Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան. անուն, որը վերջին շաբաթներին հայտնվել է լրահոսի առաջին էջերին, քաղաքական գործիչների ելույթներում, ժողովրդի սրտում եւ մտքում:
Ո՞վ է նա եւ ի՞նչ ճանապարհ է անցել:
Հենց այս հարցերի պատասխաններին ու Հայ Առաքելական եկեղեցու կարգ ու կանոնին անտեղյակ լինելուց էլ առաջ են գալիս խոսակցություններ, որոնք որեւէ աղերս չունեն իրականության հետ:
Հակառակ տարաբնույթ խոսակցություններին՝ Բագրատ սրբազանը ծնվել է Հայաստանում՝ Գյումրիում, 1971 թվականին: 1994 թվականին ավարտել է Գեւորգյան հոգեւոր ճեմարանը, ապա ուսումը շարունակել Մեծ Բրիտանիայում՝ ավարտելով Լիդձի համալսարանն ու բակալավրի աստիճան է ստացել Մըրֆիլդի Սուրբ Հարության աստվածաբանական քոլեջից:
2012 թվականին ավարտել է Մոնրեալի Քոնքորդիա համալսարանը եւ ստացել աստվածաբանության եւ կենսաբանական բարոյագիտության մագիստրոսի կոչում՝ պաշտպանելով «Հայաստանի Առողջապահական համակարգը. պատմական, սոցիալական եւ աստվածաբանական եզրաշերտը, անցյալը ներկան եւ ապագայի զարգացման հեռանկարը» վերնագրով թեզ:
Առաջին եկեղեցական ձեռնադրությունը եղել է 1994 թվականին՝ Տ. Անանիա եպիսկոպոս Աբաջյանի ձեռամբ համալրել է Մայր Աթոռի սարկավագաց դասը եւ մեկ տարի անց ձեռնադրվել է կուսակրոն քահանա՝ ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի: Եպիսկոպոսի աստիճան ստացել է 2003 թվականին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռնադրությամբ, ապա 2023 թվականին՝ Կաթողիկոսի Հայրապետական կոնդակով արժանացել արքության պատվի:
Իր գործունեության ընթացքում եղել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էջմիածին» պաշտոնական ամսագրի գլխավոր խմբագիր, Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի գավազանակիր, Հայաստանում Քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի միջոցառումների կազմակերպման կենտրոնական մարմնի անդամ, Սեւանի Վազգենյան հոգեւոր դպրանոցի տեսուչ, Մայր Աթոռի մամուլի, լրատվության եւ Հասարակական կապերի գրասենյակի տնօրեն, ինչպես նաեւ «Շողակաթ» հեռուստաընկերության տնօրենների խորհրդի նախագահ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն:
Դասախոսել է Գեւորգյան հոգեւոր ճեմարանում եւ Վազգենյան դպրանոցում, 2002-ից 2003 թվականներին եղել է Արագածոտնի թեմի առաջնորդական տեղապահը, իսկ 2003-ից 2013 թվականներին՝ Կանադայի հայոց թեմի առաջնորդը:
2015 թվականից առաջնորդում է Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմը եւ 2017 թվականից անդամակցում Գերագույն հոգեւոր խորհրդին:
2013 թվականին հրատարակել է «Ավետյաց երկրի տեսիլքով» գիրքը:
Սրբազանի թե՛ գիտական ճանապարհը, թե՛ գործունեությունը ծավալուն են, որի ընթացքում հասցրել է վաստակել հավատավորների սերն ու ջերմությունը: Այսօր Տավուշում մեկնարկած շարժման առաջամարտիկը դարձած Բագրատ սրբազանը Հայ Առաքելական եկեղեցու պատմության մեջ հայտնի ամենանվիրյալ եւ մաքուր հոգեւորականներից է, որի անունը շահարկել ու կեղտոտ խաղերում ընդգրկելը անընդունելի է:
