Իրավապահները մտել են Ավան վարչական շրջան. կաշառքի գործ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ ՀՀ քաղաքացի Արման Սարգսյանն այցելել է Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ, որտեղ հանդիպել է Մնացական Ադամյանին, ում հետ քննարկել են շինթույլտվության ժամկետը երկարաձգելու ուղղությամբ փաստաթղթեր ներկայացնելու հարցը:

Դրանից հետո՝ 2023 թվականի փետրվարի 9-ին՝ ժամը 14:45-ի սահմաններում, Արման Սարգսյանն այցելել է Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ, հանդիպել է Արա Սաֆարյանին և նրան փոխանցել կաշառքի առարկա հանդիսացող 4.000 ԱՄՆ դոլարի մի մասը՝ 3400 ԱՄՆ դոլար գումարը: Ստացած կաշառքի առարկայի մի մասը Արա Սաֆարյանը նույն օրը՝ ժամը 18:15-ի սահմաններում, իր աշխատասենյակում տվել է Մնացական Ադամյանին՝ հորդորելով կազմել Արման Սարգսյանի դիմումը բավարարելու փաստաթղթի նախագիծը: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Մնացական Ադամյանը կազմել է շինարարության թույլտվություն տրամադրելու վերաբերյալ փաստաթղթերի նախագծերը, որոնք ներկայացվել են Ավան վարչական շրջանի ղեկավարի ստորագրմանը և հաստատմանը: Այնուհետև՝ 2023 թվականի փետրվարի 13-ին՝ ժամը 12:10-ի սահմաններում, Արման Սարգսյանը կրկին այցելել է Արա Սաֆարյանի աշխատասենյակ, ստացել առանձնատան շինարարության թույլտվություն տրամադրելու վերաբերյալ փաստաթղթերը, ինչից անմիջապես հետո Արա Սաֆարյանին փոխանցել է կաշառքի առարկայի մնացած մասը կազմող 600 ԱՄՆ դոլար գումարը:

Այսպիսով, Արա Սաֆարյանը, Մնացական Ադամյանի հետ նախնական համաձայնությամբ, Արման Սարգսյանի օգտին ապօրինի անգործության համար նրանից ստացել է խոշոր չափերով՝ 1.577.800 ՀՀ դրամին համարժեք 4.000 ԱՄՆ դոլար կաշառք:

Բացի այդ, 2023 թվականի փետրվարի 10-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Արա Սաֆարյանի՝ Երևան քաղաքի Մարշալ Խուդյակովի փողոցի 222 հասցեում գտնվող աշխատասենյակ է այցելել Բախշի Մարտունի Սիմոնյանը, զրուցել են Երևան քաղաքի Ավան, Ա.Շահինյան փողոցի 107/7 տուն հասցեում շինարարական աշխատանքներ իրականացնելու թույլտվություն ստանալու համար Ավան վարչական շրջանի աշխատակազմ վերջինիս կնոջ՝ Վարդուհի Բախշիի Սիմոնյանի անվամբ մուտքագրված դիմումի վերաբերյալ: Խոսակցության ընթացքում Բախշի Սիմոնյանն Արա Սաֆարյանին տեղեկացրել է, որ արդեն իսկ կատարել է շինարարական աշխատանքներ: Արա Սաֆարյանն իր դժգոհությունն է հայտնել Բախշի Սիմոնյանին՝ նախքան դիմումը մուտքագրելն այդ մասին իրեն չտեղեկացնելու կապակցությամբ: Բախշի Սիմոնյանի օգտին ապօրինի անգործության՝ առանց թույլտվություն ստանալու և արդեն իսկ իրականացված շինարարական աշխատանքների կատարման փաստը չարձանագրելու և նման պայմաններում շինարարություն իրականացնելու թույլտվություն տալու համար Բաշխի Սիմոնյանից պահանջել է կաշառք:

Վերոհիշյալ ապօրինի անգործության համար Բախշի Սիմոնյանն առաջարկել է 200.000 ՀՀ դրամ կաշառք, ինչին Արա Սաֆարյանը չի համաձայնել՝ պահանջելով 395.240 ՀՀ դրամին համարժեք 1000 ԱՄՆ դոլար:

Այնուհետև՝ 2023 թվականի փետրվարի 14-ին՝ ժամը 15:25-ի սահմաններում Բախշի Սիմոնյանը կրկին այցելել է Արա Սաֆարյանի աշխատասենյակ և խոստացել պահանջված կաշառքի գումարը տալ երկու օր անց: Նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ 2023 թվականի փետրվարի 17-ին՝ ժամը 12:35-ին, Արա Սաֆարյանը Երևան քաղաքի Դուրյան թաղամասի 46-րդ շենքի մոտ հանդիպել է Բախշի Սիմոնյանին, որից հետո Արա Սաֆարյանին պատկանող՝ «BMW» մակնիշի «MS 922 MS» հաշվառման համարանիշի ավտոմեքենայում իր օգտին ապօրինի անգործության համար վերջինիս կողմից պահանջված 1.000 ԱՄՆ դոլարի փոխարեն նրան տվել է 500.000 ՀՀ դրամ կաշառք: Դրանից հետո Արա Սաֆարյանը և Բաշխի Սիմոնյանն այցելել են Արա Սաֆարյանի աշխատավայր, որտեղ Արա Սաֆարյանը Բախշի Սիմոնյանին է փոխանցել շինարարության թույլտվություն տրամադրելու վերաբերյալ փաստաթղթերը, ինչից անմիջապես հետո Արա Սաֆարյանը և Բախշի Սիմոնյանը ձերբակալվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:

Բացի այդ, 2020 թվականի հունիսի 11-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի հիման վրա Հրանտ Գրիգորյանն ու Լիլիթ Խաչատրյանը ձեռք են բերել Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Ն. Սաֆարյան փողոցի 16/34 հասցեում գտնվող հողամասը, որտեղ «Հաբշին նախագիծ» ՍՊ ընկերության կողմից իրականացված նախագծի հիման վրա 2020 թվականի հուլիսի 7-ին Ավան վարչական շրջանի ղեկավարի կողմից կառուցապատողներին տրվել է հիշյալ հասցեում երկհարկանի բնակելի տան և պարսպի կառուցապատման շինարարության թույլտվություն՝ շինարարական աշխատանքների իրականացման համար սահմանելով 24 ամիս ժամկետ: Նշված ժամկետում Հրանտ Գրիգորյանն ու Լիլիթ Խաչատրյանը չեն ավարտել հիշյալ հասցեի շինարարական աշխատանքները:

Այնուհետև, 2022 թվականին «Հաբշին նախագիծ» ՍՊ ընկերության կողմից կազմվել է Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Ն. Սաֆարյան փողոցի 16/34 հասցեում երկհարկանի բնակելի տան և պարսպի կառուցման աշխատանքային նոր նախագիծ՝ ի լրումն և ի փոփոխություն 2020 թվականի հուլիսի 7-ին տրված համաձայնեցված նախագծի, որի հիման վրա 2022 թվականի հուլիսի 27-ին Ավան վարչական շրջանի ղեկավարի կողմից կառուցապատողներին տրվել է այդ հասցեի հողամասում երկհարկանի բնակելի տան և պարսպի կառուցապատման շինարարության նոր թույլտվություն՝ ժամկետ սահմանելով 4 ամիսը՝ ներառյալ ավարտական ակտի տրամադրման համար ավարտված շինարարական օբյեկտն ընդունող հանձնաժողովի աշխատանքի համար նախատեսված ժամկետը:

Կառուցապատողները շինարարության թույլտվության սահմանված ժամկետում ավարտված շինարարական օբյեկտի վերաբերյալ շահագործման թույլտվություն ստանալու մասին դիմում չեն ներկայացրել իրավասու մարմնին և շինարարության թույլտվության ժամկետը լրացել է:

