Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ Երեւանում եւ Դիլիջանում ապրիլի 29-ից մայիսի 16-ը կանցկացվի «Խաչմերուկներ. ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» 7-րդ միջազգային փառատոնը՝ «Հայկական խճանկար» խորագրով:
Ինչպես տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը իր տարածած հաղորդագրությունում, փառատոնի նպատակն է ապահովել համաշխարհային ժամանակակից երաժշտության տարածումը եւ զարգացումը Հայաստանում՝ ծրագրում ներառելով մի շարք նոր ստեղծագործությունների հայաստանյան պրեմիերաներ։
Համերգները կանցկացվեն «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, Կամերային երաժշտության ազգային կենտրոնում, ՀԲԸՄ դահլիճում, Դիլիջանի միջազգային դպրոցում եւ The Office-ում։
Այս տարի ելույթ կունենան Անդրիուս Հարությունյանը, Գաշիա Ուզունյանը, Հայկ Մելիքյանը, «Ասոնանս» եւ Երեւանի պետական կոնսերվատորիայի Բումերանգ անսամբլները եւ «Երեւան» լարային քառյակը։
Ապրիլի 29-ին տեղի կունենա բացման համերգը «Առնո Բաբաջանյան» համերգասրահում։ «Ասոնանս» անսամբլը կներկայացնի Արամ Հովհաննիսյանի, Ալիսիա Թերզյանի, Արթուր Ահարոնյանի, Արսեն Բաբաջանյանի, Ֆրանկ Քրիստոֆ Եզնիկյանի, Ստեփան Ռոստոմյանի ստեղծագործություններից։
Մայիսի 2-ին ՀԲԸՄ դահլիճում Երեւանի պետական կոնսերվատորիայի «Բումերանգ» անսամբլը կներկայացնի Միքայել Մելիք-Վարդանյանի, Լեւոն Պողոսյանի, Վահրամ Բաբայանի, Նարինե Մխիթարյանի, Ռալֆ Քյոշքերյանի, Արամ Սաթյանի, Գոռ Իսպիրյանի, Վաչե Շարաֆյանի գործերից։
Մայիսի 4-ին Դիլիջանի միջազգային դպրոցում (UWC Dilijan) Երեւանի պետական կոնսերվատորիայի «Բումերանգ» անսամբլը կկատարի Միքայել Մելիք-Վարդանյանի, Ռալֆ Քյոշքերյանի, Գոռ Իսպիրյանի, Լեւոն Պողոսյանի եւ Նարինե Մխիթարյանի գործերից։
Մայիսի 7-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը կներկայացնի հեղինակային, ինչպես նաեւ Ալան Հովհաննեսի, Գեղունի Չթչյանի, Տիգրան Մանսուրյանի, Մարտուն Իսրայելյանի, Վարդան Աճեմյանի, Արթուր Ավանեսովի, Ռուբեն Անտոնյանի, Էլեն Յոլչյանի ստեղծագործություններից։
Մայիսի 11-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում «Երեւան» լարային քառյակը կկատարի Սուրեն Զաքարյանի, Աննա Հակոբջանյանի, Արփինե Կալինինայի, Միխայիլ Կոկժաեւի գործերից։
Մայիսի 14-ին փառատոնային կրթական ծրագրերի շրջանակում երաժշտագետ, ձայնային տեսաբան Գաշիա Ուզունյանն Ակուստիկ լաբորատորիայում վարպետության դաս կանցկացնի կոնսերվատորիայի ուսանողների համար։
Մայիսի 16-ին The Office-ում կայանալիք համերգում կմիավորվեն էլեկտրոնային եւ դասական երաժշտությունը՝ Անդրիուս Հարությունյանի ղեկավարությամբ։ Կհնչեն Սերգեյ Ումրոյանի եւ Անդրիուս Հարությունյանի ստեղծագործություններից:
