«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հետ՝ Տավուշում կատարվող վերջին իրադարձությունների առնչությամբ։
-Պարո՛ն Օհանյան, երեկ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստատեսության եթերում հարցազրույց տվեց եւ, անդրադառնալով քաղաքացիների այն մտահոգություններին, որ սահմանագծումից հետո Կիրանցում կառուցվող դպրոցը անմիջապես թշնամու նշանառության տակ է լինելու, ասաց. «Եթե խնդիրն այն է, որ դպրոցականները ադրբեջանցիներին առերեսվելու մտահոգություն ունեն, ապա այդ հատվածներում կարող ենք պատ կառուցել կամ ծառ տնկել: Այսինքն՝ ըստ նրա, որեւէ անվտանգային խնդիր չկա, եւ միակ հարցը առերեսվելն է: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա:
-Նախ պետք է հասկանանք հետեւյալը. այն գործընթացը, որն այսօր իրականացվում է Տավուշի մարզում, հեռու է սահմանազատում կամ սահմանագծում անվանվելուց եւ այն սկզբունքներից ու հաջորդականություններից, որոնք արտահայտվում են միջազգային փորձում. դա պարզապես տարածքների միակողմանի զիջում է, քանի որ, եթե խոսք է գնում սահմանազատման եւ սահմանագծման մասին, ապա հիմքում պիտի դրված լինի ԵԱՀԿ՝ 2017 թվականի քարտուղարության փաստաթուղթը, որում հստակ նշված են թե՛ սկզբունքները, թե՛ հաջորդականությունը: Նախ՝ հաջորդականության համաձայն սկզբում պիտի լինի սահմանազատում, որը իրականացվում է քարտեզների վրա եւ ամբողջական: Մենք Ադրբեջանի հետ այսօր մոտ հազար կիլոմետր երկարությամբ սահման ունենք, եւ սահմանազատումը պետք է իրականացվի ողջ երկայնքով: Այն չկա, քանի որ չկա նաեւ համաձայնություն, թե որոնք են այդ քարտեզները, քանզի սահմանագծման եւ սահմանազատման հանձնաժողովները չունեն իրենց աշխատանքային կանոնակարգը. այն դեռ նոր պետք է հաստատվի:
Երկրորդը՝ իրականացվում է սահմանագծում: Հատվածական սահմանազատում եւ սահմանագծում իրականացնելը, եւ այն, որ երկու հանձնաժողովների հայտարարության մեջ նշվում են ժամկետներ, փաստում է այն, որ արագացված տեմպով է սահմանագծումն իրականացվում: Կարծում եմ, որ վերոնշյալ ժամկետները դրել է Ադրբեջանը: Այդ մասին մատնում է նաեւ Նիկոլ Փաշինյանի այն արտահայտությունը, որ եթե սահմանազատման եւ սահմանագծման չգնանք, ապա չգիտենք, թե մեր անվտանգության հարցով ինչ խնդիրներ կառաջանան: Ըստ ԵԱՀկ փաստաթղթի՝ սահմանազատման եւ սահմանագծման արդյունքը չի կարող հիմք հանդիսանալ՝ հետագա լարվածության, անկայունության եւ նոր սադրանքների, քանի որ ԽՍՀՄ ժամանակ պետությունների միջեւ սահմաններն այնպես են գծվել, որ ամբողջական վերահսկողություն իրականացնելը հնարավոր լինի, իսկ եթե չստացվի այդ վերահսկողությունը, լարվածություն առաջանալու դեպքում իրավիճակի կառավարումն իրականացնի սովետական միությունը:
ԵԱՀԿ փաստաթղթի համաձայն՝ ամենակարեւոր սկզբունքներից մեկն այն է, որ գծվելիք սահմանը չի կարող հանդիսանալ ապագա լարվածության եւ անկայունյության հիմք: Հետեւաբար, այս սկզբունքի վրա հիմնվելով, առաջին հերթին Ադրբեջանը պետք է դուրս գա այն տարածքներից, որոնք զավթել է Հայաստանից. 200-ից ավել քառակուսի կիլոմետրի մասին է խոսքը: Իսկ այսօր, եթե անգամ սահմանազատում ու սահմանագծում է իրականացվում, պետք է հաշվի առնվեն առաջին հերթին բնական արգելքներն ու բնագծերը, որոնք աշխարհագրական արգելք են հանդիսանում երկու կողմերից լարվածության նախաձեռնման համար: Ամենակարեւորն այս դեպքում (ինչի մասին իշխանությունները չեն մտածել) այն է, որ պետք է իրավիճակ ստեղծվի, որում հարեւան պետությունները չեն մտածի ռազմական գործողությունների մասին, քանի որ, հակառակ դեպքում, կարող են անդառնալի կորուստներ ունենալ:
Հիմա Նիկոլ Փաշինյանն ինչու՞ է շտապում, քանի որ ինքն է չէ՞ ասում, որ եթե չտանք, ապա Ադրբեջանը պատերազմ կսկսի:
Նա ղեկավար լինելու իրավունք չունի, որովհետեւ այս երեքուկես տարիները լիարժեք չի օգտագործել՝ իր երկիրը ագրեսիային նախապատրաստելու համար: Ագրեսիայի նախապատրաստման ոլորտներ գոյություն ունեն, որոնց թվում են տնտեսությունը, արտաքին եւ ներքին քաղաքականությունը, բայց ամենակարեւորը՝ զինված ուժերի կիրառման պլանի նախապատրաստումն է: Հիմա մենք ունենք նոր իրողություն, այդ նոր իրողությունը պիտի համապատասխանեցվի մեր ռազմական դոկտրինին եւ ռազմավարությանը, ապա նախապատրաստվի բանակը: Բանակը պիտի կազմահաստիքային փոփոխության ենթարկվի եւ արագ տեմպերով համալրվի, որպեսզի պատրաստ լինի իր առջեւ դրված խնդիրն իրականացնելու:
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ
ԻՆՉ Է ՊԱՏՄԵԼ Լ. ՔՈՉԱՐՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆԸ
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը մինչ կալանավորվելը տեսաուղերձում պատմել է մանրամասներ civic.am-ի լրագրող Դավիթ Լեւոնյանի հետ տեղի ունեցած միջադեպից։ Տեսանյութում նա ասում է, որ լրագրողը վերջին ժամանակաշրջանում աչքի է ընկել եկեղեցուն վարկաբեկելու իր «առաքելությամբ», որը իր համար անընդունելի է։ Սուքոյանը փորձել է դա բացատրել Լեւոնյանին։
«Մոտեցա ու ասացի, որ երբ թիրախավորում են եկեղեցին եւ արշավ են սկսում եկեղեցու դեմ, դա ինձ համար, որպես հայ ու որպես քրիստոնյա անընդունելի է։ Նրան ասացի, որ երբ մարդը պիղծ բաներ է վերագրում եկեղեցուն եւ հոգեւորականներին, դա բարոյազուրկ պրոցես է», – տեսանյութում ասում է Արթուր Սուքոյանը։
Ըստ Սուքոյանի՝ ի պատասխան, Դավիթ Լեւոնյանը մեղադրանքներ է հնչեցրել իր նկատմամբ՝ ինչին էլ ի պատասխան Արթուրը հարվածել է լրագրողին։
«Այո, ես հարվածել եմ նրան, նա ընկել է գետնին։ Գետնին ընկած ժամանակ իրեն չեմ խփել, չեմ մոտեցել։ Նա սկսեց ինչ-որ բաներ գոռալ, բայց ես սադրանքներին չեմ տրվել, իրեն չեմ մոտեցել, ոչ մի ավելորդ բան չեմ արել։ Ես խփելուն էլ կողմ չեմ, բայց երբ մարդիկ կարմիր գծերը անցնում են, դա ինձ համար չափազանց ցավոտ է։ Անընդունելի ինձ համար, որ հայ առաքելական եկեղեցին թիրախավորված է, ու հատկապես՝ հայերի կողմից, Հայաստանի Հանրապետությունում»,-նշում է նա։
Արթուր Սուքոյանը տեղեկացնում է նաեւ, որ, ի վերջո, չի կարողացել բացատրել լրագրողին, թե ինչու է վիրավորված իր ասածներից։
Ապրիլի 30-ին Արթուր Սուքոյանի եւ Civic.am լրատվամիջոցի լրագրող Դավիթ Լեւոնյանի միջեւ վիճաբանություն էր եղել Ազգային ժողովի շենքի տարածքում, Սուքոյանը հարվածել է լրագրողին։ Ըստ տեղեկությունների՝ Սուքոյանին զայրացրել է լրագրողի հրապարակումը՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի մասին։ Մայիսի 2-ին քննչական կոմիտեն հայտնեց, որ Արթուր Սուքոյանը կալանավորվել է։
ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՆԻՄԱՍՏ ՊԱՏԱՍԽԱՆԸ
Մայիսի 1-ին Հանրային հեռուստաընկերության եթերից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ընդդիմութայն պնդմանը, որ Կիրանցի կառուցվող դպրոցն Ադրբեջանի սահմանից լինելու է չնչին հեռավորության վրա եւ լինելու է դիտարկվող, ինչը նշանակում է, որ այն չի կարող լինել անվտանգ, պատասխանեց. «եթե երեւալու խնդիր է, ես ասել եմ՝ կարող ենք ծառ տնկել, կարող ենք պատ կառուցել, եթե երեւալու խնդիրն է»:
Վարչապետի այս հայտարարությունը շատ մարդկանց վրդովմունքն է առաջացրել: ArmLur.am-ը կապ հաստատեց քաղաքագետ Ստեփան Դանիելյան հետ՝ մեկնաբանություն ստանալու նպատակով, որն էլ ասաց. «Իր ասածը ապուշություն է, որը քննարկման ենթակա չէ»: