Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի բողոքը: Դատախազը բողոքարկել էր առաջին ատյանի դատարանի՝ բռնաբարության մեջ մեղադրվող երկու երիտասարդների գործով կայացված վճիռը:
Երկու երիտասարդներ մեղադրվում էին անչափահաս աղջկա հետ դանակի գործադրմամբ սեռական հարաբերություն ունենալու մեջ: 26 և 29 տարեկան երիտասարդներին նախաքննության ընթացքում մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ Հաղարծին գյուղի այգում մեկն՝ «Ուազ», մյուսը՝ «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայում իրենց համագյուղացի անչափահաս աղջկա կամքին հակառակ, դանակի միջոցով նրա նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով՝ սեռական հարաբերություն են ունեցել նրա հետ: Առաջին ատյանի դատարանը հաստատված է համարել, որ գործով ամբաստանյալներից մեկը համացանցի միջոցով ծանոթացել է գործով տուժող ճանաչված աղջկան: Որոշ ժամանակ անց նրանք որոշել են հանդիպել, սկսել են հաճախակի հանդիպել, շփվել հեռախոսով և մտերմացել են: Այնուհետև որոշել են ամուսնանալ, երբ աղջիկն ավարտի դպրոցը: Այդ ընթացքում Ռուսաստանի Դաշնությունից Հաղարծին է վերադարձել երիտասարդի ընկերը` գործով մյուս ամբաստանյալը, որի հետ երիտասարդը ծանոթացրել է ընկերուհուն, սակայն նրանց միջև որևէ հարաբերություն չի եղել: Առաջին ատյանի դատարանն ապացուցված է համարել, որ հանդիպումներից մեկի ընթացքում երիտասարդներն ունեցել են սեռական հարաբերություն, որից հետո նրանց մտերմությունը որոշ չափով սառել է: Վախենալով, որ տղան իր հետ ամուսնանալու մտադրությունը փոխել է, աղջիկն իր ընտանիքի անդամներին հայտնել է, թե իբր տղան, ապա՝ նրա ընկերը, դանակի սպառնալիքով տարբեր ավտոմեքենաներում բռնաբարել են իրեն: Աղջկա և տղայի ծնողները հանդիպել են իրար՝ իրենց երեխաների հետագա համատեղ կյանքի մասին պայմանավորվելու, սակայն համաձայնության չեն եկել և աղջիկը ծնողների հետ որոշել է, որ պետք է հանցագործության մասին հաղորդում տալ: Առաջին ատյանի դատարանի վճռում նշված է, որ դատարանում մեղադրողը հրաժարվել է մեղադրանքից, և դատարանը հանցագործության դեպքի բացակայության պատճառով դադարեցրել է քրեական հետապնդումը երկու երիտասարդների նկատմամբ: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը դատարանի որոշումը բողոքարկել է քրեական վերաքննիչ դատարան: Իր բողոքում դատախազը նշել է, որ եթե դատախազը հրաժարվում է մեղադրանքից, ապա դատարանը չի կարող դատավճիռ կայացնելու ընթացակարգը շարունակել, ուստի այդ փուլում էլ պարտավոր է դադարեցնել իր գործողությունները, այսինքն` կարճել գործի վարույթը և դադարեցնել քրեական հետապնդումը: Ըստ նրա՝ սույն գործով դատարանն անտեսելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված սկզբունքները` դատախազի կողմից մեղադրանքից հրաժարվելու դեպքում շարունակել է գործի քննությունը և այդ պայմաններում կայացրել է դատավճիռ, ինչը հանգեցրել է քրեական դատավարության սկզբունքների խախտման: Դատարանը դատավճիռ կայացնելու իրավունք չուներ, ուստի սույն գործով կայացված դատավճիռը ենթակա է բեկանման: Դատախազը միջնորդել է բեկանել ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռը և կայացնել քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում: Վերաքննիչ քրեական դատարանն օրինական ուժի մեջ է թողել առաջին ատյանի դատարանի վճիռը: