Կար տարբերակ 44-օրյա պատերազմը կանխելու․ Նիկոլ Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ես ամենևին չեմ մոռացել այն քննադատությունները, որ 2020թ. 44-օրյա պատերազմից հետո հնչում էին: Այս մասին այսօր Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կա՞ր արդյոք տարբերակ պատերազմը կանխելու: Ես ասում էի՝ այո՛, կար տարբերակ պատերազմը կանխելու, դրա համար մենք պետք է համաձայնեինք՝ հայկական կողմը, վերադարձնել Ադրբեջանի 7 շրջանները, համաձայնել Լեռնային Ղարաբաղի ընթացիկ կարգավիճակի լուծարմանը, համաձայնել, որ Լեռնային Ղարաբաղը հայ-ադրբեջանական բնակչություն ունեցող միավոր է, համաձայնել, որ Լեռնային Ղարաբաղը հայ-ադրբեջանական կառավարման ներքո է, այսինքն՝ իշխանության մեջ են ոչ միայն հայեր, այլև ադրբեջանցիներ, և նրանք համատեղ են կառավարում՝ խորհրդարանական մակարդակից սկսած, եթե իհարկե համաձայնություն լիներ Խորհրդարանի գոյության մասին և այլն, և այդպես շարունակ:

Եվ այն ժամանակ մարդիկ ասում էին, գիտեք ի՞նչ, մենք այդքան տեղեկատվություն չունեինք, Դուք ունեիք այդ տեղեկատվությունը, Դուք կայացնեիք տեղեկատվությունից բխող որոշումներ, որովհետև դա Ձեր աշխատանքն էր, դա Ձեր պատասխանատվությունն էր այդ ամեն ինչը: Իհարկե, ես դրան փաստարկ, հակափաստարկ, ինչ ունեմ ներկայացրել եմ, այդ թվում՝ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում, բայց այդ բոլոր ուղերձները, որոնք, այդ թվում՝ ընդդիմության ուղերձն էին, որոնք, այդ թվում՝ հանրության ուղերձներն էին, այդ բոլոր ուղերձները ես ի գիտություն եմ ընդունել, և հիմա իմ ունեցած ամբողջական տեղեկատվության հիման վրա, որոնք, ընդ որում՝ ուզում եմ ասել, այդ տեղեկատվության մեջ շատ գերգաղտնի բաներ չկան, որովհետև ժամանակակից աշխարհում տեղեկությունները բաց են, այլ բան, թե ինչ հերթականությամբ և ինչ պատկերով են այդ տեղեկությունները դասավորվում այն պաշտոնյայի սեղանին, ով այդ ամեն ինչի հետ ամենօրյա ռեժիմով աշխատում է:

Եվ մենք կայացնում ենք այս որոշումները: Բայց ես ուզում եմ նաև հետևյալն ասել, իմ համոզմունքն արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և անկախության զարգացման մի շատ կարևոր անկյունաքար է դրվում, և կարծում եմ՝ սա շատ կարևոր պրոցես է, շատ կարևոր իրադարձություն է: Ես չեմ ուզում բարձրագոչ բաներ ասել, բայց սա անկյունաքար է Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը, անվտանգությանը և հետագա զարգացմանը, ընդ որում՝ մեր պետության երկարաժամկետ գոյության համար:

Դուք հիշո՞ւմ եք, ես մի քանի անգամ՝ 2020, 2021, 2022 թվականներին ասել եմ, որ առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն, և եթե մենք առաջիկա տարիներին կարողանանք պահպանել մեր պետականությունը, ինքնիշխանությունը, անկախությունը՝ կկարողանանք երաշխավորել, որ առաջիկա տասնամյակներում Հայաստանի Հանրապետություն, անկախ պետությունը գոյություն կունենա: Հենց հիմա ձեր աչքի առաջ դա է տեղի ունենում։ Ու ես սա նկատի ունեմ, որ ասում եմ, ես հույս ունեմ` Դուք նաև այսպես ասած տեղային նշանակության հարցերի էլ կանդրադառնաք, բայց գլոբալ առումով շատ կարևոր է հասկանալ այն գործընթացը, որը տեղի է ունենում։ Էլի եմ ասում` նախկինում մեր հասցեին հնչած քննադատությունների արձագանք է նաև այս ողջ գործընթացը, որը տեղի է ունենում»,-ասել է Փաշինյանը։




Լրահոս