ArmLur.am լրատվականը փետրվարի 28-ին գրել էր հոդված՝ «30 հազար դոլար են ծախսել մեկ ջերմոց կառուցելու համար, որոնցից 4-ը հետո քանդվել է. Սիմիդյանի նախարարությունում բարձիթողի վիճակ է» վերտառությամբ։
Հոդվածում ներկայացրել էինք, որ դեռ 2023 թվականի հուլիսին շրջակա միջավայրի նախարարությունը հայտնեց, որ անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ը ՄԱԿ-ի՝ Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (FAO) տարածաշրջանային գրասենյակի հետ համատեղ իրականացրեցին՝ «Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարեցման եւ գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» ծրագիրը։
ArmLur.am-ը տեղեկացել էր, որ սա ամենեւին էլ հօգուտ անտառտնտեսությունների չէր, քանի որ որոշ ժամանակ անց ջերմոցները պիտի ճանաչվեին անորակ, ստանդարտներին ոչ համապատասխան եւ քանդվեին։
Տեղեկացանք նաեւ, որ յուրաքանչյուր ջերմոցի կառուցման համար ծախսվել է մոտ 30 հազար ԱՄՆ դոլար, իսկ այդքան մեծ ներդրումից հետո 6 ջերմոցներից 4-ը քանդվել են։ Այսպիսով՝ ստացվեց այնպես, որ «Կանաչ կլիմայի հիմնադրամի» կողմից տրամադրած դրամաշնորի պլանային կատարումն իրականացրեց ոչ թե պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը, այլ շրջակա միջավայրի նախարարության՝ բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը։
ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ հենց շրջակա միջավայրի նախարարության՝ բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի պնդմամբ է ՄԱԿ-ի՝ պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը կառուցումը հանձնել նրանց։ Զննելով Վլադիմիր Կիրակոսյանի կյանքը եւ կենսագրությունը՝ պարզեցինք, որ նա հանդիսանում է շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի մտերիմ ընկերը, ինչը կարող է դառնալ այս գործընթացների իրականացման հանգամանքը։ Ստացվում է, որ «պոզով-պոչով» կոռուպցիայի աղբյուրները սկսվել են դեռ ՔՊ-ականների՝ իշխանության գալու սկզբներին։
ArmLur.am-ը դիմել էր ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը՝ հասկանալու համար՝ իսկապե՞ս պայմանագրի արժեքը կազմել է մեկ ջերմոցի համար 30 հազար դոլար, եւ ովքե՞ր են պահանջները կատարող պատասխանատու անձինք։ Նախարարությունից ստացել էինք հետեւյալ պատասխանը. «Համաձայն 2021 թվականի փետրվարի 11-ին «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի եւ ՄԱԿ-ի՝ պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության միջեւ կնքված պայմանագրերի՝ ԲԾԻԳ ՊՀ-ն իրականացնում է «Հայաստանի անտառների կայունություն, հարմարվողականության բարձրացում եւ գյուղական կանաչ աճի խթանում մեղմացման միջոցով» դրամաշնորհային ծրագրի՝ «Կլիմայի փոփոխության հետեւանքների մեղմում եւ հարմարվողականություն նոր տեխնոլոգիաների փոխանցման միջոցով» բաղադրիչը։ Բաղադրիչի շրջանակներում Հրազդանի, Տաշիրի եւ Սիսիանի անտառտնտեսությունններում ջերմատների կառուցման համար կազմակերպվել է գնման գործընթաց, ինչի արդյունքում հաղթող է ճանաչվել «ՎԷՍ Գրուպ» ՍՊԸ-ն։
Ըստ այդմ՝ պայմանագրի ԲԾԻԳ ՊՀ-ին հատկացվել է 79 մլն 200 հազար դրամ Հրազդանի, Տաշիրի եւ Սիսիանի անտառտնտեսությունններին՝ ջերմատների կառուցման համար։
«ՎԷՍ Գրուպ» ՍՊԸ-ի եւ ԲԾԻԳ ՊՀ-ի միջեւ գնման ընթացակարգի արդյունքում կնքված պայմանագրով՝ անտառտնտեսությունններում մեկ 500քմ խելացի ոռոգման եւ հովացման եղանակով ջերմատան կառուցման արժեքը կազմել է 13 մլն 38 հազար դրամ»:
Ստացվում է՝ ճիշտ ենք, որ յուրաքանչյուր ջերմոցի կառուցման համար մոտ 30 հազար ԱՄՆ դոլար ծախսելուց հետո, ջերմոցները, փաստացի, «հօդս» են ցնդել։
Ավելի վաղ նախարարությունը հանդես էր եկել հայտարարությամբ՝ ասելով. «Աննախադեպ ուժեղ քամիների եւ տարածքին ոչ բնորոշ ձյան առատ տեղումների վերաբերյալ առկա են շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից անցկացված հետազոտությունների տվյալները։ «ՎԷՍ Գրուպ» ՍՊԸ-ի կողմից մեկնարկել են վերականգնման աշխատանքները»։
Հայտարարությունից հետո՝ 2 ամիս կատարած մեր հետեւողական ուսումնասիրությունների արդյունքում, ոչ մի վերանորոգման փաստ չենք արձանագրել։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, վարույթ նախաձեռնելու նպատակով, հարցումով դիմել է նախարարություն նշված կապը գտնելու համար, սակայն նախարարությունից որեւէ լիարժեք պատասխան չի ստացել։ Արդյունքում՝ ԿԿՀ-ն եզրակացրել է, որ վերը նշված փոխկապակցվածությունը չկա։
Արդյունքում՝ նախարարությունը, միլիոնների հասնող մսխումները կմնան առերեւույթ անպատիժ։
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ՏԱՐՕՐԻՆԱԿ ԴԵՊՔ՝ ԴՊՐՈՑՈՒՄ
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ երեկ՝ ապրիլի 29-ին, Երեւանի բնակիչ Կարինե Բրեյանի կողմից ահազանգ է ստացվել Երեւանի թիվ 140 դպրոցում իր քրոջ երեխայի հասցեին հնչեցված վիրավորանքների մասին։ «Երեխան դասերից գալիս էր ճնշված, նեղված, ասում էր, որ երեխեքը նեղացնում են, ճնշում։ Ես զգուշացրեցի դասղեկ Սոֆյա Եղյանին, խնդրեցի երեխայի տեղը փոխել։ Դասղեկը ոչինչ չձեռնարկեց։ Անցնում է մի քանի օր, ու դասընկերներից մեկն իր ձեռքը կծում է։ Այդ երեխան գնում, խաբար է տալիս դասղեկին, թե իբր իմ երեխան՝ Միլենան է կծել, այնինչ՝ ինքն է իր սեփական ձեռքը կծած լինում։ Դասղեկը, փոխանակ ճշտի՝ իրականում ինչ է եղել, իմ երեխային ասում է, որ մի մատով երկու աչքերը կհանի վրայից, «չերեզ» ոստիկանություն ողջ ընտանիքին «կորցնել կտա» ու նման բաներ։ Էսօր իմ երեխան վախի մթնոլորտում է սովորում, դասղեկը շատ անգամ հարվածում է երեխաներին».- ասել է կինը:
Կ. Բրեյանը հրավիրել է իրավապահ կառույցների եւ ԿԳՄՍ նախարարության ուշադրությունն ու հետեւողականությունը։
ArmLur.am-ը զրուցել է Երեւանի թիվ 140 դպրոցի՝ տնօրենի ներկայիս ժամանակավոր պաշտոնակատար Մարգարիտա Սահակյանի հետ, ով միջադեպը որակեց թյուրիմացություն՝ մասնավորապես նշելով. «Հրապարակումն արվել է, մենք չենք իմացել։ Ծնողների հետ զրուցել ենք, բոլոր հարցերը պարզաբանված են։ Թյուրիմացություն, թյուրըմբռնում է տեղի ունեցել դասղեկի եւ ծնողների միջեւ։ Բոլոր հարցերը լուծված են, որեւէ խնդիր չունենք։ Երեխայի սխալ հասկանալու պատճառով, ուսուցչի սխալ արտահայտության արդյունքում պատահած դեպքի առնչությամբ միասին զրուցել են եւ այժմ եկել են ընդհանուր հայտարարի»։
ArmLur.am-ի հետ զրույցում Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը նշեց, որ միջադեպը հարթված է. «Ամեն ինչ հարթված է, ոչ մի լուրջ բան չի եղել։ Հանրակրթության վարչության, ուսուցչի եւ տնօրինության հետ համատեղ աշխատանքներ են իրականացվել, ոլորտները հասկացել են իրար։ Նյութերից մեկում նկարագրված դեպքը, բնականաբար, տեղի չի ունեցել»:
