Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության: Այս մասին Հանրային ՀԸ եթերում հայտնել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:
Ըստ դատախազի՝ մարտի 1-ի գործում, մեկ առաջընթաց ևս կա: Նա հայտնեց, որ այս պահին ակնկալում են, որ Սահմանադրական դատարանը կքննարկի, և ի վերջո կպատասխանի այն հարցին, թե իրենք կարող են 3 բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ովքեր նախկինում 301 պրիմ հոդվածով էին մեղադրվել՝ վերաորակել մեղադրանքը:
Հիշեցնենք, որ ՍԴ-ն արգելք էր դրել հետագայում այդ մեղադրանքը շարունակել:
«Ժողովուրդ» օրաթերթը թեմայի շուրջ կապ հաստատեց մարտի 1-ին կյանքից զրկվածներից մեկի հոր՝ Սարգիս Քլոյանի հետ:
Հարցին, թե ի՞նչ կարծիք ունի առաջընթացի և նոր փամփուշների մասին, նա պատասխանեց.
«Եթե անգամ բացվի, միևնույն է՝ վաղեմության ժամկետը լրացել է։ Եթե փորձագետը նույնպես բացահայտի, որ դա մարտի 1-ի ոստիկանների կամ բանակի կրակած փամփուշտներն են, գործը կկցվի հին գործի հետ:
Դա չի համարվում նոր, եթե համարվեր նոր՝ այդ ժամանակ վաղեմության ժամկետ չէր լինի: Ինչ էլ որ անեն, մարտի 1-ի վաղեմության ժամկետը լրացել է, բայց հանցանքը մնում է հանցանք:Հանցագործները քրեականով ազատված են, իսկ նյութականով ոչ»:
Ըստ Սարգիս Քլոյանի՝ մարտի 1-ի ամեն ինչն էլ բացահայտված է:
«Բացահայտված է, որ բանակից՝ Ղարաբաղից, Երևան են եկել զինվորները, դիպուկահարները, տանկերը, ավտոմատները, ատրճանակները:
Գիտենք, թե ովքեր են հրամանատարները և հրամանատարների օգնականները. դա նշանակում է, որ ամեն ինչն էլ բացահայտվել է»:
Սարգիս Քլոյանը նշում է, որ վերջերս կրակողները եկել և վաղեմության ժամկետից օգտվել են. կրակողների անունները և հոդվածները կան, բայց քանի-որ վաղեմության ժամկետը լրացել է՝ մեր սահմանադրությունը թույլ չի տալիս, որ նրանք քրեական գործով դատապարտվեն:
Քլոյանը հավելում է, որ այստեղ կա միայն պատժելիության խնդիր: Ըստ նրա՝ մեղավորները այժմ կպատժվեն նյութականով:
Վաղեմության ժամկետի անցնելու պատճառը Քլոյանի կարծիքով՝ տվյալ ժամանակահատվածի ղեկավարությունն է եղել: Ըստ նրա՝ այդ ժամանակվա քննչական խմբի ղեկավարը ոչ մի գործ չի արել և ստացել է գեներալի կոչում:
«Դրանք այն բոլոր պատճառներն են, ըստ որի 10 տարի շարունակ չբացահայտվեց մարտի 1-ը»,-եզրափակում է Սարգիս Քլոյանը: