ԲԵՆԻԿԻ ԴԵՄ ՎՃԻՌ ԿԱ ԿԱՅԱՑՎԱԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթն այս տարվա հոկտեմբերի 4-ին ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Ա. Հեֆերնին նամակ է գրել` խնդրելով միջնորդել` ստանալու ԱՄՆ պետական փաստաթուղթ, որը կօգնի դատարանում փաստացի հիմնավորել այն իրողությունը, որ «Ժողովուրդ» օրաթերթը չի զրպարտել ու չի վիրավորել ՀՀ-ում ֆիզիկական առողջության պաշտպանման կենտրոնի տնօրեն, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մտերիմ ընկեր Բենիկ Հարությունյանին:  
ԱՄՆ դեսպանին ուղղված նամակում գրված է. ««Ժողովուրդ» օրաթերթը սեպտեմբերի 9-ի համարում (N151) հրապարակել էր հոդված «Դոկտոր, պրոֆեսորի արկածները ոսկու հանքերում» վերտառությամբ, որտեղ ներկայացրել էր ԱՄՆ քաղաքացի Նունե Սերոբյանի եւ իր գործընկեր Արմեն Ասրյանի բողոքն ընդդեմ ՀՀ-ում ֆիզիկական առողջության պաշտպանման կենտրոնի տնօրեն, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մտերիմ ընկեր Բենիկ Հարությունյանի: Նյութում թեեւ հրապարակվել էին նաեւ Բենիկ Հարությունյանի եւ նրա փաստաբանի պարզաբանումները, սակայն նա «Ժողովուրդ» օրաթերթի դեմ դատական հայց է ներկայացրել զրպարտության եւ վիրավորանքի համար` պահանջելով 2,5 միլիոն դրամ:
Դեռեւս նյութի հրապարակումից առաջ «Ժողովուրդ»-ը տեղեկացել էր, որ Նունե Սերոբյանն ու Արմեն Ասրյանն ԱՄՆ-ում հայցով դիմել են դատարան: Ավելին, տեղեկություններ կան, որ Բենիկ Հարությունյանի դեմ ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի դատավոր Դեյվիդ Ս. Միլտոնի կողմից 2010-ի հունիսի 21-ին կա կայացված վճիռ, որով դատարանն ապացուցված է համարել հայցվորների ներկայացրած բողոքը եւ բավարարել է հայցը: Այսինքն` դատարանը հաստատել է, որ Բենիկ Հարությունյանն իսկապես գումար է վերցրել ԱՄՆ քաղաքացիներից եւ չի վերադարձնում: Ավելին, դատավորը որոշել է Բենիկ Հարությունյանից գանձել մինչեւ 200 հազար ԱՄՆ դոլարին հասնող գումար: Դրան գումարած տուգանքներն ամեն ամսվա համար 94,122 դոլար` դրանք հաշվարկելով 2003 թվականից: Վերջնական հաշվով որոշվել է Հարությունյանից գանձել 294 հազար 572 դոլար գումար:
Եւ քանի որ Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի նշված թեմայով հրապարակումը համարում է զրպարտություն եւ վիրավորանք, խնդրում ենք միջնորդել, որպեսզի «Ժողովուրդ»-ը կարողանա պաշտոնապես ստանալ ԱՄՆ-ում կայացրած դատավճռի պատճենը` դատարանում իր իրավունքները պաշտպանելու համար»:




Լրահոս