Երեկ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանն անդրադարձել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը, որը Կիրանցից քայլերթ է սկսել դեպի Երևան, որի ընթացքում ասել է՝ «Ազատ և թափանցիկ ընտրությունների միջոցով իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են հերթական անգամ առանց ընտրությունների իշխանություն վերցնել, քանի որ գիտեն, որ 2026 թվականին էլ չեն կարողանալու դա անել»։
ArmLur.am-ի հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Անի Սամսոնյանը, անդրադառնալով հայտարարությանը, ասաց՝ «Շատ բնական է, որ Արսեն Թորոսյանը փորձելու է Տավուշից սկիզբ առած շարժումն ասոցացնել նախկինների հետ, որովհետև իրենք, որպես իշխանություն գոյատևելու միայն մեկ միջոց ունեն՝ նախկինների գոյությունը և նախկինների քաղաքական ախորժակը: Հիմա երկրում, ինչ կատարվի՝ իշխանափոխության հարցի բարձրացում, սոցիալական հարց կամ այլ համազգային խնդիր, նրանք փորձելու են կապել նախկինների հետ, որովհետև դա է իրենց միակ փրկությունը»:
Էմմա Մարտիրոսյան