Բանակցությունները թույլ կտան արթուն պահել Արցախի հարցը. Վարդան Օսկանյանն այսօր հանդիպել է Արցախի պատգամավորների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ այսօր Արցախի պատգամավորները ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունում հանդիպել են նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ, որի գլխավորած հանձնախումբը վերջերս է վերադարձել արտերկրյա հանդիպումներից:
Վարդան Օսկանյանի գլխավորած հանձնախումբը հանդիպումներ է ունեցել թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Ռուսաստանում, ինչպես նաև եվրոպական մի շարք երկրներում: Հանդիպումների հիմնական օրակարգը արցախահայերի հետվերադարձն է եղել:

Մեր տեղեկություններով՝ պատգամավորների հետ հանդիպմանը Վարդան Օսկանյանի մի կողմից դրական է գնահատել հանդիպման արդյունքները, միևնույն ժամանակ նշել է, որ դրանք չեն կարող իրենց ուզած արդյունքը տալ, քանի որ պաշտոնապես բանակցություններ վարելու մանդատ ունեն միայն ՀՀ իշխանությունները, միայն նրանց կողմից վարած բանակցություններն են լեգիտիմ ու կարող են շոշափելի արդյունք տալ:
Հայաստանի իշխանություններն էլ, սակայն, վաղուց Արցախի թեման այլևս փակ են համարում:

Պատգամավորներն էլ իրենց հերթին նշել են, որ հանձնախումբը պետք է շարունակի բանակցությունները, քանի որ սա գոնե թույլ կտա միջազգային տարբեր հարթակներում արթուն պահել Արցախի հարցը:
Առաջիկայում Վարդան Օսկանյանի գլխավորած հանձնախումբը կրկին կմեկնի արտերկիր՝ հանդիպումներ ունենալու տարբեր պաշտոնյաների հետ:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս