«ԱՆԸՆԴՀԱՏ ԳՆԱՑԵԼ ԵՆ ԶԻՋՈՒՄՆԵՐԻ». ՕՍԿԱՆՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած այն բանին, թե ինչ են ասում Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանությունները, Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված չէ, փակված չէ եւ մոռացված չէ։ Այս մասին ապրիլի 29-ի քննարկման ժամանակ ասել է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։

Նա հիշեցրել է, որ այնտեղ տեղի են ունեցել էթնիկ զտումներ եւ ցեղասպանություն, ինչի հետեւանքով՝ Լեռնային Ղարաբաղի հայերը հեռացել են իրենց տներից եւ ապաստան գտել Հայաստանում։ Նրա գնահատմամբ՝ Հայաստանի անվտանգության խոցելիության բարձրացման պատճառը Լեռնային Ղարաբաղի կորուստն է դարձել, արդյունքում՝ հայկական կողմը կորցրել է «ռազմավարական խորությունը»։
«Ժողովուրդ» օրաթերթը քննարկումից հետո հարցազրույց է ունեցել ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ:
-Պարո՛ն Օսկանյան, Ձեր գլխավորած պատվիրակությունը միջազգային կարեւոր հանդիպումներ էր ունենում դրսում, եւ հիմնական օրակարգը արցախցիների վերադարձի շուրջ կոնսենսուս ձեւավորելն ու երաշխիքներ ստանալն էր: Կխնդրենք ամփոփ ներկայացնել, թե հանդիպումներից ի՞նչ արդյունքներ կան:
-Ես իմ ելույթում էլ նշեցի, որ հարցում առանց Հայաստանի Հանրապետության իշխանության մասնակցության, առանց իրենց կողմից հարցի բարձրացման՝ հստակ ակնկալիքներ ունենալ պետք չէ: Մեր հիմնական խնդիրն այսօր Արցախի հարցը կենդանի պահելն է, որպեսզի ինչ որ հարմար պահի կարողանանք դա օրակարգ բերել: Մեր արածը հիմնականում դա է: Շատ լավ հասկանում ենք, որ առանց Հայաստանի Հանրապետության իշխանությունների մասնակցության դժվար է լինելու: Սակայն Արցախի հարցը կենդանի պահելու առումով՝ անձնապես կարծում եմ, որ դրական արդյունքներ կան:
-Այսինքն՝ երաշխիքների՞ մասին է հարցը:
– Ո՛չ, պարզապես տարբեր շրջանակներում զգում են, որ Հայաստանում կան մարդիկ եւ կառույցներ, կա արցախահայություն, որը ստեղծել է հանձնախումբ եւ խնդրել պաշտպանել իրենց իրավունքները միջազգային ասպարեզում եւ հատկապես՝ իրենց հայրենիք վերադառնալու իրավունքը: Սա արդեն իսկ նպաստում է նրա,, որ առաջանում է գիտակցություն առ այն, որ Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը չի արտահայտում ժողովրդի կամքը, եւ կարող է իրավիճակ փոխվել, ու նրանք պատրաստ կլինեն դրան: Եթե Հայաստանը փորձի այդ հարցը բերել օրակարգ, ապա դաշտը պատրաստ կլինի:
-Տեսնում ենք, որ Ադրբեջանը, Արցախն օկուպացնելուց հետո, հիմա էլ անցել է Հայաստանի ինքնիշխան տարածքներին. Տավուշից է տարածքներ ուզում, Սյունիքից, եւ Հայաստանի իշխանություններն էլ դիմադրություն չեն ցուցաբերում ու նոր տարածքներ են զիջում: Արդյո՞ք այս գործընթացը համարում եք իրավաչափ:
-Բացասաբար եմ վերաբերվում, կարծում եմ՝ այդպես է ժողովրդի մեծ մասի դեպքում: Սա անթույլատրելի է, սակայն դարձել է իշխանությունների գործելաոճը:
Մեր իշխանությունները 2018 թվականից էլ չեն հասկացել, չեն իմացել եւ անընդհատ տուրք են տվել ադրբեջանական օրակարգին ու գնացել զիջումների: Եվ պատերազմից հետո բանակցային հարթակում, առհարասարակ, հայկական օրակարգ չի եղել: Ադրբեջանն էլ, լավ գիտակցելով, որ իրենց սպառնալիքերը ազդեցություն են ունենում, շարունակաբար իրենց պահանջներն են դնում եւ փորձելու են առավելագույնը ստանալ Հայաստանից:
Միգուցե Տավուշը կլինի այս ամենը կանգնեցնելու միջոցը:
Խոսելով իշխանությունների այն հայտարարությունների մասին, թե Տավուշի սահմանամերձ որոշ տարածքներ, իրականում, ադրբեջանական են, նախկին արտգործնախարարը նշել է, որ դրանք իր համար անընդունելի հայտարարություններ են:
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

ԿԱՏԱՐՈՒՄ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Ապրիլի 29-ին ՀՀ նախկին օմբուդսմեն Արմեն Թաթոյանը ասաց, որ առաջին փուլում, պաշտոնական Բաքվի հայտարարություններով՝ Ադրբեջանը ծրագրում է Հայաստանում բնակեցնել մոտ 300 հազար ադրբեջանցիների՝ միջազգային առաքելության հովանու ներքո անվտանգության համակարգի առկայության դեպքում, որին կվստահի, այսպես կոչված, «Արեւմտյան Ադրբեջանի» համայնքը։
ArmLur.am-ի հետ զրույցում Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության նախկին ղեկավար Դավիթ Գալստյանը, անդրադառնալով հայտարարությանը, ասաց, որ Ադրբեջանի ղեկավարությունը ինչ ասում է՝ դա լինում է, քանի որ համապատասխան ընդդիմության չի արժանանում Հայաստանի իշխանությունների կողմից:
«Տեսնելով, որ Հայաստանի իշխանությունները Ադրբեջանի կողմից հայտնած պահանջները կատարում են ժողովրդին մեղավոր սարքելով կամ ժողովրդին ահաբեկելով՝ փորձում են կյանքի կոչել այդ բոլոր պահանջները եւ հետո արդարանում, որ իրականությունը դա է:
Տեսնում ենք, որ Ադրբեջանի բոլոր պահանջները ի կատար են ածվում եւ հերթական պահանջն է դա»-ասաց նա:
ԷՄՄԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ԳՆԱՑԵԼ Է ԱԱԾ ՄԵԿՈՒՍԱՐԱՆ
«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն` ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը գնացել է ԱԱԾ մեկուսարան՝ տեսակցելու շուրջ 2 տարի կալանքի տակ գտնվող Դավիթ Տոնոյանին։ Տեղեկությունը Ազգային ժողովում փորձեցինք պարզել անձամբ ՔՊ պատգամավոր Վիլեն Գաբրիեքյանից, ի պատասխան՝ վերջինս հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ երկու շաբաթը մեկ գնում է եւ տեսակցում նրան։
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, որի քննությունն անցնում է «Հրթիռների գործով», շարունակում է մնալ կալանքի տակ։ Դատարանները մերժում են նրա խափանման միջոցը փոխելու եւ ազատ արձակելու բոլոր միջնորդությունները։
2021 թվականի սեպտեմբերի 30-ից Տոնոյանը կալանավորված է, եւ գործով կալանքի տակ էին նաեւ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, ԶՈՒ վարչության պետ Ավետիք Մուրադյանը: Այժմ վերջիններս ազատության մեջ են։
Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաեւ ԳՇ պետ Արտակ Դավթյանին:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ ԵՆ ՔԱՌՕՐՅԱ ՆԻՍՏԵՐԸ
Այսօրվանից՝ ապրիլի 30-ից, մեկնարկում են ԱԺ քառօրյա հերթական նիստերը:
Օրակարգում, ի թիվս այլ հարցերի, լինելու են՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2023 թվականի տարեկան հաղորդումը», «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2022-2023 թթ.-ի գործունեության մասին հաղորդումը» եւ «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2023 թվականի գործունեությանը վերաբերող տարեկան հաղորդումը»:
Այսօր նիստ կանի ԱԺ խորհուրդը՝ ԱԺ նիստի օրակարգում ընդգրկվող հարցերը հաստատելու համար։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը գնալու է ԱԺ հանձնաժողով՝ ներկայացնելու «Դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդումը»։
Ք. ՄՈՒՇԵՂՅԱՆ