Փառատոնի ծրագիրն ամեն տարի հնարավորություն է ստեղծում հայ երաժշտասեր հասարակության համար մշտապես տեղեկացված լինելու արդի ժամանակակից դասական երաժշտության զարգացումներին եւ միտումներին, ինչպես նաեւ նպաստում է նոր ստեղծագործությունների ստեղծմանը։
ԿՊԱՇՏՊԱՆԵՆ ԱԲ-Ի ՄԻՋՈՑՈՎ
Սան Պաուլոյի համալսարանի բրազիլացի գիտնականները մշակել են արհեստական ինտելեկտի (AI) գործիք՝ ճանապարհների վրա վայրի կենդանիներին հայտնաբերելու եւ նրանց հետ կապված վթարների թիվը նվազեցնելու համար: Հետազոտությունը հրապարակվել է Scientific Reposts (SciRep) գիտական ամսագրում։
Բրազիլիան աշխարհում ամենահարուստ կենսաբանական բազմազանությունն ունի։ Երկրում մեքենաների պատճառով ամեն վայրկյան սպանվում է մոտ 16 վայրի կենդանի, իսկ մեքենաների զոհ դարձող ողնաշարավորների թիվը ամեն տարի մոտենում է 475 միլիոնի:
Հետազոտողները ստեղծել են տվյալների բազա՝ հինգ տեսակի կենդանիների հազարավոր պատկերներով, որոնց պարբերաբար հարվածում են մեքենաները:
Մասնագետները արհեստական ինտելեկտին վարժեցրել են ներկայացված կենդանիներին իրական ժամանակում ճանաչելու համար։ Այնուհետեւ նրանք փորձարկել են համակարգը՝ ապացուցելու դրա արդյունավետությունը:
Թիմը հույս ունի դիմել տեխնոլոգիական ընկերությունների օգնությանը՝ իր նեյրոնային ցանցը Բրազիլիայի ճանապարհային հսկողության համակարգերում ներդնելու համար: Եթե դա հնարավոր լինի անել, ապա արհեստական ինտելեկտը կկարողանա վարորդներին զգուշացնել ճանապարհին վայրի կենդանու հայտնվելու մասին՝ ծանուցումներ ուղարկելով նավիգացիոն ծրագրին։ Գործիքը կարող է նաեւ պաշտպանել մարդկանց խոշոր գիշատիչների հետ հանդիպումից:
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ՝ ԲՈՒՀ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՒՄ
Կառավարության որոշմամբ, փոփոխություն է կատարվել բուհերի ընդունելության կարգում` պայմանավորված հանրակրթության նոր չափորոշչի ներդրմամբ: Բուհերի ընդունելության նոր կարգով սահմանված հնարավորությունն այս տարի կամավոր ընտրության հիմունքով կփորձարկվի Տավուշի մարզի շրջանավարտների համար, որոնք նոր չափորոշչով առաջինն են ավարտելու դպրոցը: Հետագայում, տվյալների ամփոփումից եւ վերլուծությունից հետո, նոր համակարգը կներդրվի բոլոր դպրոցների համար:
Ինչպես հայտնի է, Տավուշի մարզում 2021/22 ուսումնական տարվանից փորձարկվում է հանրակրթության պետական նոր չափորոշիչը, եւ այս ուսումնական տարում արդեն կլինեն նոր չափորոշչով իրենց ուսումնառությունն ավարտող առաջին շրջանավարտները:
«Ընդունելության կարգում իրականացվող փոփոխությունները մեր առաջին շրջանավարտներին թույլ կտան բուհ դիմել ընդունելության նոր համակարգով: Մասնավորապես՝ Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների շրջանավարտների համար կսահմանվեն բուհերի ընդունելության նոր հնարավորություններ. սա հանդիսանում է նաեւ կրթության ոլորտում բարեփոխումների կարեւոր բաղադրիչ, որի համաձայն՝ նոր կրթական չափորոշիչներով ուսումնառության ավարտին դպրոցի ավարտական քննությունները կհանդիսանան նաեւ բուհի ընդունելության քննություն»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
ՀՈՒՇԱԳԻՐ՝ ԱԿԱԴԵՄԻԱՆԵՐԻ ՄԻՋԵՎ
Հունաստանի մայրաքաղաք Աթենքում ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը եւ Աթենքի Ակադեմիայի նախագահ, պրոֆեսոր Ստամատիոս Կրիմիզիսը ստորագրեցին համագործակցության հուշագիր։ Հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությանը ներկա էին Հունաստանի նախկին նախագահ, Աթենքի Ակադեմիայի անդամ, պրոֆեսոր Պրոկոպիոս Պավլոպուլոսը, Հունաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը, Աթենքի Ակադեմիայի նախկին նախագահ Միխաիլ Ստաթոպուլոսը եւ Աթենքի Ակադեմիայի գլխավոր քարտուղար Խրիստոս Զերեֆոսը։ Համագործակցության շրջանակում նախատեսվում է իրականացնել համատեղ գիտահետազոտական ծրագրեր, կազմակերպել գիտաժողովներ, կոնգրեսներ, աշխատաժողովներ, ամառային դպրոցներ, նաեւ համատեղ իրականացնել գիտնականների փոխանակման ծրագրեր եւ գիտական նյութերի հրապարակումներ։ Նախատեսվում է նաեւ համատեղ միջոցառումների իրականացում՝ ուղղված գիտության դերի մասին հասարակական կարծիքի ամրապնդմանը։ Համագործակցությունը կներառի մի շարք ոլորտներ՝ մաթեմատիկա, ինֆորմատիկա եւ ճարտարագիտություն, մեխանիկա, նոր նյութեր եւ առաջադեմ տեխնոլոգիաներ, կյանքի որակ, կենսաբժշկություն եւ կենսատեխնոլոգիա, կենսաբազմազանություն, կենսառեսուրսներ եւ էկոլոգիա, կլիմայի փոփոխություն, բնական եւ տեխնածին աղետներ, աստղագիտություն, տիեզերական հետազոտություն եւ տեխնոլոգիա, պատմամշակութային ժառանգություն եւ ազգային ինքնություն, մարդ եւ հասարակություն։
ՄՈՍԿՈՎՅԱՆ ԴՊՐՈՑԸ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի (ՄԽԱՏ) դպրոց-ստուդիան, որի ղեկավարը մանկավարժ, ռեժիսոր Վիկտոր Ռիժակովն է, մայիսի 7-ին հանդես կգա Երեւանում: Դպրոց-ստուդիան Երեւանի Հովհ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի բեմում կներկայացնի «Բի-Դուբի-Բուի գաղտնիքը» մանկական երաժշտական ներկայացումը (բեմադրությունը՝ Տատյանա Բուրելի): «Բի-Դուբի-Բուի գաղտնիքը» զարմանահրաշ ճամփորդություն է դեպի կախարդական աշխարհ։ Ներկայացման հերոսները ոչ միայն հրաշալի երգում ու պարում են, այլեւ տարբեր երաժշտական գործիքներ են նվագում։ «Բի-Դուբի-Բուի գաղտնիքը» պարզապես ներկայացում չէ, այն իսկական հոգեբանական եւ թերապեւտիկ հեքիաթ է, որը թեԲ մեծերին, թեԲ փոքրերին անմոռանալի պահեր կպարգեւի: Վիկտոր Ռիժակովի արվեստանոցը բազմաթիվ նախագծերում եւ փառատոններում գրավել է հանդիսատեսի սրտերը։ Նրանց աշխատանքներն արժանացել են հանրության եւ մասնագետների ուշադրությանը: Դպրոց-ստուդիան Երեւանում հանդես կգա «Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնի նախաձեռնությամբ: