ Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիան (Amed)՝ նշելով. «Յուրաքանչյուր ապրիլի 24-ին պետությունն ու մեր աշխատակազմը պայքարի մեջ են մտնում ճշմարտության համար, թե ինչպես մեկնաբանել անցյալի իրադարձությունները», – ընդգծել են նրանք՝ շեշտելով, որ բացահայտ արտահայտվելու համար բախվում են մշտական իրավական խնդիրների։
Ժողովուրդների հավասարության եւ ժողովրդավարության կուսակցությունը (DEM) նույնպես իր համերաշխությունն է հայտնել հայ համայնքին. «Մենք կիսում ենք Հայոց ցեղասպանության վիշտը, որը սկսվել է 1915 թվականի ապրիլի 24-ին մտավորականների տեղահանմամբ, ինչը հանգեցրել է զանգվածային արտաքսման եւ կոտորածի», – հայտարարել են կուսակցությունից՝ ընդգծելով, որ անցյալի հանցագործությունները պետք է ճանաչվեն, որպեսզի ճանապարհ հարթեն դեպի խաղաղություն եւ համախմբված հասարակություն:

ՈՐՈՇՈՒՄ՝ ՆԵՐԳԱՂԹՅԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը օրենք է ընդունել, որը թույլ է տալիս տեղական իշխանություններին՝ անօրինական ներգաղթյալներին արտաքսել Ռուանդա, որտեղ նրանք կսպասեն ապաստան տրամադրելու վերաբերյալ՝ Լոնդոնի որոշմանը։
Վարչապետ Ռիշի Սունակը հայտարարել է, որ արտաքսումները կսկսվեն 10-12 շաբաթից:
Կառավարությունը կոմերցիոն մասնավոր թռիչքներ է վարձակալել եւ անձնակազմ տրամադրել փախստականներին Ռուանդա ուղեկցելու համար։
«Ոչ մի եթե, ոչ մի բայց: Այս թռիչքները կիրականացվեն դեպի Ռուանդա», – վստահեցրել է Սունակը:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ The Times-ը, վկայակոչելով բրիտանական կառավարության փաստաթղթերը, գրել էր, որ Միացյալ Թագավորությունը բանակցություններ է վարում Հայաստանի, Կոտ դ’ Իվուարի, Կոստա Ռիկայի եւ Բոտսվանայի հետ՝ անօրինական միգրանտներ ուղարկելու հետ կապված: Ըստ լուրերի՝ նախատեսվում է օգտագործել այն նույն սխեման, որի շուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Ռուանդայի հետ։
Հայաստանի ԱԳՆ-ի արձագանքը չուշացավ. «Հայաստանը եւ Մեծ Բրիտանիան ունեն քաղաքական երկխոսության լայն օրակարգ, սակայն կոնկրետ հրապարակման մեջ (The Times) բարձրացված հարցի վերաբերյալ որեւէ առարկայական կամ տեխնիկական բանակցություններ չեն եղել», – պարզաբանեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՕՐԵՆՔՈՒՄ
ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովն իր նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Առեւտրի եւ ծառայությունների մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենքների նախագծերի փաթեթը: Այն ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը: Զեկուցողը նշել է, որ Ազգային ժողովն արդեն ընդունել է փոփոխությունների փաթեթ, որով կարգավորվել է Երեւան քաղաքում շրջիկ առեւտուրը, ամրագրվել են ավագանու լիազորությունները: Մասնավորապես` շրջիկ առեւտրի կազմակերպման հետ կապված հարցերը, առեւտրի համար նախատեսված կամ թույլատրելի տարածքները սահմանում է ավագանին:
Փոխնախարարը հիշեցրել է, որ ԱԺ նիստում հարց էր հնչել, թե ինչու՞ է շրջիկ առեւտուրը թույլատրվում միայն Երեւանում, ինչին ի պատասխան` նշվել էր, որ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքը կկիրարկվի մայրաքաղաքում եւ որոշ ժամանակ անց, հաշվի առնելով արդյունքները, այն կտարածվի նաեւ մյուս համայնքների վրա:
«Պահը հասունացել է եւ որոշակի առումով արդեն ունենք միավորված համայնքներ: Հայաստանում գրանցվում է զբոսաշրջության աճ, կան թիրախային կետեր, որտեղ շրջիկ առեւտուրը կարող է օգտակար լինել: Այս օրենսդրական փաթեթով առաջարկում ենք կարգավորումները կիրառելնաեւ բոլոր համայնքներում», – ասել է Վաչե Տերտերյանը:
Զեկուցողը հավելել է, որ աշխատանքներն իրականացվելու են առցանց. բոլոր համայնքներն ունեն էլեկտրոնային հարթակներ:
Փոխնախարարը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում գրավոր առաջարկություններ չեն ստացվել:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին:

ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ «ՕԴԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ»
Թուրքական Turkish Airlines ավիաընկերությունը Ռուսաստանի դեսպանատան խնդրանքից գրեթե երկու ամիս անց, ռուսերենով հուշող գրողություն ներկայացրել՝ Լատինական Ամերիկա մեկնող ուղեւորների համար։ Ռուսական կողմը պահանջել է պարզաբանել կանոնները ռուս զբոսաշրջիկների՝ Ստամբուլից թռիչքների զանգվածային մերժման դեպքերից հետո։
Հուշող գրության մեջ թվարկվում են լրացուցիչ զննման միջոցառումները, որոնք կարող են կիրառվել այն ուղեւորների համար, որոնց թռիչքները ժամանում են Վենեսուելա (Կարակասի օդանավակայան), Մեքսիկա (Մեքսիկա եւ Կանկուն), Կոլումբիա (Բոգոտա), Կուբա (Հավանա) եւ Բրազիլիա (Սան Պաուլո):
Այսպես, Մեխիկո քաղաք մեկնող ուղեւորներին անհրաժեշտ է.
– տարանցիկ վիզա եւ ավիատոմս այլ չվերթի համար տարանցիկ թռիչքի ժամանակ.
– վճարովի հյուրանոց ճանապարհորդության ժամանակահատվածի համար.
– երկկողմանի տոմս, եթե թռիչքի ամսաթվերը վիզայի վավերականության ժամկետի մեջ են այն երկրների համար, որտեղ վիզա է պահանջվում:
Եթե այս կանոններից գոնե մեկը չկատարվի, ուղեւորին կարող են թույլ չտալ թռիչք կատարել: Բոլոր կանոնները տեղադրված են Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) կայքում:
Մարտի սկզբին Turkish Airlines-ը ուղեւորների համար լրացուցիչ պահանջներ հրապարակեց՝ ռուսերենով եւ բացատրություններով: Ռուսաստանի դեսպանատունը հայտնել է, որ չնայած դիվանագետների հրատապ պահանջներին, այդ պահանջները ռուսերեն չեն հրապարակվել։
Ուղեւորների պահանջները թարմացնելուց հետո Turkish Airlines-ը թռիչքներից հեռացրել է Թուրքիայից Արգենտինա թռչող առնվազն 50 ռուս ուղեւորի։ Բուենոս Այրեսում Ռուսաստանի դեսպանատանը հայտնել են, որ խնդիրը կապված է թուրքական ավիափոխադրողի հետ։ Turkish Airlines-ում նոր կանոնները բացատրել են Լատինական Ամերիկայի երկրներում ռուսներին ընդունելու կանոնների խստացմամբ։ Թուրքիայում Ռուսաստանի դեսպանատունը ռուսներին խորհուրդ է տվել կապ հաստատել ավիաընկերության հետ՝ հարկ եղած դեպքում ավիափոխադրողին դատի տալու համար։




Լրահոս