ԳԻՆՈՒ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՆՎԱԶՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրդեհները, երաշտները եւ այլ պայմանները, որոնք սովորաբար կապված են կլիմայի գլոբալ փոփոխության հետ, զգալիորեն «նպաստել» են, որ 2023 թվականին համաշխարհային գինու արտադրությունը ամենավատն է վերջին 62 տարվա ընթացքում».- ասում են ոլորտի պաշտոնյաները:

Խաղողի եւ գինու ոլորտի համաշխարհային՝ 2023 թվականի զեկույցում, որը հրապարակվել է Ֆրանսիայում գործող «Գինեգործների եւ գինեգործների միջազգային կազմակերպության» կողմից, նշվում է «ծայրահեղ բնապահպանական պայմանները», որպես 2023 թվականին գինու համաշխարհային արտադրության 10% անկման հիմնական պատճառ:
Կազմակերպության տնօրեն Ջոն Բարքերի խոսքով՝ «երաշտը, ծայրահեղ շոգը եւ հրդեհները, ինչպես նաեւ հորդառատ անձրեւները, որոնք առաջացրել են հեղեղումներ եւ սնկային հիվանդություններ հյուսիսային եւ հարավային կիսագնդերի հիմնական գինեգործական շրջաններում», եղել են գինու արտադրության համաշխարհային մակարդակի անկման հիմնական գործոնները:
Գինու արտադրության 10% անկումն ամենասուրն է եղել վերջին 62 տարվա ընթացքում, ասվում է արդյունաբերության զեկույցում։ Խաղողի բերքը ամենացածրն է եղել 1961 թվականից ի վեր։
Ավստրալիայում գինու արտադրության 26% անկումը եւ Իտալիայում 23% անկումը այս երկրներում 2023 թվականի վատագույն արդյունքն են: Իսպանիան կորցրել է իր գինու արտադրության ավելի քան 20%-ը, մինչդեռ Չիլիում եւ Հարավային Աֆրիկայում յուրաքանչյուրը անկում է ապրել 10%-ով:
Ֆրանսիան՝ աշխարհի ամենամեծ գինի արտադրողը, անցյալ տարի գրանցել է 4 տոկոս աճ, ասվում է զեկույցում։
Բացի բնակլիմայական պայմաններից, զեկույցում նշվում է, որ խաղող աճեցնելու եւ գինի պատրաստելու համար գնալով ավելի քիչ հող է հասանելի դառնում։
Խաղողի եւ գինու արտադրության համար հասանելի հողատարածքները նվազել են երրորդ տարին անընդմեջ՝ ընդամենը 17,7 միլիոն ակր հատկացված խաղողագործությանը եւ գինեգործությանը ամբողջ աշխարհում:
Զեկույցը նաեւ ցույց է տվել, որ 2023 թվականին սպառողները 3%-ով ավելի քիչ գինի են խմել՝ Չինաստանում գնաճի եւ տնտեսական աճի դանդաղման պատճառով, ինչը հանգեցրել է երկրում գինու սպառման 25%-ով անկմանը:
Գինու համաշխարհային կազմակերպությունը ներառում է 50 երկիր, որոնց բաժին է ընկնում համաշխարհային գինու արտադրության 75%-ը։
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

ՏԵՂԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Անցյալ շաբաթ դեսպան ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը ողջույնի խոսք է հղել «Հետտրավմատիկ արտթերապիայի» եռօրյա աշխատարանի մասնակիցներին։ Աշխատարանը տեղի է ունեցել Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում (ՀՄԿ), որը վարել է ԱՄՆ-ից փորձագետ, արտթերապիայի հավաստագրված մասնագետ Դեյվիդ Միթչելը։
Դեյվիդ Միթչելը հոգեկան առողջության հարցերով առաջատար մասնագետ է, ունի գործնական փորձառություն եւ աջակցության նպատակով կիրառում է ստեղծագործական մոտեցումներ։ Ապրիլի 22-ից 29-ը Դեյվիդ Միթչելը աշխատարաններ է վարել հայ մասնագետների համար՝ գործակցելով ՀՄԿ-ի, «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի եւ «Վորլդ վիժըն Արմենիա» կազմակերպության հետ։
Այցի ընթացքում նա նաեւ խորհրդակցություններ է անցկացրել տեղահանված անձանց սոցիալ-հոգեբանական ծառայություններ մատուցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ինչպես նաեւ աշխատարաններ ու կարողությունների զարգացման ու վերապատրաստման դասընթացներ` հոգեկան առողջության մասնագետների, սոցիալական աշխատողների, մանկավարժների, դպրոցների հոգեբանների համար՝ շեշտադրելով տեղահանված անձանց ներառման կարեւորությունը։ Դեյվիդ Միթչելը, լինելով Ամերիկայի Միացյալ Նահանգների «Խաղաղության կորպուսի» նախկին կամավոր, առիթ է ունեցել տարիներ առաջ բնակվել Հայաստանում եւ ամուր կապեր ունի երկրի հետ։
«Տեղահանումը կարող է նշանակալի հոգեբանական ու սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար։ Դեյվիդ Միթչելը կներկայացնի ամերիկյան փորձը, որը, հուսով ենք, կօգնի կատարելագործել հայ մասնագետների կարողությունները՝ հնարավորություն տալով առավել լավ արձագանքել տեղահանված անձանց կարիքներին ու նպաստել համայնքներում նրանց ներառմանը», – ասել է դեսպան Քվինը։

ՍՐԲԱԶԱՆԸ՝ ՀԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՐԲԱԶԱՆԻ
Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը զորակցական նամակ-ուղերձ է հղել Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին։
Սրբազան հոր նամակ-ուղերձում գրված է.
«Բարձրաշնորհ Տ. Բագրատ Ս. արք. Գալստանեան
Քաջարի եւ բարեջան առաջնորդ Տաւուշի հայոց թեմի
Իջեւան
Սիրելի Սրբազան եղբայր,
Վերջին օրերուն հետեւում ենք Տաւուշի մէջ տեղի ունեցած եւ ունենալիք դէպքերին: Այս րոպէին երանի եմ տալիս Ձեր կողքին եղող Միքայէլ Սրբազանին, Յովնան Սրբազանին, Արշակ Սրբազանին եւ բոլոր նրանց, որոնք այս րոպէին Ձեր կողքին եւ Տաւուշի մեր ժողովրդի կողքին են:
Դուք Ղեւոնդ Երէցիան ոգիով նոր Աւարայր էք մղում հայրենիքին եւ հաւատքին պահպանման համար: Որքան կը փափագէի, որ այս րոպէներին Ձեզի հետ ըլլալ, բայց ուզում եմ վստահեցնել, որ Թեհրանի մեր ժողովրդի մեծագոյն մասն իր մանուկներով, երիտասարդներով եւ տարեցներով Ձեր կողքին կանգնած է եւ աղօթում է Ձեր յաջողութեան համար, որովհետեւ Ձեր յաջողութիւնը մեր յաջողութիւնն է: Մենք չենք կրնար անտարբեր եւ լուռ անցնիլ այս բոլորին ի տես: Կասկած չկայ, որ մեր ժողովուրդը Հայրենիքի եւ Սփիւռքի տարածքին, բոլորն էլ Ձեր կողքին են: Ես ուզում եմ վստահեցնել միաժամանակ, որ հնարաւորութեան սահմաններում մենք բոլորս էլ պատրաստ ենք Ձեզ հետ պայքարը շարունակել մինչեւ այն երջանիկ պահը երբ պիտի կարենանք մեր ծրագիրների իրագործումը տեսնել: Մինչ այդ աղօթակից ենք Ձեր եւ մեր ժողովրդին՝ Տաւուշի մէջ եւ Տաւուշէն հեռու եւ կը մաղթենք առաւել ուժ, դիմադրական ոգի ու կորով եւ անվտանգ պայքար:
Սիրելիներ, թող Աստծոյ հովանին Ձեր վրայ եւ ժողովրդի վրայ ըլլայ ի խնդիր մեր հայրենիքի ապահովութեան եւ խաղաղ կեանքի կեցութեան համար:
Բոլորս միասին պիտի պայքարենք սիրելիներ, մեր ժողովուրդի իրաւունքների պահպանման համար՝ Տաւուշում եւ այլուր, որովհետեւ այս հողերը մեր ժողովուրդը մեզի կտակած է իր արեան յեղումով եւ չենք կրնար մենք թափւած արիւնը իսպառ մոռանալ: Վստահ ենք, որ այն պիտի վերընձիւղւի մեր հայրենիքի հողին ամէն մէկ շերտին վրայ եւ ծնունդ պիտի տայ նոր Ղեւոնդ Երէցներու, ծնունդ պիտի տայ նոր մարտիկներու եւ նոր հերոսներու:
Ողջ մնացէք ի Տէր:
Քրիստոնէական եւ եղբայրական ջերմ սիրով՝
ԱՂՕԹԱԿԻՑ՝
ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ»:

ԵՐԿԱԿԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐ
Տավուշի մարզպետարանի անմիջական ենթակայության տակ ընդամենը երկու ոլորտներ կան՝ մարզի հանրակրթական դպրոցները եւ պետական առողջապահական հիմնարկները. այդ ոլորտները մարզպետի աշխատակազմը կառավարում է ԿԳՄՍ եւ առողջապահության նախարարությունների հետ համատեղ։ Տավուշի մարզպետի աշխատակազմը խիստ ուռճացած է, այնտեղ կան նաեւ թափուր հաստիքներ, որոնք երկար ժամանակ է՝ չեն լրացվում։ Տավուշի մարզպետի աշխատակազմում, ըստ հաստիքացուցակի, առկա է 76 հաստիք, որից 56-ը՝ քաղաքացիական ծառայող. այդտեղ առկա է քաղաքացիական ծառայության 5 թափուր հաստիք: 2023-2024 ուսումնական տարվա շեմին եւ ուսումնական տարվա ընթացքում, բուհի դիպլոմ չունենալու պատճառով, աշխատանքից ազատվել է Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում աշխատող 55 ուսուցիչ։ 2023թ. աշնանը բարձրագույն կրթության դիպլոմ չունենալու պատճառով՝ աշխատանքից ազատվեցին Բերդ համայնքի Մովսես, Պառավաքար, Արծվաբերդ եւ Չինարի բնակավայրերի վարչական ղեկավարները։ ՏԻՄ օրենքի պահանջներից է, որ 1000 եւ ավելի բնակիչ ունեցող բնակավայրի վարչական ղեկավարը անպայման պետք է ունենա բարձրագույն կրթություն. նշված գյուղերի վարչական ղեկավարները բուհի դիպլոմ չունեն։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարց ենք ուղղել, թե Տավուշի մարզպետի աշխատակազմում, բացի սպասարկող եւ տեխնիկական աշխատողներից, կա՞ն բարձրագույն կրթություն չունեցող պաշտոնյաներ։ Մարզպետարանից պատասխանել են. «ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմում կա միայն երկու աշխատակից, որը չունի բարձրագույն կրթություն»: Ուրեմն, հեռավոր, սահմանամերձ 1000 եւ ավելի բնակիչ ունեցող գյուղերի վարչական ղեկավարները, սահմանամերձ, հեռավոր փոքր դպրոցների ուսուցիչները պետք է անպայման ունենան բարձրագույն կրթություն, իսկ Տավուշի մարզպետարանում պաշտոն են զբաղեցնում՝ առանց բարձրագույն կրթության դիպլոմ ունենալու։ Երկակի ստանդարտներ են։

ԿԻՐԱՆՑՈՒՄ ԱՐԴԵՆ ԴՊՐՈՑ ԵՆ ՀԱՃԱԽՈՒՄ
Իջեւան համայնքի սահմանամերձ Կիրանցի հիմնական դպրոցի տնօրեն Վոլոդյա Բաբինյանը հայտնեց, որ ապրիլի 29-ին դպրոցի աշակերտների մեծ մասը հաճախել է դասերին։ Այդ դպրոցի աշակերտները, միանալավ Կիրանց գյուղին կից սահմանամերձ տարածքները միակողմանի կերպով Ադրբեջանին հանձնելու դեմ համագյուղացիների պայքարին, 4 օր դասադուլ են արել: Վ. Բաբինյանը հայտնեց, որ ապրիլի 30-ին եւ հետագա օրերին Կիրանցի դպրոցի աշակերտները լիարժեք կմասնակցեն դասերին։ Դպրոցի տնօրենը հավելեց, որ Կիրանցի դպրոցում այսուհետ շաբաթ օրերին դասեր կլինեն, որպեսզի դասադուլի օրերին բաց թողնված դասերը լրացվեն, եւ աշակերտները հետ չմնան ուսումնական ծրագրից։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս