ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն այսօր ԱԺ-ի նիստում իր ելույթի ժամանակ անդրադարձավ պետական գույքի կառավարման խնդրին: Նա մեջբերում արեց ռուսերենով, որը վերաբերում էր ամուսինների՝ գույքի տնօրինման խնդրին: Դա առաջացրեց որոշ պատգամավորների, ու նաև՝ Շարմազանովի ժպիտը:
Իր ելույթից հետո Գագիկ Ջհանգիրյանն ուներ ևս մեկ առաջարկ, բայց քանի որ նրա ժամանակն ավարտվում էր, ասաց, որ չի հասցնի առաջարկն անել:
«Ձեր ժամանակը չի ավարտվել»,-ասաց Հովիկ Աբրահամյանը:
Ջհանգիրյանն էլ կատակեց. «Էէ՜հ, իմ ժամանակն ավարտված լիներ…»:
Ջհանգիրյանից հետո ելույթ ունեցավ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը դարձյալ պետական գույքի կառավարման մասին:
Արծվիկ Մինասյանից հետո խոսքով նորից հանդես եկավ Գագիկ Ջհանգիրյանը: Նա կոչ արեց խորհրդարանին նման տեսքով օրենք չընդունել: «Մի՞թե դժվարություն ունի ՀՀ կառավարությունն ԱԺ-ում որևէ պետական սեփականության կամ գույքի հարցում: Բացարձակապես, ոչ: Ունի ապահով մեծամասնություն, կարող է բերել ներկայացնել սեփականաշնորհման գույքի ցուցակ, որից հետո դա ընդունել»,-ասաց Ջհանգիրյանը:
Ըստ նրա` պետական գույքի կառավարման մասին օրենքն այս տեսքով հակասում է ՀՀ սահմանադրությանը: «Քանի որ մի քանի պետական գույքի աղմկահարույց վաճառքն արդեն եղել է թե՛ ԱԺ-ի, թե՛ իշխանության թիկունքում, հիմա կառավարությունը փորձում է դրան օրինական տեսք տալ կամ օրինական շղարշով քողարկել»,-կարծում է պատգամավորը` հավելելով, որ այս օրենքի ընդունումից հետո մենք, փաստորեն, օրինականացնելու ենք «Որոտան» ՀԷԿ-ի և «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ին պատկանող 20 տոկոսի վաճառքը:
Գագիկ Ջհանգիրյանը կարծում է, որ հարցն այդքան ընդդիմությանը չի վերաբերում, որքան օրենսդիր մարմնին արհամարհելուն:
«Բրդելով ու զոռով ոչ մի օրենք չի կարելի ընդունել, չի կարելի թքած ունենալ Սահմանադրության վրա»,- ասաց պրն. Ջհանգիրյանը` հավելելով, որ եթե այսօր Սահմանադրության դրույթները չեն կատարվում, ո՞րն է երաշխիքը, որ Սահմանադրության բարեփոխումից հետո կկատարվեն դրույթները:
Հովիկ Աբրահամյանն էլ ասաց, որ ոչ մի օրենք բրդելով ու զոռով չի ընդունվելու, լինելու են քննարկումներ: