Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, այլ հարց է, երբ մենք ասում ենք, որ պետք է վերարտադրել սահմանը, այսինքն, գնալ և գետնի վրա տեղորոշել այդ սահմանը՝ արդեն ձևավորված սկզբունքների հիման վրա։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեր երկրի անվտանգության ապահովման և մեր երկրի շահերից է բխում, որ մենք ի վերջո որդեգրենք մեր տարածաշրջանում առանց արտաքին օգնության և հովանավորության ապրելու բանաձևը»,-ասել է նա։
Խոսելով այն մասին, թե ինչ է տեղի ունենալու առաջիկա օրերին Կիրանցում, նա նշել է, որ Կիրանցի բնակիչների շահը կառավարության ուշադրության կենտրոնում է:
«Ամեն ինչ անելու ենք, որ նրանցից յուրաքանչյուրի իրավունքները, արժանապատվությունը և անվտանգությունը պաշտպանենք»,-ասել է Փաշինյանը։
Հարցազրույցը կհեռարձակվի այսօր՝ ժամը 22։10-ին։