ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 25-ից 26-ը Հայաստանում անցկացվել է՝ «Դեպի աշխարհ՝ առանց խոչընդոտների. հաշմանդամություն ունեցող անձանց ներառական սոցիալական պաշտպանության քաղաքականության ապահովում» խորագրով երկօրյա տարածաշրջանային համաժողովը. այն կայացել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ Ասիական զարգացման բանկի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ համագործակցությամբ։

Միջոցառման նպատակն էր ապահովել տարածաշրջանային հարթակ՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման ոլորտում արձանագրված ձեռքբերումների եւ դեռեւս արդիական խնդիրների քննարկման համար, մասնավորապես՝ դիտարկելով սոցիալական ծառայությունները՝ որպես ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի, համապատասխան գլոբալ ու տարածաշրջանային օրակարգերի իրականացման կարեւոր բաղադրիչ։
Միջոցառմանը ելույթներ են ունեցել նաեւ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, համաժողովի համակազմակերպիչ ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթեւիկ Ստեփանյանը, Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը, Ասիական զարգացման բանկի մարդկային եւ սոցիալական զարգացման սեկտորի գրասենյակի տնօրեն Վենդի Ուոքերը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖԻ ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը եւ այլ հյուրեր։
«Որպես հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտը համակարգող հիմնական գերատեսչություն՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ամենօրյա աշխատանքը շարունակում է ուղղված լինել նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի պայմանների ստեղծմանը, նրանց տարիքին ու գնահատված կարիքին համարժեք հասցեական ծառայությունների մատուցմանն ու զբաղվածության ապահովմանը», – իր ելույթում շեշտել է նախարար Նարեկ Մկրտչյանը։
Մկրտչյանը նշել է, որ իրականացվող եւ նախատեսվող բարեփոխումները իրապես կկարողանան լուծել ոլորտում առկա հիմնահարցերը եւ նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների լիարժեք իրացմանը։
Նախարարության ներկայացուցիչները համաժողովի մասնակիցներին ներկայացրել են հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում Հայաստանի Հանրապետության՝ ՄԱԿ-ի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների շրջանակում իրականացված քայլերը, օրենսդրական դաշտի բարեփոխումներն ու նոր կարգավորումները, հաշմանդամության սահմանման նոր մոդելի՝ անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի կիրառման աշխատանքները։
«Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Անահիտ Պարզյանը ներկայացրել է անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի կիրարկման նպատակով ստեղծված «e-disability» թվային գործիքը, որը մասնագետներին հնարավորություն է ընձեռում հավաքագրել գնահատվող անձի վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն՝ ըստ հաշմանդամության տեսակների եւ ֆունկցիաների սահմանափակման աստիճանների։
Համաժողովի ընթացքում տեղի են ունեցել պանելային քննարկումներ. 15 երկրի տարբեր փորձագիտական մակարդակում աշխատանք իրականացնող փորձագետները, հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների եւ այլ երկրների համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները խոսել են ներառական սոցիալական քաղաքականության իրենց երկրների փորձառության, իրականացված բարեփոխումների եւ աշխատանքների մասին։ Անդրադարձել են հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող աջակցող միջոցների հասանելիության, տարիքային խմբերի եւ հաշմանդամության տեսակների հիման վրա տրամադրվող սոցիալական աջակցության փաթեթին ու մատուցվող ծառայություններին, հաշմանդամություն ունեցող անձանց տվյալների թվայնացման գործընթացի կարեւորությանը։
ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՆՈՐ ՏՐԱՆՇԻ ՏԵՂԱԲԱՇԽՈՒՄԸ
Սույն թվականի ապրիլի 19-ից հունիսի 6-ը «Ֆասթ բանկը» նախատեսում է տեղաբաշխել 11% տարեկան եկամտաբերությամբ 100,000 ՀՀ դրամ անվանական արժեկտրոնային պարտատոմսեր։ Տվյալ սերիայի թողարկման ընդհանուր ծավալը 2,000,000,000 ՀՀ դրամ է։ Բանկի պարտատոմսերը թողարկվել են 30 ամիս մարման ժամկետով եւ արժեկտրոնային եռամսյակային վճարման պարբերականությամբ։
Անվանական արժեկտրոնային պարտատոմսերը հնարավոր է ձեռք բերել «Ֆասթ բանկի» 33 մասնաճյուղերից, տեղաբաշխող «Դայմենշն» ՓԲԸ-ից կամ այլ ներդրումային ծառայություններ մատուցող ընկերություններից՝ լրացնելով հայտ-հանձնարարականը եւ, մինչեւ տվյալ օրվա ժամը 15։30-ը գումարը փոխանցելով տրամադրված հաշվեհամարներին։ Պարտատոմսերի ձեռքբերման համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր, հանրային ծառայությունների համարանիշ, ինչպես նաեւ բանկային հաշիվների տվյալներ։
Բանկի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ բանկի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ եւ երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից: Ցուցակված պարտատոմսերից ստացված եկամուտները ֆիզիկական անձանց դեպքում հարկման ենթակա չեն:

ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձնարարագրերի հիման վրա՝ տեսչական մարմինը հրդեհատեխնիկական հետազոտություններ է իրականացրել Հայաստանի Հանրապետություն, Գեղարքունիքի մարզ, քաղաք Գավառ, Հացառատ թաղամաս, Հ. Աբրահամյան փողոց հասցեում անհատ ձեռնարկատիրոջ կողմից շահագործվող բենզալցակայանի, ինչպես նաեւ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցի վերջնամասում անհատ ձեռնարկատիրոջ կողմից շահագործվող հեղուկ վառելիքի վաճառքի կետի՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։
Տեսչական մարմնի եւ Արտաշատի համայնքապետարանի հետ համագործակցության արդյունքում դիզվառելիքի վաճառակետն ամբողջությամբ ապամոնտաժվել է։




Լրահոս