Վերջին օրերին, սակայն, բազմաթիվ իշխանական ուժեր եւ գործիչներ ամենակեղտոտ ձեւով զրպարտում են սրբազանին, վիրավորանքներ հնչեցնում նրա հասցեին:
« Ձեզ մխրճել են այնպիսի գործընթացի մեջ, որը վճռական է բոլորիս համար։ Հանկարծ չդժգոհեք երեկվա ընդվզումից, գիտեմ, թե ինչպիսի ծանր հոգեվիճակում եք։ Մենք գնահատում ենք ձեր ծառայությունը, բայց վերանայեք, թե դուք ում եք ծառայում։ Ով ուզում է լինի, իրավունք չունի սպառնալ իմ ժողովրդին։ Ձեզ պահեք ձեր պատկերացրած տղամարդուն վայել, դուք ծառայության մեջ եք, ծառա չեք։ Քանի դուք կրկնելու եք այդ գործողությունները, մենք կանգնելու ենք ձեր դիմաց, ուղիղ ձեր դիմաց։ Մեզ ոչինչ չի հետաքրքրում, չեք կարող մեզ վախեցնել։ Դուք մոնղոլ չեք, ոչ էլ արաբ, որ արշավանքներով գաք ու գնաք», – ապրիլի 27-ին ոստիկանների եւ տավուշցիների միջեւ տեղի ունեցած բախումից հետո ոստիկաններին ասել էր Բագրատ սրբազանը:
ՀՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ՀԱՆԴԵՍ ԿԳԱՆ ԻՏԱԼԻԱՅՈՒՄ
Կոմիտասի անվան ազգային քառյակը մայիսի 1-8-ը համերգներով հանդես է գալու Իտալիայում։ Այս համերգները մեծ կարեւորություն ունեն, քանի որ հնարավորություն են ընձեռում կատարողական բարձր մակարդակով՝ եվրոպացի հանդիսատեսին ներկայացնել հայկական ազգային երաժշտությունը։
Հատկանշական է, որ այս տարի լրանում է Կոմիտաս Վարդապետի 155-ամյակը եւ Կոմիտասի անվան ազգային քառյակի հիմնադրման 100-ամյակը:
Կոմիտասի անվան ազգային քառյակը մայիսի 1-ին ելույթ ունեցավ Փատովայի «Ալթինաթե» սրահում: Մայիսի 3-ին՝ Վենետիկի Teatro Carlo Goldon սրահում, մայիսի 5-ին՝ Ս. Ղազարի մայրավանքում։ Իսկ մայիսի 7-ին ՀԱԵ Արեւմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակության հրավերով Կոմիտասի անվան ազգային քառյակը ելույթ է ունենալու Միլանի հռչակավոր «Սանտա Մարիա դելլա Գրացիե» (Santa Maria delle Grazie) եկեղեցում։
Քառյակը ելույթ կունենա՝ կատարելով հայ եւ արեւմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ։
ԱՐՑԱԽՑԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հայաստան տեղահանված արցախցի երեխաների համար կկազմակերպվեն համերգներ ու այլ մշակութային միջոցառումներ։
«Հաղորդակցության զարգացման միջազգային ինստիտուտ» հումանիտար հիմնադրամը համագործակցության հուշագիր է ստորագրել Հադրութում գործունեություն իրականացնող «Դիզարտ» մշակութային հասարակական կազմակերպության հետ՝ հադրութցի փոքրիկների համար տարբեր խմբակներ կազմակերպելու, ինչպես նաեւ համերգներ ու այլ միջոցառումներ իրանացնելու ուղղությամբ։
«Համագործակցության ծրագրերն ուղղված են լինելու պարի, երգի, բարբառի ուսուցմանն ու զարգացմանը։ Ժամանակին Հադրութում կազմակերպությունն իրականացրել է տարաբնույթ մշակութային միջոցառումներ։ Այժմ մեր հիմնադրամի կողմից այդ նախաձեռնություններն աջակցություն են ստացել Երեւանում։ Այս պահին 33 երեխա հնարավորություն կստանա օգտվելու նման հնարավորությունից։ Հետագայում կաշխատենք ընդլայնել մասնակից երեխաների թիվը», – նշել են «Հաղորդակցության զարգացման միջազգային ինստիտուտ» հումանիտար հիմնադրամի ներկայացուցիչները։
«ԲՈՐՈՒՍԻԱ»-Ն ՀԱՂԹԵԼ Է ՊՍԺ-ԻՆ
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացավ կիսաեզրափակչի հերթական հանդիպումը:
Դորտմունդի «Բորուսիա»-ն սեփական հարկի տակ ընդունելով Ֆրանսիայի չեմպիոն ՊՍժ-ին` առավելության հասավ նվազագույն հաշվով: Գերմանական թիմի կազմում աչքի ընկավ Նիկլաս Ֆյուլկրուգը:
Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 7-ին:
Նախօրեին կայացած կիսաեզրափակչում` «Բավարիա»-«Ռեալ», գրանցվել էր ոչ-ոքի` 2:2 հաշիվ:
«ՊԱՐՄԱՆ» ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է
«Պարման» Իտալիայի Բ Սերիայի 36-րդ տուրի խաղում ոչ-ոքի խաղաց «Բարիի» հետ. հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով:
Այսպիսով՝ «Պարման» մրցաշրջանի վերջում երաշխավորեց նվազագույնը երկրորդ տեղը մրցաշարային աղյուսակում:
Այժմ «Պարման» 74 միավորով գլխավորում է երկրորդ լիգան։
Երեք տարի անց «Պարման» կվերադառնա իտալական Ա Սերիա: Թիմը 2020/21 մրցաշրջանում դուրս էր մնացել բարձրագույն լիգայից։
«ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՀԻՇԱՏԱԿԻ ՀԱՄԵՐԳ»
Կանադայի Մոնրեալ քաղաքում ապրիլի 28-ին առաջին անգամ հնչեց հայ անվանի կոմպոզիտորներ Ալեքսանդր Սպենդիարյանի եւ Լազար (Ղազարոս) Սարյանի չքնաղ երաժշտությունը «Գարնանային հիշատակի համերգ» խորագրով միջոցառմանը։
Այս համերգը մշակութային եւ երաժշտական համագործակցության արդյունք էր բրիտանահայ երաժիշտ մաեստրո Սիփան Օլահի եւ Մոնրեալի ՀԲԸՄ-ի միջեւ։ Համերգի ամբողջ ծրագիրը կազմել էր միջոցառման գեղարվեստական ղեկավար Սիփան Օլահը՝ ներառելով երկու կոմպոզիտորների մի շարք ստեղծագործություններ, որոնք Մոնրեալում հնչել են առաջին անգամ։ Փայլուն կատարումներով հանդես են եկել Սիփան Օլահը (տենոր, դիրիժոր, Լոնդոն), Հայարփի Եղիկյանը, Հակոբ Մուրադյանը, Խաչատուր Ղազարյանը, ինչպէս նաեւ Ռապսոդի լարային քառյակը Մոնրեալից։
Ծրագրում ընդգրկված են եղել Սպենդիարյանի Երեւանյան Էսքիզներից «Էնզելին», Ղրիմյան Էսքիզներից «Ղայթարման», Սարյանի «Ադաջիո եւ Պար» ստեղծագործությունները, Սիմֆոնիկ Սերենադից՝ «Սերենադ» առաջին մասը, մի շարք գործիքային անսամբլային ստեղծագործություններ, ինչպես նաեւ երկու կոմպոզիտորների լիրիկական ռոմանսները։ ՀԲԸՄ-ի Մոնրեալի գործադիր կոմիտեն իր գոհունակությունն է հայտնել բոլոր երաժիշտներին, հանձին մաեստրո Սիփան Օլահի՝ Ալեք Մանուկյան կենտրոնում դասական երաժշտության նման հեղինակավոր եւ պրոֆեսիոնալ միջոցառում ներկայացնելու համար: