Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանն արդեն 12-րդն օրն է՝ շարունակում է հացադուլ իրականացնել Զվարթնոց օդանավակայանի չեզոք գոտում։
Լեո Նիկոլյանին ապրիլի 22-ին Զվարթնոց օդանավակայանում թույլ չէին տվել մուտք գործել Հայաստան՝ պատճառաբանելով, թե նրա մուտքն արգելված է:
Նիկոլյանն առողջական մի շարք լուրջ խնդիրներ ունի, ինչի պատճառով շատ դժվարությամբ էր խոսում:
ArmLur.am-ի հետ զրույցում պատմեց, որ սրտի ու թոքի հետ կապված խնդիներ ունի:
Բժիշկները պարբերաբար մոտեցել, զննել են իրեն, բայց հիվանդանոց չեն տեղափոխել.
«Մինչ այսօր ինձ ստուգում էին, բայց կոնկրետ այսօր չեն էլ եկել բժիշկները:Վարչապետից, կառավարությունից հարցրեք՝ ինչո՞ւ չեն ինձ տեղափոխում հիվանդանոց, իրենք չեն ուզում»,-ասաց նա:
Լեո Նիկոլյանը պատմում է, որ մինչ օրս չի ստացել պարզաբանում՝ ինչ հիմքով է իր մուտքը Հայաստան արգելվել.
«Ես վստահ եմ, որ Ոսկեպարի հետ է կապված, քանի որ մոտ մեկ ամիս էնտեղ եմ մնացել՝ մինչ Փարիզ մեկնելս ու լուսաբանել եմ՝ ինչ իրավիճակ է այնտեղ»,-հավելեց նա:
Լեո Նիկոյանը նաեւ հայտարարեց, որ չի հեռանալու օդանավակայանից, շարունակելու է հացադուլը.
«Ես կամ կամ կմտնեմ Հայաստան, կամ էլ կմնամ օդանավակայանում»,-եզրափակեց նա:
Քրիստինա Մուշեղյան