Հայկական դրամի արժևորումը պայմանավորված է առաջարկ-պահանջարկ տիրույթում տեղի ունեցող զարգացումներով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ապրիլի 30-ի ասուլիսում իրավիճակն այդպես մեկնաբանեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:
«Առաջարկը գերազանցում է պահանջարկը, ինչի արդյունքում դրամի փոխարժեքը վերջին ամսվա ընթացքում ոչ շատ մեծ չափով նվազել է: Այս պահի դրությամբ մեկ ԱՄՆ դոլարի նոմինալ փոխարժեքը 390 դրամի սահմանում է: Մինչ այդ՝ 400 դրամի սահմանում էր: Այսինքն, ԱՄՆ դոլարը մոտավորապես 2.5 տոկոսով արժեզրկվել է հայկական դրամի նկատմամբ: Դա հիմնականում պայմանավորված է ներհոսքի աճով: Գիտեք, որ ունենք բավականին մեծ առևտրային հոսքեր, տուրիստական հոսքեր, կապիտալի ներհոսք. այդ ամենը կարող է ազդել: Դժվար է ասել՝ կոնկրետ որ գործոնի ազդեցության ներքո է դա տեղի ունենում, բայց այն, ինչ տեսնում ենք՝ շուկայում պահանջարկի ավելի թույլ լինելն է առաջարկի նկատմամբ: Կենտրոնական բանկը հետևում է այդ զարգացումներին: Այդ առումով մեր գլխավոր նպատակն է շուկայում թույլ չտալ մի իրավիճակ, որ գնանշումներ և բնականոն ընթացք չլինի: Քանի որ ազատ լողացող փոխարժեք է, միջամտում ենք այն պարագայում, երբ տեսնում ենք, որ շուկայի ֆունկցիան խախտվում է»,- նշեց Մարտին Գալստյանը:
Տարեսկզբին դոլարի միջին փոխարժեքը 405.28 դրամ էր: Մարտի 4-ից դրամը սկսել է սահուն արժևորվել, և ԿԲ այսօրվա պաշտոնական տվյալներով՝ դոլարի փոխարժեքը 388 դրամ է: