ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը հրավիրվել է քննչական կոմիտե եւ հարցաքննվել: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նրան հարցաքննել են իր տան բակ պայթուցիկ պայթեցնելու քրեական վարույթի շրջանակներում: Վերջինս հաստատեց տեղեկությունը եւ նշեց դեպքից հետո իր գործողություններում զգույշ է։
Նկատենք, որ ՔՊ գրասենյակի եւ «Միավորված աշխատանքային կուսակցության» հիմնադիր ղեկավար Գուրգեն Արսենյանի գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածները չեն ընդունում առաջադրված մեղադրանքը: Գործով կալանավորվածներից մեկը ՀՅԴ անդամ Գագիկ Սարգսյանն է եւ Վահան Հովհաննիսյանը:
Այսպես՝ ըստ կոմիտեի, Գ.Ս.-ն բնակչությանն ահաբեկելու, հանրային իշխանության մարմինների գործունեությունը կազմալուծելու, հանրային իշխանության ներկայացուցիչ և հանրային ծառայող, ՀՀ ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Գուրգեն Մելքոնյանին քաղաքական կոնկրետ հայտարարություններից ու դիրքորոշումներից ձեռնպահ մնալուն հարկադրելու և այդպիսով հանրային իշխանության մարմիններին ներքին և արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի կոնկրետ լուծումներից ձեռնպահ մնալուն հարկադրելու նպատակով կազմակերպել է Ա.Գ.-ի և Է. Պ.-ի կողմից ահաբեկչություն, այն է՝ Գուրգեն Մելքոնյանի բնակության վայրի հարակից տարածքի քաղաքացիական անձանց կյանքից զրկելու, նրանց առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու վտանգով, ինչպես նաև խոշոր չափերի գույքային վնաս պատճառելով զուգորդված պայթյուն կատարելը:
Ըստ ՔԿ հաղորդագրության՝ գործելով նույն դիտավորությամբ՝ Ա.Գ.-ն, Է.Պ.-ի հետ նախապես քննարկելով կատարվելիք գործողության մանրամասները, 2024 թվականի փետրվարի 10-ին իր բնակության վայրում նրան է փոխանցել նախապես պատրաստված, փշրտող գործողության տրոտիլ տեսակի պայթուցիկ նյութով լիցքավորված ինքնաշեն պայթեցման սարքը և այն գործարկման վիճակի բերելու համար անհրաժեշտ մարտկոց, բացատրել վերջինը պայթուցիկ սարքի մեջ տեղադրելու եղանակը: Դրանից հետո վերջիններս, կիրառելով քողարկման ու չբացահայտվելու համար անհրաժեշտ որոշակի միջոցներ, ուղևորվել են դեպի Երևան քաղաքի Նոյ թաղամասի նախապես որոշված հասցե, որտեղ Է.Պ.-ն, կարծելով, թե Երևան քաղաքի Նոյ թաղամասի 143/1 հասցեում գտնվող առանձնատունը պատկանում է Գուրգեն Մելքոնյանին, Ա.Գ.-ի կողմից իրեն փոխանցված՝ ավերածություններ գործելու համար պիտանի պայթեցման սարքը պարսպի վրայից նետել է դեպի հիշյալ առանձնատան աջ անկյունային հատվածը: Նույն օրը՝ ժամը 04:30:02-ին, տեղի է ունեցել նշված պայթեցման սարքի պայթյունը, որը զուգորդվել է քաղաքացիական անձանց կյանքից զրկելու, նրանց առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու իրական վտանգով և առանձնատան սեփականատեր Ա.Բ.-ին պատճառել է առնվազն խոշոր չափերի գույքային վնաս:
Քնար Մանուկյան