Թվում է, թե գարնան գալուստը, օրերի երկարումն ու ամռան մոտալուտ լինելը մարդկանց մոտ միայն դրական զգացում պետք է արթնացնեն: Բայց արի ու տես, որ այդպես չէ: Հենց այս ժամանակահատվածում է շատ մարդկանց մոտ ի հայտ գալիս դեպրեսիոն վիճակ:
Հոգեբանները մի շարք խորհուրդներ կարող են տալ, թե ինչպես հաղթահարել գարնանային դեպրեսիան.
Մի՛ ամաչեք ձեր զգացմունքներից:
Գոյություն ունի կարծրատիպ` տխրելը վատ է, մելանխոլիկները անհաջողակներ են, վատ տրամադրություն ունենալը վատ սովորություն է: Դա սխալ է: Չարությունը, թախիծը, վախը այնպիսի բնական զգացումներ են, ինչպես ուրախությունն ու խինդը: Դրանք բոլորն էլ մարդու արձագանքն են արտաքին միջավայրին և կյանքի բաղկացուցիչ մասն են կազմում:
Մի՛ ամաչեք ձեր զգացմունքներից, անգամ` բացասական: Դեպրեսիան նորմալ երևույթ է: Այն դառնում է վտանգավոր միրայն այն դեպքում, երբ դուք կենտրոնանում եք խնդիրների վրա:
Այո, միգուցե հիմա ոչ այնքան լավ շրջան է ձեր կյանքում, բայց թույլ մի՛ տվեք ձեզ խորտակվել ձեզանից և կյանքից դժգոհ այդ ժամանակահատվածի ճահճում:
Խոսե՛ք:
Հասկանալով, որ տխրությունն ու հիասթափությունն անկանոն չեն, նաև աննորմալ չեն` ազատվեք նաև մեկ այլ սխալ և կարծրատիպային մտածողությունից, այն է` «Ոչ մեկին հետաքրքիր չեն իմ խնդիրները»:
Նայե՛ք Ձեր շուրջը, հաստատ կգտնվեն մարդիկ, ովքեր կհասկանան ձեզ, և սկսե՛ք խոսել: Բարձրաձայնելով խնդիրը` կգտնեք դրա լուծումը: Բացի այդ, հոգեբաններն ապացուցել են, որ կոմպլեքսներն ու վախերը հաղթահարելը դյուրին է դառնում այն ժամանակ, երբ իմանում ենք դրանց «անունները»:
Իսկ եթե չեք կարողանում խոսել ձեր խնդիրների մասին ինչ-որ մեկի հետ, գոնե գրե՛ք դրանց մասին, թղթին հանձնե՛ք այն ամենը, ինչն անհանգստացնում է ձեզ:
Նորմալ քնե՛ք և ճիշտ սնվե՛ք:
Իսկապես, առողջ քունն ու ճիշտ սնվելը ներդաշնակ կյանքի գրավականներն են:
Անքնությունը թուլացնում է ձեր ունակություններն ու ինքնատիրապետումը, ինչի հետևանքով օրգանիզմը հայտնվում է սթրեսային վիճակում: Որպեսզի ձեզ լավ զգաք, քնեք օրական 7-8 ժամ:
Ինչ վերաբերում է սնունդին, սեզոնային հուզվածության ժամանակ նվազում է ածխաջրերի քանակն օրգանիզմում, և մարդն անընդհատ սնվելու կարիք է զգում:
Մի՛ կշտացրեք ձեզ ճարպոտ սնունդով: Ածխաջրերի պակասը լրացնելու համար սնվե՛ք նրանով հարուստ մթերքով` թարմ հաց, մակարոնեղն և այլն, բայց` չափավոր: Սննդի մեջ նաև շատ բանջարեղեն և միրգ օգտագործե՛ք, հատկապես` ցիտրուսային մրգեր, որոնք հարուստ են A և C վիտամիններով:
Եղե՛ք զբաղված:
Ըստ հոգեբանների` դեպրեսիան ապագան կառուցել չկարողանալու զգացողությունն է:
Բացե՛ք օրացույցը: Ունե՞ք ծրագրեր հաջորդ ամսվա համար: Եթե ոչ, անմիջապես կազմե՛ք: Ձեր օրերը պետք է հագեցած լինեն բազմազանությամբ, և` ոչ միայն աշխատանքային: Արե՛ք ինչ ուզում եք` հետաքրքիր դարձնելու համար ձեր առօրյան` վերանորոգում կատարե՛ք, գնացե՛ք լողի, կենդանի պահե՛ք…արե՛ք ինչ ուզում եք, միայն թե ձեզ անգործության մի՛ մատնեք:
Փորձե՛ք նորը:
Դեպրեսիայի պատճառ հաճախ դառնում է միապաղաղությունը` տուն-աշխատանքի-տուն միօրինակ առօրյան:
Այդպես չի կարելի, ամեն օր ձեր օրը թարմացրե՛ք նոր բանով: Հագե՛ք ուրախ գույներով հագուստ, երբեմն ճոխ ճաշ պատվիրե՛ք, տուն գնացե՛ք ոչ թե տրանսպորտային միջոցներով, այլ ոտքով:
Եթե պետք է, դիմե՛ք անգամ ծայրահեղ քայլերի` փոխեք սանրվածքը, աշխատանքը, բնակության վայրը…
Եթե այդ ամենը ձեզ մոտ ստացվում է, դուք արագ կհաղթահարեք դեպրեսիան` դուրս գալով այդ վիճակից ավելի ուժեղ ու վստահ անձ դարձած:
Ամենակարևորը, մի՛ հանգստացրեք ձեզ ալկոհոլով կամ նիկոտինով, փոխարենը խմեք թեյ, այն ձեզ հաստատ կհանգստացնի: