Չնայած Հանրապետական կուսակցության գործադրած բոլոր ջանքերին, նոյեմբերի 14-ին Իջեւանում կայացած քաղաքապետի ընտրություններում հաղթեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուն: Ընդամենը մի քանի ամիս առաջ հանրապետականացած կամ հանրապետականացված նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը, որն արդեն 12 տարի շարունակ այդ պաշտոնին էր, պարտվեց Իջեւան քաղաքի նախկին ավագանու անդամ Վարդան Ղալումյանին:
Անշուշտ, ՀՀԿ-ի այս պարտությանը կարելի էր եւ այդքան էլ մեծ նշանակություն չտալ, սակայն մի քանի ամսից կայանալիք համապետական ընտրություններից առաջ ՏԻՄ ղեկավարի այս ընտրություններն ուժերի ու կարողությունների մինի փորձարկում էր, որի արդյունքներից պետք է համապատասխան եզրակացություններ անեն թե՛ հաղթող, թե՛ պարտվող կողմերը: Մեր ունեցած տեղեկություններով՝ ՀՀԿ ղեկավարությունը երեկ լրջորեն քննարկել է այս պարտության պատճառները: Թե ինչ եզրահանգման են եկել ՀՀԿ-ում, մեզ հայտնի չէ, սակայն մեր կողմից կարող ենք նշել, որ կոնկրետ Իջեւանում կայացած քաղաքապետի ընտրություններում Հանրապետականը պարտվեց նաեւ այն պատճառով, որ իջեւանցիներն, ի վերջո, հոգնել էին իրենց երբեմնի հրաշք քաղաքը պաշտոնավարման 12 տարիների ընթացքում ներկայիս տխուր վիճակին հասցրած քաղաքապետից: Ուստի այս անգամ իրենց ձայնը տալիս առաջնորդվեցին ոչ միայն ապագա քաղաքապետի կուսակցական պատկանելությամբ: Կարծում ենք՝ այս ընտրությունների արդյունքը բավական ցցուն կերպով ցույց տվեց, որ ՀՀԿ-ն ուզած-չուզած պետք է իրագործի իր հռչակած կադրերի երիտասարդացման ու թարմացման քաղաքականությունը, այլապես ԲՀԿ-ի նման ուժեղ հակառակորդի առկայության պայմաններում, չի բացառվում, որ լուրջ կորուստներ ունենա նաեւ խորհրդարանական ընտրություններում: Ի դեպ, արժե նշել, որ հաղթած թեկնածուն լուրջ անձնական կարողություն ու ֆինանսական ռեսուրսներ չուներ, մինչդեռ նրա հակառակորդը քաղաքապետության երկարատեւ տարիների ընթացքում հասցրել էր բավականին ունեցվածք դիզել:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը, ինչպես նաեւ ՀՀԿ շտաբի պետի ապագա տեղակալ Միքայել Մինասյանն արդեն իսկ հայտարարել են, որ իրենց առջեւ խնդիր են դրել անցկացնել ՀՀ քսանամյա պատմության ընթացքում ամենաթափանցիկ ընտրությունները. «Այս ընտրությունները որակական հեղափոխություն են լինելու մեր երկրի ու բոլորիս համար»,-նախագահի նպատակադրվածությունը փոխանցել էր Մինասյանը: Սակայն հետաքրքիր է, թե ՀՀԿ-ն ինչպես է պատրաստվում դա անել որակապես հնացած, մաշված ու հեղինակազրկված կադրերով: Ովքեր են ՀՀԿ-ի որակական հեղափոխություն իրականացնողները` «խոտանված» Տիգրան Սարգսյա՞նը, թե՞ խնդիրներն, անգամ կանանց հետ բացառապես բռունցքներով լուծող Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը: Այնպես որ, ընտրություններում որակական հեղափոխություն անելու համար ՀՀԿ-ն նախ պետք է այդ հեղափոխությունն անի սեփական շարքերում: Եվ ոչ թե հանուն PR-ի, այլ` ըստ էության:
ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