Ստացվում է, որ ամեն դեպքում, ինչ-որ դեպք պատահել է, սակայն համապատասխան մարմինների միջամտության արդյունքում այն հարթվել է։ Ստացվում է նաեւ, որ ուսուցիչը իրեն ոչ հարիր արտահայտություն, ամեն դեպքում, արել է։
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ՆԱՏՕ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ԿԻԵՎՈՒՄ Է
«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը չհայտարարված այցով գտնվում է Կիեւում». – հայտնում է դաշինքի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ նա Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիս է անցկացնում, որը հեռարձակվում է ՆԱՏՕ-ի կայքում։
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ՝ «ՄԱՐՏԻ 1»-Ի ԱԿՏԵՐԻ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի գլխավոր դատախազությունը «Մարտի 1»-ի գործով ակտերի դասակարգման փոփոխություն է նախաձեռնել։ Այս մասին Ազգային ժողովում ապրիլի 29-ին՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության 2023 թվականի գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց վարչության պետ Աննա Վարդապետյանը։
Նրա խոսքով՝ գլխավոր դատախազի բողոքի հիման վրա Հայաստանի Վճռաբեկ դատարանը դիմել է Սահմանադրական դատարան՝ վարույթն իրականացնող մարմնին ակտի դասակարգումը փոխելու հնարավորություն տալու խնդրանքով։ «Նախկին որակումը, որը Սահմանադրական դատարանը ճանաչեց հակասահմանադրական, թույլ չի տալիս այս ակտը վերաորակել այլ հոդվածով։ Այն անձանց համար, որոնք գտնվում են միջդատական վարույթում, տեղի է ունեցել վերաորակում։ Սակայն դատական վերանայման փուլում գործիքները բացակայում են։ Հիմա սպասում ենք, թե ինչ դիրքորոշում կունենա ՍԴ-ն՝ հիմնվելով Վճռաբեկ դատարանի հայտարարության վրա»,- նշեց Վարդապետյանը։
Նա պարզաբանեց, որ պետք է հասկանալ՝ հնարավո՞ր է վերաորակել արարքը երեք նախկին պաշտոնյաների նկատմամբ՝ սահմանադրական կարգի հետ կապված հանցագործությունները ծառայողական հանցագործության մակարդակ տեղափոխելու համար։
ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 29-ին պաշտոնական այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Կատարի Պետության խորհրդատվական խորհրդի նախագահ Հասան բին Աբդալլահ Ալ-Ղանիմի հետ:
Հայաստանի Հանրապետության ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից՝ երկուստեք ընդգծվել է Հայաստանի եւ Կատարի միջեւ զարգացող քաղաքական երկխոսության կարեւորությունը, որին էական խթան են հաղորդում բարձր մակարդակի փոխայցելությունները։
Անդրադառնալով Հարավային Կովկասում հարատեւ խաղաղության հասնելուն ուղղված ջանքերին՝ նախարար Միրզոյանը ներկայացրել է հարեւանների հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ իրականացվող քայլերը, այդ թվում՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի նախագծում պահպանվող առանցքային հարցերի շուրջ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը։ Ընդգծվել է սահմանազատման գործընթացում առավել հստակության ապահովման կարեւորությունը՝ 1991 թվականի Ալմաթաիի հռչակագրի հիման վրա։