ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Առաջիկայում կլրանա 1 տոննա կոկաինի քրեական գործով քննության 1 տարին․ ինչին են սպասում իրավապահները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 17-ին կլրանա 1 տոննա կոկաինի քրեական գործով քննության 1 տարին, ու մինչ օրս շատ հարցեր մնում են անպատասխան: Փաստ է մեկ բան, որ քրեական գործով անցնողները արդեն մեկ տարի է՝ տնային կալանքի տակ են, ու իրավապաները սպասում են Իտալիայից եւ Էկվադորից իրավական օգնության պահանջներին կատարման արդյունքներին:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ առեղծվածային պայմաններում Հայաստանում հայտնված 1 տոննա կոկաինի գործով ԱԱԾ-ի կողմից մի շարք եվրոպական երկրներ նամակներ էին ուղարկվել, եւ կոնկրետ հարցադրումներ արվել: Հիմա սպասում են կոնկրետ պատասխանների։

ArmLur.am-ին հատկապես հայտնի էր, թե ԱԱԾ-ն կոնկրետ որ երկրների իրավապահներին է դիմում ուղարկել։ Կոնկրետ հարցեր են ուղարկվել Պանամայի Հանրապետության, Իտալիայի Հանրապետության եւ Վրաստանի Հանրապետության իրավապահներին։ Իսկ ինչո՞ւ կոնկրետ այս երկրների իրավապահներին:

Բանն այն է, որ թմրամիջոցը Հայաստան էր ներմուծվել Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի Հանրապետության, Իտալիայի Հանրապետության եւ Վրաստանի տարածքով։

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հայտնել էր «Մրգենի» ՍՊ ընկերության փաստացի սեփականատիրոջ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի, նույն ընկերության տնօրեն Լ.Ա-ի եւ պահեստապետ Ս.Գ-ի նկատմամբ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց, մասնավորապես՝ 1 տոննա Կոկաին ապօրինի իրացնելու եւ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին: Վերջիններիս նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է կալանքը, նախկին պատգամավորի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Հավելենք, որ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով, «Մրգենի» ՍՊԸ-ն հիմնադրվել է թավշյա հեղափոխությունից հետո՝ 2018 թվականի հուլիսի 27-ին։ Ընկերության տնօրենը Ռուսաստանի քաղաքացի Լեւոն Աթաջանյանն է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան

 




Լրահոս