Ինչպե՞ս է 36 կգ ոսկուց եւ հափշտակված 293 միլիոն ՌԴ ռուբլուց որոշակի չափաքանակ հայտնվել Երեւան քաղաքի դատարանի դատավոր Արշակ Պետրոսյանի մեքենայում:
Մեզ հասած տեղեկություների համաձայն՝ դատավորի մտերիմներից մեկը նրան գեղեցիկ փաթեթավորված տոպրակ է տվել՝ նշելով, որ իր կինը կգա կվերցնի: Արդյունքում, երբ իրավապահները օպերատիվ տվյալներ են ունեցել, որ դատավորի մեքենայում Է գտնվում հափշտակված գումարի մի մասը, հետեւել է այն, որ Պետրոսյանը անակնկալի է եկել, ու անձամբ է իրավապահներին հորդորել՝ ստուգեն ու պարզեն, որ ինքը այդ դեպքի հետ կապ չունի, եւ իր մտերիմ մարդկանցից մեկն է փոխանցել տոպրակը: Արդյունքում՝ դատավորի մեքենայում հափշտակված իրերից որոշակի մաս է հայտնաբերվել:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ իրավապահների տեսադաշտում է հայտնվել մի դատավոր։ Մասնավորապես` ՀՀ քննչական կոմիտեն քրեական գործի շրջանակում վկայի կարգավիճակում հարցաքննել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Պետրոսյանին։
Դատավորի շուրջ ստեղծված իրավիճակի առիթով դիմեցինք ԲԴԽ, որտեղից, ի պատասխան, չմեկնաբանեցին եւ հորդորեցին դիմել իրավապահներին, քանի որ հարցը նրանց տիրույթում է:
Իսկ ահա, նախաքննական մարմնից մեզ հայտնեցին, որ հարցաքննված անձանց վերաբերյալ տեղեկությունը հրապարակման ենթակա չէ։
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնել էր, որ ապրիլի 10-ին «Պորշ» մակնիշի ավտոմեքենայով հետապնդել են «Հունդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենային, եւ ժամը 07:15-ից մինչեւ 07:20-ն ընկած ժամանակահատվածում Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մայրաքաղաքային փողոցի դիմաց արհեստական խոչընդոտ ստեղծելով՝ մեքենայի դիմացի աջ դռան պատուհանից զենքի գործադրման սպառնալիքով՝ կանգնեցրել են նշված ավտոմեքենան: Կանգնեցնելուց հետո, ենթադրյալ հանցագործությունը կատարած անձինք, ԱԱԾ աշխատակիցների համազգեստին նմանվող համազգեստով եւ դիմակավորված, դուրս գալով ավտոմեքենայից՝ ներկայացել են իբրեւ ՀՀ ԱԱԾ աշխատակիցներ, եւ ավտոմեքենայում գտնվող 3 անձի նկատմամբ զենքի կիրառմամբ բռնություն գործադրելով՝ նրանց դուրս են բերել ավտոմեքենայից, թմրամիջոց ու այլ արգելված իրեր փնտրելու եւ նրանց ձերբակալելու պատրվակով ձեռքերին անցկացրել են ձեռնաշղթաներ, ապա ավտոմեքենայից հափշտակելով առանձնապես խոշոր չափի՝ 36 կգ քաշով 999 հարգի ոսկյա ձուլակտորները եւ 293.000.000 ՌԴ ռուբլի գումարի պարունակությամբ պայուսակները, հիշյալ անձանց նկատմամբ բռնություն գործադրելով՝ նստեցրել են նույն ավտոմեքենան, դիմացի դռնից արցունքաբեր գազ փչելով ավտոմեքենայի մեջ՝ «Պորշ» մակնիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ Ա.Ս.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 252-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերով, 456-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Քրեական վարույթի շրջանակներում քրեական հետապնդում է հարուցվել ընդհանուր 12 անձի նկատմամբ, որոնցից 5-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, 3-ի նկատմամբ՝ այլ խափանման միջոցներ, 4 անձի ձեր ակալելու որոշում է կայացվել եւ ոստիկանությանը տրվել է նրանց հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու հանձնարարություն։
Ի դեպ, գրել էինք, որ քրեական վարույթով իրավապահների տեսադաշտում է հայտնվել նաեւ «օրենքով գողի» փեսան»:
ԿԱԼԱՆՔ՝ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ԳՈՐԾՈՎ
«Ժողովուրդ» օրաթերթին քննչական կոմիտեից հայտնել են, որ Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով մեկ անձի տանում են կալանքի, իսկ մյուսները ազատ են արձակվել։
Ինչպես հայտնի է, 2024թ. ապրիլի 24-ին՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի եւ նրա դստեր ներկայությամբ «Ազգային ժողովրդավարական բեւեռի» անդամները բղավել էին՝ «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու»։ Միջադեպից հետո 7 անձ ձերբակալվել էր։
Արդյունքում՝ մի խումբ անձանց կողմից առերեւույթ ատելության, խտրականության, անհանդուրժողականության կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք հնչեցնելու, եւ հաղորդակցային-տեղեկատվական մի քանի միջոցներով տարածելու գործողությունների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի՝ Երեւան քաղաքի քննչական վարչության Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաեւ այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նույն օրը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից ոստիկանության բաժին է տարվել 7 անձ, որոնք այնուհետեւ ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին։
Որոշումներ են կայացվել վերոնշյալ արարքներն առերեւույթ կատարելու՝ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով նրանց ձերբակալելու մասին: Հանգամանքները պարզվում են նախաքննությամբ։
ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Վան Անդրանիկի Հարությունյանը մեղադրվում է այն բանում, որ նա, զբաղեցնելով Երեւանի քաղաքապետարանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կոմունալ տնտեսության եւ ԲՇԿՄ հետ աշխատանքների կազմակերպման մասնագետի պաշտոնը, իր նկատմամբ հովանավորչություն դրսեւորելու, այն է՝ նույն վարչական շրջանի ղեկավար Արման Բարխուդարյանի կողմից իր հանդեպ բարեհաճ վերաբերմունքի համար, պարգեւավճար ստացած 284.000 ՀՀ դրամ գումարը 2023 թվականի հուլիսի 14-ին որպես կաշառք տվել է Արման Բարխուդարյանին:
Հրայր Հրաչյայի Արամյանը մեղադրվում է այն բանում, որ նա, զբաղեցնելով Երեւանի քաղաքապետարանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի առեւտրի ծառայությունների եւ գովազդի բաժնի պետի պաշտոնը, իր նկատմամբ հովանավորչություն դրսեւորելու՝ առանց հիմնավորմամբ պարգեւատրման ներկայացնելու դիմաց, այն է՝ նույն վարչական շրջանի ղեկավար Արման Բարխուդարյանի կողմից առանց հիմնավորման պարգեւատրման համար, ստացած գումարից 72.000 ՀՀ դրամ գումարը 2023 թվականի ապրիլի 15-ին որպես կաշառք տվել է Արման Բարխուդարյանին:
Գործով նախաքննության ավարտ է հայտարարվել, ու գործը ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան։
Նյութերը՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ
ՊԱՏՎԱՍՏՄԱՆ ԿԵՂԾ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ
Հովհաննես Դալլաքյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով առեւտրային կազմակերպության աշխատող, ապօրինաբար, կաշառք տվողների եւ նրանց ներկայացրած անձանց օգտին գործողություններ կատարելու նպատակով՝ ստացել եւ պահանջել է կաշառք:
Բացի դրանից, կազմակերպել է իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթերի կեղծում՝ այլ անձանց կողմից այդ փաստաթուղթը օգտագործելու նպատակով:
Այսպես.
2021 թվականի սեպտեմբերի 11-ից 14-ն ընկած ժամանակահատվածում Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող, առեւտրային կազմակերպություն հանդիսացող «Կարմիր բլուր պոլիկլինիկա» ՓԲ ընկերության մաշկավեներաբան Հովհաննես Մաթեւոսի Դալլաքյանը, քննությամբ դեռեւս ինքնությունը չպարզված անձից որպես կաշառք ստացել է 100.000 ՀՀ դրամ գումար՝ Միլենա Խաչատուրի Հովհաննիսյանի՝ «Covid 19» համավարակի դեմ պատվաստված լինելու վերաբերյալ կեղծ փաստաթուղթ պատրաստելը եւ տրամադրելը կազմակերպելու համար, որից հետո իր հանցավոր մտադրության իրագործումն ապահովելու նպատակով՝ նյութապես շահագրգռելու միջոցով Միլենա Հովհաննիսյանի վերաբերյալ հիշյալ կեղծ փաստաթուղթը պատրաստելուն եւ տրամադրելուն ներգրավել է ՀՀ առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲ ընկերության բուժաշխատող, ինչպես նաեւ համատեղությամբ՝ «Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն» բժիշկ-թերապեւտ եւ «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲ ընկերության շտապօգնության ծառայության բժիշկ Վլադիմիր Մարտիկի Ծուղունյանին, որի դրդմամբ «Բժշկուհի Բադանյան» ՍՊ ընկերության բուժքույր Անահիտ Բալաբեկյանը Միլենա Խաչատուրի Հովհաննիսյանի՝ «Covid 19» համավարակի դեմ պատվաստված չլինելու պայմաններում վերջինիս՝ «Sinopharm» պատվաստանյութով պատվաստված լինելու վերաբերյալ կեղծ գրառում է կատարել նույն ընկերության պատվաստումների գրանցամատյանում, որի հիման վրա «Sinopharm» պատվաստանյութի պատվաստման վերաբերյալ կեղծ տեղեկություններ են մուտքագրվել պաշտոնական էլեկտրոնային փաստաթուղթ հանդիսացող «ARMED» համակարգում, եւ նշված համակարգում Միլենա Հովհաննիսյանի անձնական տվյալներով եւ լուսանկարով, ինքնաշխատ եղանակով 2021 թվականի սեպտեմբերի 14-ին կազմվել է պատվաստված լինելու վերաբերյալ իրավունք վերապահող փաստաթուղթ՝ սերտիֆիկատ:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