ՊԱՏՄԱՎԵՊԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՆՎԻՐՅԱԼԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

136 տարի առաջ այս օրը մահացել է մեծանուն գրող Րաֆֆին, որի տեղծագործություններն առանձնանում են հուզական եւ գիտակցական աշխարհների բախմամբ։

Հայ գրող, հրապարակախոս եւ հասարակական գործիչ Հակոբ Մելիք-Հակոբյանը ծնվել էր 1835 թվականին Փայաջուկում՝ Իրանի Սալմաստ գավառում գտնվող հին հայկական գյուղում՝ հարուստ ազնվականի ընտանիքում։
13 զավակների հայրը՝ Մելիք Միրզան, հսկայական կալվածքներ ուներ, իսկ մելիքությունը նրանց ժառանգական իրավունքն էր, ու հենց նրանց էր վերապահված գյուղերի կառավարումը։
Թիֆլիսում ուսանելու տարիներին ապագա գրողը սկսում է տարվել Շիլլերի եւ Հյուգոյի ստեղծագործություններով։ Ուսումը չավարտած՝ վերադառնում է Փայաջուկ՝ կառավարելու ընտանեկան ժառանգությունը, սակայան ազգային գաղափարներով տարված երիտասարդը երկար չի կարողանում այդպես ապրել, եւ ճանապարհորդելով Պարսկաստանի եւ Թուրքիայի հայկական գավառներում՝ գրառում է ժողովրդի նիստուկացի, բնաշխարհագրական տեղայնության, պատմական հիշատակների վերաբերյալ իր հարուստ տպավորությունները։
1879 թվականին մշտական բնակություն է հաստատում Թիֆլիսում եւ զբաղվում միայն գրական աշխատանքով։ Աշխատակցում է Աբգար Հովհաննիսյանի «Արձագանք» թերթին եւ «Մշակ» լրագիրրին, որը սկսում է հրատարակվել 1872 թվականից՝ Գրիգոր Արծրունու խմբագրությամբ։
Գրողը մահանում է 1988 թվականին եւ թաղվում Թիֆլիսում՝ Խոջիվանքի հայկական գերեզմանոցում։ Նրա մահվանից հետո գրողին նվիրված մեկ այլ մեծանուն գրչի՝ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի խոսքերն են. «Ճապոնացիների մեջ մի գեղեցիկ սովորություն կա, որ դիմում են իրենց մեռած գործիչների հոգիներին, ինչպես կենդանի մարդկանց։ Հետեւելով էս գեղեցիկ սովորությանը՝ էսօր Հայոց Գրողների Ընկերության անունից ես դիմում եմ Րաֆֆու հոգուն։
Անմահ հոգի՛, որ հայի բազմադարյան տառապանքով ու նրա լավ ապագայի կարոտով լցված՝ քո տաղանդի կախարդական ուժով դուրս կանչեցիր անցյալի մութից ու ապագայի անհայտությունից հրապուրիչ պատկերներ ու հերոսական դեմքեր ու նրանցով վառեցիր, ոգեւորեցիր վհատներին, որ տկարներիս համարձակություն ներշնչեցիր ու ղրկեցիր հզորների դեմ նահատակության՝ արյունով լվանալու եւ սրբելու ստրկության արտասուքը, որ անհանգստություն տվիր հայ ժողովրդի հոգուն եւ ուղղեցիր նրան դեպի ազատագրության ճանապարհը, էսօր եկել ենք քո գերեզմանի վրա դնելու թարմ ծաղիկների հետ եւ մեր ցավերը, որ միշտ մնում են թարմ, եւ մեր զգացմունքները, որ համակված են քո շնչով ու հիշատակով։ Եկել ենք քո գերեզմանի վրա օրհնելու եւ փառաբանելու քո տված անհանգստությունը, էն ճանապարհը, որ ցույց տվիր, եւ էն նահատակների շարքերը, որ գնացին քո ցույց տված ճանապարհով։
Անհանգիստ հոգի՛, անշուշտ այժմ դու սավառնում ես էն դժբախտ աշխարհի երկնքում, որ քո մահից 25 տարի հետո՝ դարձյալ մի անգամ ավելի մեծ թափով ու սարսափով բարձրացել են հույզերն ու հույսերը, եւ թերեւս հեռու չի օրը, երբ մենք կկարողանանք կրկին գալ քո շիրմի վրա ու կանչել.- արդեն կատարված է քո իղձը, ո՛վ անհանգիստ հոգի, ընդմիշտ վերացած ու վերջացած են էնքան արյուններ, էնքան կոտորած, եւ «ամեն կողմից պանդուխտ հայազգիք դիմում են իրենց սիրուն հայրենիք…»: Արդեն կատարված է հայ ժողովրդի ազատագրության մեծ գործը, հանված է նա հին դժոխքից, ապահով է անվերջ կոտորածներից ու հանգիստ, անլուր հալածանքներից, դու էլ հանգստացիր քո հավիտենական կայանում, ո՛վ անհանգիստ հոգի»։
Գրող Րաֆֆին առանձնանում է իր կյանքում եւ ստեղծագործություններում առկա պայքարով, պայքար՝ ազգայինի համար, պայքար կանանց կրթության իրավունքի համար, պայքար ազատության համար։ Րաֆֆու ստեղծագործություններում հաճախ առկա է բախում գիտակցական եւ հուզական աշխարհների միջեւ։ Որպես ընթերցող՝ մենք հաճախ հերոսների արարքները հուզականորեն քննադատում, իսկ գիտակցական մակարդակում գնահատում ենք, համամիտ լինում նրանց «որոշումների» հետ։ Այդպես է հատկապես «Սամվել» վեպի վերջաբանի դեպքում…
ՀՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

ԴԻՄԱՔԱՆԴԱԿՆԵՐԻ ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
Այսօր՝ ապրիլի 26-ին` ժամը 19:00-ին, Two Arcs-ում տեղի կունենա քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի՝ Շառլ Ազնավուրին նվիրված դիմաքանդակների ինտերակտիվ ցուցահանդեսը։
Բացման օրը արվեստասերներին կներկայացվի նաեւ Մազմանյանի ստեղծագործական ուղուն նվիրված պատկերագիրքը։
Ցուցահանդեսն իրականացվում է Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում։
Միջոցառման հիմքում ընկած է Շառլ Ազնավուրին հարգանքի տուրք մատուցելու, մարդկանց տված իր հսկայական երաժշտական եւ հոգեւոր ժառանգությունը գնահատելու գաղափարը։

ԻԼՅԱ ՌԱՄԼԱՎԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Հայաստանում համերգով հանդես կգա վիրտուոզ դաշնակահար Իլյա Ռամլավը։ Դաշնամուրային մենահամերգը տեղի կունենա ապրիլ 30-ին՝ ժամը 19։00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում։
Ռամլավը հանրության ուշադրության առանցքում է հայտնվել 2018 թվականին կայացած հեղինակավոր համառուսական երաժշտական մրցույթում հաղթելուց հետո։ Այդ հաղթանակից հետո սկսվել է նրա երաժշտական ճանապարհորդությունը՝ ընդգրկելով ելույթներ Նյու Յորքում, Սան Պաոլոյում, Փարիզում եւ Բուենոս Այրեսում։
Իլյա Ռամլավը հաճախ հանդես է գալիս որպես մենակատար աշխարհի տարբեր երկրներում, ելույթներ է ունենում հյուրախաղերով։ Արգենտինայում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում կայացած միջազգային մրցույթների դափնեկիր է։ Ելույթ է ունեցել Շվեյցարիայի, Ռուսաստանի, Արգենտինայի, Ուրուգվայի եւ ԱՄՆ մի շարք հեղինակավոր նվագախմբերի հետ։
Նրա կատարումների տեսագրություններն ու ձայնագրությունները ներկայացվել են մի շարք հեռուստաալիքներով եւ ռադիոներով։