Այնուհետև, 2022 թվականի դեկտեմբերին Հրանտ Գրիգորյանը, Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Ն. Սաֆարյան փողոցի 16/34 հասցեում երկհարկանի բնակելի տան և պարսպի կառուցման շինարարության թույլտվության ժամկետը լրացած լինելու պայմաններում, նախագծանախահաշվային փաստաթղթերից որոշակի շեղումներով արդեն իսկ փաստացի կառուցված հիշյալ օբյեկտի համար շինարարության նոր թույլտվություն ստանալու և ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի 596-Ն որոշման 150-րդ կետով սահմանված՝ շինարարության թույլտվության ժամկետում ավարտված շինարարական օբյեկտի վերաբերյալ շահագործման թույլտվություն ստանալու համար իրավասու մարմնին դիմելու և նույն որոշման 153-րդ կետով նախատեսված՝ շինարարության թույլտվության ժամկետը սպառվելու հիմքով իրավասու մարմնի կողմից շահագործման թույլտվություն ստանալու մասին դիմումը չմերժելու նպատակով դիմել է իր հիշյալ հասցեի բնակելի տունը կառուցապատող Դավիթ Մարկոսյանի ընկերոջը՝ Ռոման Հարությունյանին՝ խնդրելով վերջինիս օգնել այդ հարցում, կաշառքի դիմաց իր օգտին հիշյալ ապօրինի անգործության և գործողության, այն է՝ կառուցապատումը քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետում չավարտելու փաստը չարձանագրելու, շինարարության թույլտվության ժամկետը սպառվելու հիմքով շահագործման թույլտվություն ստանալու մասին դիմումը չմերժելու, ինչպես նաև արդեն իսկ կառուցված օբյեկտի համար շինարարության նոր թույլտվություն ստանալու հարցում:
Ռոման Հարությունյանը, Ավան վարչական շրջանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ, պաշտոնատար անձ Արա Սաֆարյանի հետ գտնվելով լավ հարաբերությունների մեջ, 2023 թվականի հունվարի 12-ին՝ ժամը 12:43-ի սահմաններում, այցելել է Երևան քաղաքի Խուդյակովի փողոցի 222 հասցեում գտնվող, Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ և Արա Սաֆարյանի աշխատասենյակում հանդիպել վերջինիս: Ռոման Հարությունյանն Արա Սաֆարյանին խնդրել է կաշառքի դիմաց աջակցել իր մտերիմ Հրանտ Գրիգորյանին պատկանող, նախագծանախահաշվային փաստաթղթերից որոշակի փոփոխություններով արդեն իսկ կառուցված շինարարության թույլտվության ժամկետը լրացած՝ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Ն. Սաֆարյան փողոցի 16/34 հասցեի երկհարկանի բնակելի տան և պարսպի համար նոր շինարարության թույլտվություն ստանալու հարցում: Արա Սաֆարյանը, Ռոման Հարությունյանի միջնորդությամբ ընդունելով Հրանտ Գրիգորյանի կողմից կաշառք տալու առաջարկը, վերջինիս օգտին հիշյալ ապօրինի անգործության և գործողության համար Ռոման Հարությունյանից պահանջել է 396.310 ՀՀ դրամին համարժեք 1.000 ԱՄՆ դոլար կաշառք, ինչին վերջինս համաձայնել է և խոստացել Հրանտ Գրիգորյանի կողմից կաշառքի առարկա հանդիսացող գումարը տալու դեպքում՝ փոխանցել նրան: Արա Սաֆարյանը Ռոման Հարությունյանին նախազգուշացրել է, որ Հրանտ Գրիգորյանին պատկանող հասցեին վերաբերող շինարարության նոր թույլտվություն տալուց անմիջապես հետո շահագործման թույլտվություն ստանալու մասին դիմում չներկայացնեն, որպեսզի կասկածներ չառաջանան:

Արա Սաֆարյանի հետ կաշառքի առարկայի շուրջ համաձայնություն ձեռք բերելուց հետո Ռոման Հարությունյանն այդ մասին տեղեկացրել է Հրանտ Գրիգորյանին, ով թեև սկզբից գումարի չափի հետ կապված անհամաձայնություն է հայտնել, սակայն հետո համաձայնվել է և Ռոման Հարությունյանին պատրաստակամություն հայտնել հիշյալ ապօրինի անգործության և գործողության համար Արա Սաֆարյանին տալ պահանջած 1000 ԱՄՆ դոլար կաշառքը:

2023 թվականի հունվարի 25-ին նախապես պայմանավորվածության համաձայն՝ Ռոման Հարությունյանն ու Հրանտ Գրիգորյանը Երևան քաղաքի Խուդյակովի փողոցի 222 հասցեում գտնվող, Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքի մոտ հանդիպել են Արա Սաֆարյանին, ում առաջարկով Ռոման Հարությունյանը Հրանտ Գրիգորյանից վերցրել է վերջինիս խոստացած 1.000 ԱՄՆ դոլար կաշառքը և նույն վայրում փոխանցել Արա Սաֆարյանին:

Նույն օրը՝ 2023 թվականի հունվարի 25-ին, Հրանտ Գրիգորյանը դիմել է Ավան վարչական շրջանի ղեկավարին՝ խնդրելով համաձայնեցնել նախագծային փաստաթղթերը և տալ շինարարության թույլտվություն, կամ երկարաձգել 2022 թվականի հուլիսի 27-ին տրված շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը, որի հիման վրա 2023 թվականի հունվարի 26-ին կառուցապատողներին տրվել է արդեն իսկ փաստացի կառուցված Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Ն. Սաֆարյան փողոցի 16/34 հասցեում երկհարկանի բնակելի տան և պարսպի կառուցապատման նոր՝ թիվ 30/01-Դ-9689 շինարարության թույլտվությունը:

Քնար Մանուկյան




Լրահոս