Հովիկ Աբրահամյանն ԱԺ երեկ մեկնարկած նստաշրջանում պաշտոնապես ներկայացրեց իր հրաժարականը: Աբրահամյանը նախ հաստատեց քառօրյա նիստերի օրակարգը, որոշեց քննարկվելիք հարցերի հերթականությունը, կազմակերպեց քվեարկություն, ինչից հետո միայն արտահերթ ելույթում ընթերցեց հրաժարականի դիմումը: Աբրահամյանը հայտարարեց, որ գալիք ընտրություններում գլխավորելու է ՀՀԿ շտաբը, ուստի դրան նախապատրաստվելու համար որոշել է վաղաժամ վայր դնել ԱԺ նախագահի լիազորությունները:
«Երկիրը մտնում է ԱԺ ընտրությունների նախապատրաստական փուլ: Եւ այդ ընտրությունները բարձր մակարդակով կազմակերպելն ու անցկացնելը բոլորիս եւ հատկապես իշխանությունների պատվի գործն է»,-հայտարարեց նա՝ հավելելով, որ ինքը հրաժարվում է միայն պաշտոնից, իսկ մանդատը չի պատրաստվում վայր դնել՝ շարունակելով մնալ որպես մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր: Ելույթից հետո նա վերջին անգամ վերադարձավ ԱԺ խոսնակի իր աթոռին, հավաքեց թղթերն ու հեռացավ դահլիճից: Հինգ օր հետո, եթե Հովիկ Աբրահամյանը հետ չվերցնի դիմումը, հրաժարականը կհամարվի ընդունված:
Քիչ անց ԱԺ դահլիճից հեռացավ նաեւ ՀՀԿ-ական փոխխոսնակ Սամվել Նիկոյանը. մահացել էր նրա հայրը, ինչի մասին Նիկոյանը, ով համարվում է ԱԺ նախագահի պաշտոնի հիմնական հավակնորդը, տեղեկացավ նիստի ժամանակ: ԱԺ նախագահի հրաժարականին արձագանքեց միայն ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը՝ այն համարելով տարօրինակ:
Նշենք, որ հրաժարական տված ԱԺ նախագահները հրաժարականները ներկայացնելուց հետո տարբեր կերպ են հեռացել դահլիճից: Օրինակ` Արթուր Բաղդասարյանն իր ելույթից հետո անմիջապես դուրս եկավ դահլիճից, իսկ Տիգրան Թորոսյանը ելույթն ավարտելուց հետո գնաց եւ տեղ զբաղեցրեց շարքային պատգամավորների համար նախատեսված տեղում:
Ակնհայտ է, որ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի վերաբերյալ պաշտոնական մեկնաբանությունը շարունակում է համոզիչ չթվալ: Ու շատերը պարզապես չեն հավատում, որ խորհրդարանի ղեկավարը հրաժարական է ներկայացրել իր կուսակցության նախընտրական շտաբը գլխավորելու համար, եւ կատարվածի հիմքում շատ ավելի լուրջ պատճառներ են տեսնում: Սակայն այս հրաժարականն ուշագրավ է մեկ այլ առումով. հայտնի փաստ է, որ ԱԺ նախագահ վերջին տարիներին, ըստ էության, ոչ թե ընտրվել են, այլ նշանակվել: Իսկ հատկապես Սերժ Սարգսյանի պաշտոնավարումից հետո ԱԺ նախագահ «նշանակել-ազատելը» դարձել է պահի նպատակահարմարության հարց, քանի որ չորս տարում նույն գումարման խորհրդարանում ՀՀԿ-ն արդեն երկու ԱԺ նախագահ է փոխել:
Բանն այն է, որ 2007թ. ԱԺ ընտրություններից հետո կոալիցիոն քվոտայով խորհրդարանի ղեկավարի պաշտոնը վերապահված էր ՀՀԿ-ին, եւ ԱԺ նախագահ դարձավ այն ժամանակ ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ ընտրացուցակի երկրորդ համարը զբաղեցնող Տիգրան Թորոսյանը: Բայց ընդամենը մեկուկես տարի անց՝ 2008թ. սեպտեմբերին, ՀՀԿ գործադիր մարմինն ու խորհուրդը, չգիտես ինչու, որոշեցին, որ ԱԺ նախագահի պաշտոնում Տիգրան Թորոսյանի պաշտոնավարումն այլեւս նպատակահարմար չէ, փոխարենը նպատակահարմար է, որ այդ աթոռը զբաղեցնի Հովիկ Աբրահամյանը: Այդ պատճառով վերջինիս եղբայրը՝ Ջոնիկը, հրաժարվեց իր պատգամավորական մանդատից, եւ թիվ 17 ընտրատարածքում նոր ընտրություններ անցկացվեցին՝ Հ.Աբրահամյանին պատգամավոր, հետո ԱԺ նախագահ դարձնելու համար: Այլ կերպ ասած՝ Տիգրան Թորոսյանին ինչպես «նշանակել էին» այդ պաշտոնին, այդպես էլ ազատեցին: Նույն կերպ, փաստորեն, վարվեցին նաեւ Հ.Աբրահամյանի դեպքում՝ կրկին հասարակության համար ոչ համոզիչ հիմնավորմամբ: Հիմա ով էլ ընտրվի ԱԺ նախագահ, լինելու է ընդամենը ժամանակավոր տեղապահ, որն, ըստ էության, լավագույն դեպքում երկու-երեք քառօրյա է վարելու:
Նկատենք, որ նման անպատասխանատու գործելաոճ, ըստ էության, դրսեւորվում է ՀՀ Սահմանադրությամբ երկրի երկրորդ պաշտոնի հանդեպ: Քանի որ երկրի խորհրդարանի ղեկավարին առանց լուրջ, համոզիչ հիմնավորման հետ կանչելը վկայում է առնվազն թեթեւամտության մասին: ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորները, սակայն, երեկ փորձում էին արդարացնել կատարվածը: «Չէի ասի, որ այստեղ անլրջության էլեմենտներ կան, այլ ընդհակառակը, կան լրջության էլեմենտներ: Աբրահամյան Հովիկը շատ լավ կարող էր մնալ ԱԺ նախագահ ու լինել ՀՀԿ շտաբի պետ: Բայց դուրս գալով պաշտոնի լրջությունից ու զանազան խոսակցություններից` նա հրաժարական է տալիս: Իսկ ԱԺ հաջորդ նախագահն էլ կզբաղվի ԱԺ գործերով»,-փորձեց կատարվածն արդարացնել ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը: Մեկ այլ ՀՀԿ-ական պատգամավոր՝ Լեռնիկ Ալեքսանյանը, նշեց, թե չի ցանկանում համեմատել Տիգրան Թորոսյանի ու Հովիկ Աբրահամյանի հրաժարականները, քանի որ դրանք տարբեր բաներ են: «Բացարձակ անհեթեթ չէ, որովհետեւ հենց այնպես չեն արվում փոփոխությունները, դրանք լուրջ, մտածված փոփոխություններ են»,-ասաց Լեռնիկ Ալեքսանյանը:
Նկատենք, որ ՀՀԿ-ում վերջնականապես չի հստակեցվել, թե ով է ԱԺ նախագահի պաշտոնում փոխարինելու Հովիկ Աբրահամյանին: Որպես հիմնական հավակնորդ` քննարկվում է ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանի հարցը: Իսկ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը երեկ հավաստիացնում էր, թե իրենք այդ հարցին կանդրադառնան հինգշաբթի օրը կայանալիք ՀՀԿ հերթական նիստի ժամանակ: «Մի բան կարող եմ վստահեցնել, որ ԱԺ հաջորդ նախագահը եւս լինելու է ՀՀԿ-ական»,-ասաց Շարմազանովը:
ԱՆԼՈՒՐՋ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՇԱՐԱՆԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