Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 8-ին երկկողմ հանդիպում կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, քննարկման համար կուտակվել են բազմաթիվ հարցեր: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը։
«Բառացիորեն երդմնակալության հաջորդ օրը՝ մայիսի 8-ին, նախագահը անցկացնելու է առաջին խոշոր միջազգային միջոցառումը, այն է՝ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հոբելյանական հանդիպումը: Դրանից հետո տեղի կունենա երկկողմ հանդիպում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ինչպես նաև ավանդական ընկերական ընթրիք ԱՊՀ երկրների ղեկավարների համար»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Ուշակովը նշել է, որ «այս երկկողմ շփումը լինելու է շատ առարկայական, քննարկման շատ հարցեր կան»։
«Վերջին շրջանում Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում խնդրահարույց հարցեր են կուտակվել, որոնք, ինչպես ակնկալում ենք, ղեկավարներն անկեղծորեն կքննարկեն: Ինքը՝ Փաշինյանը, ապրիլին ասել էր, որ Մոսկվայի հետ հարաբերությունները դժվար ժամանակներ են ապրում։ Վերջին շրջանում մեր երկրների միջև տարբեր մակարդակներով շփումները նկատելիորեն նվազել են»,- ասել է Ուշակովը։
Խոսելով ՀԱՊԿ-ի հետ կապված խնդիրների մասին՝ Կրեմլի ներկայացուցիչը հիշեցրել է, որ Երևանը դե ֆակտո սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությունում, թեև դեռ դուրս չի եկել դրանից, միևնույն ժամանակ չի մասնակցում կառույցի համատեղ զորավարժություններին և պատրաստվում է ձեռնպահ մնալ դրա ֆինանսավորումից։
«Զուգահեռաբար Հայաստանը ցուցադրաբար երկխոսություն է զարգացնում Արևմուտքի հետ՝ այդ թվում քննարկում է Եվրամիությանն անդամակցելու տարբերակները, ակտիվանում են կապերը ՆԱՏՕ-ի ուղղությամբ, այսինքն՝ այժմ կուտակվել են բազմաթիվ հարցեր, որոնք առաջնորդների քննարկումն են պահանջում»,- ասել է Կրեմլը ներկայացուցիչը: