Կրակոցներ՝ Վարդենիսի Ծովակ գյուղում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 21-ին Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղում կրակոցներ են հնչել: Armlur.am -ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Ծովակի անտառապետ Մխիթար Հարությունյանը վիճաբանել է Ծովակ համայնքի ղեկավարի հորեղբոր որդու հետ:

Պատճառը, Armlur.am-ի տեղեկություններով, եղել է այն, որ գյուղապետի ազգականը սեփական տրակտոր ունի և գյուղում ծառայություններ է մատուցում դրանով. ավազի հանքից ավազ է հանում, խոտ ու գյուղմթերք տեղափոխում: Քանի որ ավազի հանքը գտնվում է անտառապետ Մխիթար Հարությունյանի տնօրինության տակ և ինքն էլ իր տրակտորներն ունի, ուստի՝ փորձել է իր հեռավոր բարեկամին ճնշել, որպեսզի միայն իր տրակտորները գյուղում ծառայություն մատուցեն:

Մ. Հարությունյանի քայլերին դիմադրելու համար, գյուղապետի ազգականը տրակտորի «կովշով» հարվածել է Հարությունյանի եղբորը: Վերջինս էլ բարկացել ու AK 47 տեսակի զենքով կրակել տրակտորի վրա: Գյուղապետ Գարիկ Հակոբյանի ազգականը փախել է: Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:

Հավելենք, որ Մխիթար Հարությունյանն էլ իր իր հերթին Ծովակ համայնքի ղեկավարի հորեղբոր որդին է: Ասել է թե՝ մի տրակտորի համար բարեկամներով իրար դեմ են դուրս եկել: Կատարվածի առնչությամբ armlur.am -ը փորձեց պարզաբանումներ ստանալ Ծովակ համայնքի ղեկավար Գարիկ Հակոբյանից:

Նա հայտնեց, որ գյուղում բոլորն իր ազգականներն են, և դեռ չգիտի` իր որ բարեկամների մասին է խոսքը: «Ինձ բաժնում դեռ ոչ մի բան չեն ասում: Էս գյուղում ախր բոլորն իմ ազգականն են: Ես դեռ չգիտեմ` ով ում բարեկամն ա, ինչ հարց ու հաշիվ ա էղել: Դեռ նորից պիտի գնամ բաժին, որ ճշտեմ: Էնտեղ իրոք կրակոցներ հնչել են, բայց թե ով ում, դեռ չգիտեմ»,- պարզաբանեց Գ. Հակոբյանը:

ՀՀ ոստիկանության՝ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաստատեցին armlur.am-ի տեղեկությունը՝ հավելելով, որ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34, 104 և 235 հոդվածների հատկանիշներով:

Անտառապետ Հարությունյանը ձերբակալված է:




Լրահոս