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՈՒՆԻ 7 ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում մեկնարկում են կիսաեզրափակիչները:
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող Եվրոպայի առաջնությունում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ:
50 կգ քաշային Անուշ Գրիգորյանի մրցակիցը իռլանդացի Սվինի Շանոն է:
70 կգ քաշում Անի Հովսեփյանը կմենամարտի ռուս Դարիմա Սանդակովայի հետ:
Տղամարդկանց պայքարում 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը կմրցի Սերբիայից Ռադե Յոկսիմովիչի հետ:
57 կգ Արթուր Բազեյանի հակառակորդը ռուս Էդուարդ Սավվինն է:
60 կգ Արթուր Սահակյանն էլ ուժերը կչափի բուլղար Ռադոսլավ Ռոսենովի հետ:
67 կգ քաշում Արարատ Հարությունյանը եզրափակիչ դուրս գալու համար կմրցի ռուս Տարխան Իգիդովի հետ:
Իսկ Նարեկ Մանասյանի մրցակիցը 92 կգ քաշում Ադրբեջանը ներկայացնող Լորեն Ալֆոնսոն է:

ՇԱԽՄԱՏ
Հունաստանի Հռոդոս կղզում ընթացող շախմատի կանանց Եվրոպայի 24-րդ առաջնության 5-րդ տուրում Լիլիթ Մկրտչյանը հաղթել է սերբուհի Տիյանա Մանդուրային, իսկ Մարիամ Մկրտչյանը՝ ֆրանսուհի Բեատրիս Բելյուրին։
Կանանց Հայաստանի հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը ոչ-ոքի է խաղացել իսրայելցի Նոգա Օրիանի հետ, իսկ Սուսաննա Գաբոյանը պարտվել է Պոլին Գիշարին (Ֆրանսիա)։
Լիլիթ Մկրտչյանը 3,5 միավորով բաժանում է 21-41-րդ, Մարիամ Մկրտչյանը 3 միավորով` 42-73-րդ, Էլինա Դանիելյանն ու Սուսաննա Գաբոյանը 2,5 միավորով` 74-111-րդ տեղերը։
Եվրոպայի առաջնությունն անցկացվում է շվեյցարական մրցակարգով՝ 10 խաղափուլով: Ընդհանուր մրցանակային հիմնադրամը 60.000 եվրո է: ԵԱ-ն նաեւ ընտրական փուլ է կանանց աշխարհի գավաթի խաղարկության համար: Մասնակցության իրավունք կստանա առնվազն 10 շախմատիստուհի:

ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ԵՆ
Իտալիայի Ռիմինի քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը դուրս եկավ հենացատկի եզրափակիչ։ Արթուր Դավթյանը վաստակեց 14.416 միավոր եւ գրավեց 5-րդ տեղը: Առաջին ցատկի գնահատականը 15.100 էր: Երկրորդ ցատկի ժամանակ ցատկի բարդությունը փոխվեց: Մրցավարները գնահատեցին 13.733 միավոր: Մինչ այս պահը Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը թիմակիցների հետ սպասում էր վերջնական արդյունքներին, քանի որ մտավախություն ուներ, թե եզրափակիչ դուրս չէր գա: Եվրոպայի առաջնության եզրափակիչ դուրս եկան նաեւ Գագիկ Խաչիկյանը եւ Արթուր Ավետիսյանը: Գագիկ Խաչիկյանը նժույգ թափեր վարժության որակավորման փուլում գրավեց 6-րդ տեղը՝ 14.600 միավոր, Արթուր Ավետիսյանը օղակների վարժության որակավորման 7-րդ տեղում է՝ 14.633 միավոր:




Լրահոս