ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարություն է հրապարակել, որում Միացյալ Նահանգները դատապարտում է «Կրեմլից ներշնչված և Վրաստանի խորհրդարան ներկայացված «օտարերկրյա ազդեցության» մասին օրենքը, ինչպես նաև դրա պաշտպանության համար Վրաստանի կառավարական պաշտոնյաների արած կեղծ հայտարարությունները»:
«Իշխող կուսակցության անդամները հստակ հասկացրել են, որ օրենքի նպատակն է լռեցնել քննադատությունները և ոչնչացնել Վրաստանի ակտիվ քաղաքացիական հասարակությունը, որը ցանկացած ժողովրդավարական երկրում կառավարությանը զսպող գործոն է»,- ասել է խոսնակը և ընդգծել, որ այդ օրենքն ու «Վրացական երազանքի» հակաարևմտյան հռետորաբանությունը Վրաստանին դնում են վտանգավոր հետագծի վրա։
Ըստ ԱՄՆ պետքարտուղարության՝ Վրաստանի կառավարության հայտարարություններն ու գործողություններն անհամատեղելի են ժողովրդավարական արժեքների հետ, որոնք ընկած են ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցության հիմքում, և այդպիսով վտանգում են Վրաստանի եվրատլանտյան ինտեգրման ուղին:
«Մեկնաբանությունները, որոնք սխալ են բնութագրում այն արտաքին օգնությունը, որը մենք տրամադրել ենք Վրաստանին 32 տարի՝ ամրապնդելու այդ երկրի տնտեսությունը, ժողովրդավարությունը և ռուսական ագրեսիան զսպելու կարողությունը, հիմնովին խաթարում են Վրաստանի կառավարության և ժողովրդի հետ մեր հաստատած ամուր հարաբերությունները»,- հայտարարել է Միլլերը:
Նա վստահեցրել է, որ ԱՄՆ-ն աջակցում է վրաց ժողովրդին և իր ձայնը լսելի լինելու նրա իրավունքին։ «Մենք դատապարտում ենք խաղաղ ցույցերի, այդ թվում՝ ցույցերը լուսաբանող լրագրողների նկատմամբ բռնության կիրառումը։ Խաղաղ հավաքները և խոսքի ազատությունը ճնշելու համար ուժի կիրառումն անընդունելի է, և մենք կոչ ենք անում իշխանություններին թույլ տալ խաղաղ ցուցարարներին շարունակել օգտվել ազատ արտահայտվելու իրենց իրավունքից»,- ասված է հայտարարության մեջ: