«ԸՆԴԴԻՄԱԴԻՐ՝ ՎԵՐՋԻՆ ՊԱՇՏՈՆՅԱՆ ԷՐ». ԱՄՆ ՊԵՏԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ Պետդեպարտամենտի տարեկան՝ 2023 թվականի զեկույցում ՀՀ ժողովրդավարական ինստիտուտների եւ սպառնալիքների մասին ուշագրավ անդրադարձներ կան: Նկարագրված են կոռուպցիայի, դատական անկախության խոչընդոտների եւ իրավական այն փաստացի «բեսպրեդելի» մասին, որում գտնվում է Հայաստանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ զեկույցում անդրադարձ կա նաեւ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի ապօրինի հեռացմանը այդ պաշտոնից: «Քաղաքական գործընթացին մասնակցելու ազատություն» բաժնում կարդում ենք. «Հուլիսի 11-ին խորհրդարանական մեծամասնությունը, «Ազգային ժողովի կանոնակարգի» համաձայն, քվեարկությամբ դադարեցրեց ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանի լիազորությունները՝ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում, այն հիմնավորմամբ, որ նա բացակայել էր Ազգային ժողովի խորհրդի (ղեկավար կոմիտեի) նիստերի գերակշիռ մասից։ Խորհրդարանական մեծամասնությունը նաեւ պնդում էր, որ ապրիլի 4-ին Թագուհի Թովմասյանը չի կասեցրել «ատելության խոսքը», երբ նրա նախագահած հանձնաժողովը քննարկել է Մարդու իրավունքների պաշտպանի թափուր տեղի համար առաջադրված թեկնածությունները։ Թովմասյանը, ըստ հաղորդումների, Ազգային ժողովին նախապես տեղեկացրել է, որ վատառողջ լինելու պատճառով՝ հուլիսի 11-ի նիստին չի կարողանա ներկա գտնվել, սակայն խորհրդարանական մեծամասնությունը, այնուամենայնիվ, այդ օրը հարցը դրել է քվեարկության։ Պատգամավորը լիազորությունների դադարեցման հարցով դիմել է դատարան։ Մինչ լիազորությունների դադարեցումը Թովմասյանն ընդդիմության վերջին ներկայացուցիչն էր, որ Ազգային ժողովում ղեկավար պաշտոն էր զբաղեցնում, քանի որ հանձնաժողովների ընդդիմադիր նախագահների եւ Ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահի լիազորությունները, խորհրդարանական մեծամասնության քվեարկությամբ, ավելի վաղ դադարեցվել էին աշխատակարգի ու կանոնակարգերի խախտման պատճառով, իսկ որոշներն էլ հրաժարական էին տվել՝ ի նշան համերաշխության»։

Հակակառուպցիոն դատարանը պաշտոնական ծանուցում է ուղարկել Արցախի «Եղնիկներ» զորամասի հրամանատար, Արցախի հերոս Կարեն Ջալավյանին՝ Քյոխին, որ ներկայանա Հակակառուպցիոն դատարան եւ հարցաքննվի՝ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրեական գործով: Այդ գործն էլ քննվում է դռնփակ դատական նիստի շրջանակներում։ Հիշեցնենք` 2022 թվականի սեպտեմբերի 1-ին դատախազությունը հայտարարեց, որ Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի խորհրդական Միքայել Արզումանյանին մեղադրանք է ներկայացվել՝ 2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող «Արեգա» բարձունքը եւ հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման տալու համար։ Արզումանյանը կալանավորվել է սեպտեմբերի 1-ին եւ մինչ օրս գտնվում է կալանքի տակ:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, թեեւ նախորդ տարի՝ քաղաքացու վրա թքելուց հետո, այդպես էլ մնաց անպատիժ, բայց նրա մասնակցությամբ այդ սկանդալային միջադեպը հայտնվել է միջազգային հեղինակավոր կառույցների ուշադրության կենտրոնում: Մասնավորապես՝ միջազգային Freedom House իրավապաշտպան կազմակերպությունն իր 2024 թվականի զեկույցում անդրադարձել է Ալեն Սիմոնյանի այս խայտառակ պահվածքին՝ գրելով. «Հայտնի դեպքից հետո, երբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը թքել է քաղաքացու վրա՝ այն բանից հետո, երբ նրան հրապարակավ «դավաճան» են անվանել, քաղաքացիական հասարակության բազմաթիվ կազմակերպություններ իշխանություններից պահանջել են միջոցներ ձեռնարկել բարձրաստիճան պաշտոնյայի դեմ՝ ՔՊ-ին կոչ անելով էթիկայի հանձնաժողով ստեղծել, իսկ իրավապահ մարմիններին՝ խուլիգանություն հոդվածով գործ նախաձեռնել»։ Փաստենք, որ որքան էլ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն իրեն հռչակել է «ամենաժողովրդավար եւ արդար իշխանություն», բայց ՔՊ-ականներն այլեւս այնքան են հատել կարմիր գծերը, ու նրանց անթույլատրելի վարքն այնքան է աչք ծակում, որ անգամ նրանց մշտապես աջակցող ամերիկյան կազմակերպություններն ու կառույցները չեն կարողանում աչք փակել դրանց վրա:

ԱՄՆ պետքարտուղարության՝ Ժողովրդավարության, մարդու իրավունքների ու աշխատանքի բյուրոյի կողմից 2024 թվականի ապրիլի 22-ին հրապարակված զեկույցում անդրադարձ է կատարվել նաեւ խոշտանգումներին եւ այլ դաժան, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքին կամ պատժին ու այլ նույնատիպ չարաշահումներին։
2022թ.-ից խոշտանգումների դեպքերի գերակշիռ մասի նախաքննության պատասխանատվությունը վերապահված է Քննչական կոմիտեին, սակայն իրավապաշտպան-փաստաբանների դիտարկմամբ՝ կոմիտեի քննիչները չունեն նմանօրինակ գործեր քննելու փորձառություն։ Քննչական կոմիտեի կողմից թույլ տրված խոշտանգումների դեպքերով նախաքննությունները վերապահված են Ազգային անվտանգության ծառայությանը, սակայն, իրավապաշտպան-փաստաբանները գտնում էին, որ այս քննություններն անկախ ու թափանցիկ կերպով չէին անցկացվում եւ ապահովված չէր արժանահավատ նախաքննությունների համար անհրաժեշտ հանրային վերահսկողություն։
Ըստ մարդու իրավունքների ակտիվիստների՝ բռնությունների հին ու նոր դեպքերի հետ կապված՝ իրավապահների անպատժելիությունը նպաստել է խնդրի շարունակականությանը, երբ ենթադրյալ մեղավորները շարունակել են զբաղեցնել իրենց պաշտոնները կամ ունեցել պաշտոնեական առաջխաղացում։
Մարդու իրավունքների խախտման մի քանի ակնհայտ դեպքերի ընթացք չի տրվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կատարողը քաղաքական դեմք է։ Օրինակ՝ Առաջին դեպքը, երբ Ալեն Սիմոնյանը թքեց քաղաքացու վրա եւ որեւէ պատասխանատվության չենթարկվեց, սա դարձավ իշխանությունների կողմից վերահսկվող բացարձակ անպատժելիություն։ Այս իրավիճակը բացասաբար է անդրադառնում նաեւ իրավապահ համակարգի վրա, որտեղ ուղղորդվում են իշխանության կողմից։

Ըստ այդմ՝ զեկույցում ներկայացված հիմնավոր տվյալների, ոստիկանական բարեփոխումների մշտադիտարկման տվյալների հիման վրա՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից հուլիսի 25-ին ներկայացված զեկույցում նշված էր, որ 2022թ. ընթացքում ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման վերաբերյալ 199 հաղորդում է ստացվել, որը 20 տոկոսով է ավել է 2021թ. ընթացքում գրանցված դեպքերից եւ 54 տոկոսով ավել է 2019թ. դեպքերից։
Ոստիկանության բռնությունների մասին հաղորդումները ներառում են՝ թմրամիջոցներ փնտրելու նպատակով անսպասելի ստուգայցեր գիշերային ակումբներ, որտեղ ծեծի ու ոտնձգությունների են ենթարկվել այցելուները, ԼԳԲՏ անձինք. եղել է 2 դեպք, երբ ծեծի են ենթարկվել նաեւ իրենց վստահորդին ներկայացնող փաստաբանները։
Օրինակ՝ փետրվարի 10-ին ոստիկանները ծեծի են ենթարկել փաստաբաններ Մարզպետ Ավագյանին եւ Էմանուել Անանյանին, որոնք Էրեբունու ոստիկանական բաժնում իրավական օգնություն էին ապահովում ձերբակալված երեխաներին։
Երեւանի Նոր Նորք համայնքի երեք ոստիկանների դատավարությունը ծանրամարտի չեմպիոն Արմեն Ղազարյանի եւ մեկ այլ անձի նկատմամբ՝ 2020թ. թույլ տված բռնության փաստով, տարեվերջի դրությամբ շարունակվում էր։ Երբ դատավորը պաշտոնի առաջխաղացում ունեցավ, եւ գործը փոխանցվեց նոր դատավորի, դատական լսումներն ապրիլի 10-ից վերսկսվեցին՝ չնայած դատավարությունն արդեն մոտ էր ավարտին։ Բոլոր երեք ամբաստանյալները գրավի դիմաց ազատ են արձակվել եւ վերադարձել իրենց աշխատանքներին։
Զինված ուժերում նվաստացնող վերաբերմունքի մասին հաղորդումները շարունակվել են։
Անհասկանալի է բռնության՝ այս տեմպերով աճի պատճառը, եւ հասկանալի չէ, թե բռնության ենթարկողները վերջիվերջո կստանա՞ն իրենց պատիժը համպատասխան ատյանների կողմից։




Լրահոս