Քաղաքական իշխանության ներգրավվածության պայմաններում դժվար էր ակնկալել ավելի մեղմ խափանման միջոց. Ռուբեն Մելիքյանը՝ Սամվել Վարդանյանի տնային կալանքի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի դեպքով ձերբակալված Սամվել Վարդանյանը այժմ տնային կալանքի մեջ է։ Այս մասին այսօր ArmLur.am-ին հայտնեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

Հիշեցնենք, որ դատարանը Վարդանյանի նկատմամբ 7 մլն դրամ գրավ և տնային կալանք էր կիրառել:

Սամվել Վարդանյանը հայտնել էր ոստիկանների ուղեկցությամբ ձերբակալվածների պահման վայր տեղափոխելիս ապրիլի 15-ի գիշերը իր նկատմամբ իրականացված բռնության մասին:

ArmLur.am-ը այս թեմայով կապ հաստատեց փաստաբան Ռուբեն Մելիքյանի հետ, ով ներկայացրեց ներկա պահին գործի ընթացքի մասին:

«Վատն այն է, որ ոչ մի նորություն չկա: Վերջին տեխնիկական նորությունն այն է, որ մենք 2 օր առաջ ստացել ենք դատաբժշկական փորձագետի եզրակացությունը Սամվել Վարդանյանի ստացած վնասվածքների մասով: Տեղեկություն չունենք՝ արդյո՞ք հարցաքննվել են ուղեկցող 2 ոստիկանները: Առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական վարույթ է քննվում: Պնդումն առաջին հերթին այն է, որ այս գործը ունի կարևորագույն առանձնահատկություն՝ խոսքը վերաբերվում է առերևույթ քաղաքական իշխանության կողմից պատվիրվածի մասին, իսկ այս պայմաններում լավատեսություն լինել չի կարող»:

Գրավի մասին Ռուբեն Մելիքյանն ասաց, որ գումարը հավաքվել է, սահմանված ժամկետում վճարվել է ու այդ հարցը փակվել է։ Խափանման 2 այլընտրանքային միջոցներն էլ այս պահին կիրառման մեջ են գտնվում, Սամվել Վարդանյանը իրենց տանն է՝ տնից դուրս գալու իրավունք չունի, հաղորդակցվելու իրավունք չունի, իսկ գրավը վճարված է քաղաքացիների օգնությամբ:

«Դատարանը որոշեց, որ Սամվել Վարդանյանի պարագայում բավարար է, որ կիրառվի տնային կալանքը՝ գումարած գրավը: Եթե Սամվել Վարդանյանը, օրինակ հիմա տնային կալանքի պայմանները խախտի, ապա պետությունը իրավունք կունենա բարձրացնել գրավը: Մենք չենք համարում, որ այս պայմանները մաքուր իրավունքի տեսանկյունից մեզ բավարարում են, բայց իրատեսական առումով՝ քաղաքական իշխանության ներգրավվածության պայմաններում դժվար էր ակնկալել ավելի մեղմ խափանման միջոց, քան սա: Մոտ 20 օր է կիրառվում է տնային կալանքը, աչալուրջ հսկողություն է իրականացվում, Սամվել Վարդանյանն էլ բնականաբար գիտակցում է, որ չպետք է սահմանափակումների խախտմանը մոտ գործողություններ կատարի: Տանից դուրս չի գալիս և չի էլ պատրաստվում գալ:

Ինչպես ցանկացածը, այնպես էլ Սամվել Վարդանյանը, հնարավոր է, որ մի օր արթնանա և իրեն ծանուցագիր գա՝ որևէ կարգավիճակով ինչ-որ վարույթի ներկա լինելու մասին: Բայց այս պահին չեմ տեսնում այդ առումով որևէ բան»:

Իռեն Գեդեոնյան




Լրահոս