Ա. ՀԱԿՈԲՅԱՆԻ ԱՅՑԸ՝ ԳՅՈՒՄՐԻ
Վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի այցը Գյումրի սկանդալային ավարտ է ունեցել: ArmLur.am-ը հայտնել էր, որ օրեր առաջ՝ ապրիլի 25-ին, Աննա Հակոբյանը Գյումրու 45 միջնակարգ դպրոցի մոտ մասնակցել է 44-օրյա պատերազմում նահատակված զինվորի հիշատակին նվիրված հուշարձանի բացման արարողությանը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Աննա Հակոբյանը նախ Գյումրիում շատ արհամարհական պահվածք է դրսեւորել, ինչին համապատասխան արձագանք է ստացել տեղացիների կողմից:
Բանն այն է, որ Գյումրու տվյալ դպրոցի տարածքում երկու զինվորի հուշարձան է եղել, սակայն Աննա Հակոբյանը, ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, ծաղիկներ խոնարհել է զինվորներից միայն մեկի հուշարձանին:
Աննա Հակոբյանի այս քայլը քաղաքացիների զայրույթն է առաջացրել. նրանք սկսել են «դավաճան» վանկարկել Աննա Հակոբյանի ներկայությամբ ու ակնհայտ իրենց վերաբերմունքը ցույց տալ նրա նկատմամբ: Այս տհաճ տեսարանից խուսափելու համար` Աննա Հակոբյանը արագ ավարտել է արարողությունը ու շտապել է հնարավորինս շուտ հեռանալ այդտեղից: Ավելին` մեր տեղեկություններով, վարչապետի տիկինը նման տհաճ միջադեպերից խուսափելու համար Երեւան վերադարձել է ուղղաթիռով:

ԱԼՄԱԹԻԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄԱՍԻՆ
Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Միացյալ նահանգների պետքարտուղար Բլինքենի եւ Ադրբեջանի նախագահ Ալիեւի հեռախոսազրույցից հետո հայտնի դարձավ, որ նախատեսվում է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում Ալմաթիում։ Մինչ այդ ՀՀ ԱԳՆ-ն պնդում էր, որ հավանական հանդիպման մասին անմիջապես կտեղեկացնեն, սակայն, միայն Ալիեւի հայտարարությունից հետո հաստատվեց տեղեկատվությունը։ Պետրոս Ղազարյանի հետ ունեցած հարցազրույցներից մեկում, ինձ հարց տրվեց, թե արդյոք մենք պետք է գնանք այլ հարթակներում հանդիպումների-բանակցությունների, եթե Ադրբեջանը այդպես էլ չգա որեւէ արեւմտյան հարթակ։ Իմ պատասխանը միանշանակ էր. եթե այլ տարբերակ չլինի, այո՛, մենք պետք է գնանք, որովհետեւ այն վիճակում չենք, որ հրաժարվենք բանակցություններից, եթե, իհարկե, խոսքը գնում է բանակցության մասին եւ ոչ դրա իմիտացիայի։ Իմ այդ հարցազրույցից հետո «արեւմտամետի» անվան տակ գործող թուրքական եւ ադրբեջանական գործակալական ցանցը ՀՀ-ում եւ ՀՀ-ից դուրս իրենց եթերներում դատափետեցին ինձ այդ մոտեցման համար, որ ասել էի, թե այլընտրանք չկա հանդիպումներին, եւ ինչ-որ պահի մենք ստիպված ենք լինելու գնալ: Այժմ ՀԱՊԿ անդամ Ղազախստանում ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ որեւէ քննադատություն չկա այդ նույն գործակալների կողմից։ Իսկ հիմա հարց. ո՞ւր են նրանք, ինչո՞ւ նույն ոգեւորությամբ չեն քննադատում։ Այստեղից եզրահանգումն այն է, որ իմ դեմ կազմակերպված եւ հստակ ուղղորդված արշավ էր իրականացվում այդ նույն «արեւմտամետի» անվան տակ Թուրքիայի եւ Ադրբեջանի գործակալական ցանցի կողմից»:




Լրահոս