ArmLur.am-ին ահազանգում են՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Էկոնոմիկայի ենթակայության տակ գործող «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն»-ի գիտատեխնիկական գրադարանը փակում է:
ArmLur.am-ի հետ զրույցում գրադարանի Էլեկտրոնային ռեսուրսների ձևավորման բաժնի գլխավոր մասնագետ Մարգարիտա Մանուկյան ասաց.
«Գրադարանը հանրապետության խոշորագույն գրադարաններից է եզակի իր տեսակով գիտատեխնիկական հատուկ ֆոնդերի արտոնագրերը ամբողջ աշխարում պահվող 19 մլն անուն արտոնագրեր, մեկ ու կես միլիոն գործեր, ստանդարտներ, արտադրության պայմաններ, արդյունաբերական կատալոգներ և այլն: Այսօր մեր Հանրապետությունում կառավարության կողմից որոշում է կայացվել, որ գրադարանը այլևս չի արդարացնում իր գոյությունը և գրադարանը ավելորդ բեռ է բյուջեի համար և պետք ոչնչացվի: Գրադարանը միշտ ամենացածր աշխատավարձով է աշխատել: Էսօր որոշում է կայացվել, որ գրադարանի ֆոնդերը պիտանի չեն, պահպանման ենթակա չեն, պետք է արխիվացվեն, գրադարանը փակվի և վերջանա այդ էջը Հայաստանի Հանրապետության համար»:
Գրադարանը ունի 60 տարվա պատմություն: Այն ունի 4 տարածաշրջանային մասնաճյուղեր, որոնք բոլորն էլ միաժամանակ փակվելու են:
ArmLur.am-ի հետ զրույցում Էկոնոմիկայի նախարարության մամուլի քարտուղար Լիլիթ Շաբոյանը հաստատեց այդ տեղեկությունը և փոխանցեցին հետևյալ հիմավորումը՝
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․
Սույն որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021-2026թթ․ ծրագրով ամրագրված գիտելիքահենք տնտեսության քաղաքականության իրականացման համար մրցունակ և առավել անկախ կազմակերպաիրավական կարգավիճակ ունեցող ենթակառուցվածք ունենալու անհրաժեշտությունից։ Տեխնոլոգիաների առևտրայնացման գործընթացները ծախսատար են, իսկ դրանք արդյունավետ և նպատակային իրականացնելու համար, բացի բյուջետային միջոցներից, անհրաժեշտություն է առաջանում ներգրավել ներդրումներ, այլընտրանքային ֆինանսավորման հնարավորություններ։ Առանցքային է նաև միջազգային համագործակցությունը։
2. Ընթացիկ իրավիճակը.
«Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ ՊՈԱԿ) ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող «Գիտատեխնիկական գրադարանային ծառայություններ միջոցառման շրջանակում տարիներ շարունակ, մինչև 2024թ․ իրականացրել է միայն գրադարանային ծառայություններ՝ իր կանոնադրական հիմնական գործառույթների կատարման համար չունենալով համապատասխան մարդկային, նյութատեխնիկական և ֆինանսական ռեսուրսներ։
ՀՀ կառավարության հնգամյա գործունեության ծրագրով էկոնոմիկայի նախարարությանը վերապահված մի շարք միջոցառումների պատշաճ կատարումը սահմանափակվում է ՊՈԱԿ-ի կազմակերպաիրավական կարգավիճակից ելնելով։ Մասնավորապես, գիտություն–տնտեսություն փոխգործուն կապերի հաստատմանը, պոտենցիալ առևտրային արժեք ներկայացնող գիտական արդյունքի հայտնաբերումից մինչև տեխնոլոգիաների առևտրայնացման գործընթացների իրականացմանը, ՓՄՁ ֆինանսների հասանելիության ապահովմանը ուղղված միջոցառումները հնարավոր չէ իրականացնել ներկա ենթակառուցվածքի միջոցով։
Այդ մասին փաստում են նաև միջազգային առաջավոր փորձերը, 2022-2023 թվականներին Համաշխարհային բանկի փորձագիտական խմբի կողմից իրականացված ուսումնասիրությունը, և վերջինիս հիման վրա ներկայացված զեկույցն ու առաջարկը։
Ուստի, բյուջետային միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունից ելնելով՝ Էկոնոմիկայի նախարարությունը նպատակ ունի լուծարել ՊՈԱԿ-ը։
3. Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը․
Էկոնոմիկայի նախարարությունը կարևորում է բյուջետային միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործումը։ Այդ նպատակով նախաձեռնել է համակարգային բարեփոխումներ, որի շրջանակում առաջարկում է լուծարել «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը։
4. Ակնկալվող արդյունքները․
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է լուծարել ՊՈԱԿ-ը՝ նպաստելով բյուջետային միջոցների օգտագործման նպատակայնությունն ու արդյունավետությունը։
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք․
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից:
6. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների նվազում և ծախսերի ավելացում չի նախատեսվում:
7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ, Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․
Նախագծի ընդունումը պայմանավորված է Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված Հավելված N 1-ի «Կառավարության 2022-2026 թվականների գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների» ծրագրով Էկոնոմիկայի նախարարությանը վերապահված 4․1 միջոցառման պահանջից:
Էմմա Մարտիրոսյան