ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոստանտին Զատուլինը թՏՉՏՐՌՑ ԾՏրՍՉՈ ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ ԱՄՆ-ն փորձում է Անդրկովկասը վերածել «Հակառուսական ցատկահարթակի»:
Զատուլինը նաեւ նշել է, որ դատելով հայ պաշտոնյաների պաշտոնական հայտարարություններից՝ Հայաստանը նույնպես փորձում են վերածել «հակառուսական ցատկահարթակի»:
Այս հարցերով ArmLur.am-ը կապ հաստատեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի հետ, պարզելու համար, թե ինչ կարող են նշանակել այս հայտարարությունները եւ ինչպես կարող են ազդել Հայաստանի վրա։
Մեզ հետ զրույցում քաղաքագետը ասաց, որ առաջին անգամ չէ, որ ռուսական փորձագիտական կամ խորհրդարանական շրջանակներից նման հայտարարություններ են հնչո., իսկ հայտարարությունը հնչում է ԱԳՆ մակարդակով։
«Լավրովի վերջին հայտարարությունը առանձնապես դրանից չէր տարբերվում, որ Արեւմուտք-Ռուսաստան հակադրության պայմաններում կարող է նման ցանկություն Արեւմուտքը ունենալ, այսինքն՝ երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ կամ լարվածություն հարուցել. դա ակնհայտ է, ոչ մի նորություն չկա։ Աշխարհի բոլոր կետերում հիմա Ռուսաստանն ու Արեւմուքտը միմյանց հետ հակադրության մեջ են, զրոյական հարաբերություններ ունեն, եւ մեկը մյուսի դիրքերը ուզում է թուլացնել կամ հակառակը՝ իր դիրքերը ուժեղացնել: Այս իմաստով, իհարկե, Զատուլինը նոր բան չի ասել։ Անկախ նրանից շեշտադրումները նրա ինչպիսինն են՝ նոր բան չի ասել։ Կարող ենք արձանագրել, որ այո, աշխարհաքաղաքական մրցակցություն կա մեր տարածաշրջանում, ցավոք սրտի, Փաշինյանի անհեռատես քաղաքականության հետեւանքով, աշխարհաքաղաքական այդ «գզվռտոցը» ուղիղ հասնում է Հայաստանի տարածք»,- ասաց քաղաքագետը։
Սուրենյանցը նաեւ նշեց, որ Արեւմուտքի համար գերխնդիրը ռուսական ազդեցության թուլացումն ու Իրանին մեկուսացնելը։
«Նրանք ոչ թե «ինչ-որ» Հարավային Կովկասի կամ այլ երկրի լավը կամ վատն են ուզում, այլ ձգտում են այնպիսի կոնֆիգուրացիայի ստեղծմանը, որ խնդիրներ ստեղծեն Ռուսաստանի Դաշնության եւ Իրանի Իսլամական Հանրապետության համար։ Ես կարծում եմ՝ այստեղ մենք Արեւմուտքի մտադրությունների մասին չպետք է խոսենք, ոչ էլ ռուսների քաղաքականության. պետք է խոսենք մեր քաղաքականության մասին։ Հայաստանի միակ ճիշտ մոտեցումը պետք է լիներ բալանսավորված քաղաքականությունը եւ մենք կկարողանայինք շատ արդյունավետ ու դրական հարաբերություններ ունենալ թե՛ Ռուսաստանի, թե՛ Արեւմուտքի հետ»,- ասաց Սուրենյանցը։
Քաղաքագետը հավելեց, որ ցավոք սրտի, Հայաստանի իշխանությունը գնացել է արկածախնդիր ճանապարհով՝ միակողմանիորեն ապավինելով Արեւմուտքի աջակցությանը, վատթարացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ, ու սա այն դեպքում, երբ մենք Արեւմուտքից անվտանգային ռեալ երաշխիքներ չենք էլ ստացել ակնհայտորեն։
«Չեմ ուզում հիմա շատ ծանր տեսարաններ նկարագրել, բայց մենք ունենք պատմության մեջ նման դեպք 1918-20 թվականներին, 100-104 տարի առաջ. գրեթե բոլորս էլ գիտենք, թե նման արկածախնդրությունը ինչով է ավարտվում»,- ասաց քաղաքագետը՝ եզրափակելով զրույցը։
ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ
ՊՍՏՄԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ՝ ՊԱՅՔԱՐԻ ԿՈՉ
Արցախի հերոս, «Եղնիկներ» զորամասի հրամանատար Կարեն Ջալավյանը՝ Քյոխը, պատմել է 44-օրյա պատերազմի ընթացքի մասին, որոնց մասին չի խոսվել մինչ օրս։
Կարեն Ջալավյանը պատմել է Արցախի պայթեցված կամուրջների, նահատակված հերոս զինվորների մասին։
Ջալավյանը խոսել է նաեւ «Մարտական Եղբայրության» անդամ, ապրիլյան եւ 44-օրյա պատերազմների մասնակից Արման Պետրոսյանի մասին, ով ամեն բան պատվով էր անում։
«Արմանը խմբի տղաների հետ միասին իմ հանձնարարությամբ ցանկացած կետում, երբ իրավիճակը լարվում էր, ես վստահ էի, որ Արմանի գլխավորությամբ խնդիրները պատվով են իրականացնում», -ասել է Ջալավյանը։
Նշենք, որ «Մարտական Եղբայրության» անդամ Արման Պետրոսյանին 1 ամսով կալանավորել են՝ խուլիգանության մեղադրանքով։
Այս առթիվ «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչո՞ւ է հրամանատարը հիմա պատմում մանրամասներ։
«Ես այդ տեսանյութի մեջ առանձնապես ոչ մի ուշագրավ բան չեմ հանդիպել։ Նայել եմ այդ տեսանյութը եւ, անկեղծ ասած, Արցախի այդ ռազմական գործիչների հուշերը քիչ են հետաքրքրում, առավել եւս իրենց այժմյան այս կեցվածքի պայմաններում։ Իրենք իրենց գործը համարում են ավարտված, հիմա պետք է նստեն մեզ այդպիսի լեգենդներ պատմեն՝ իրենց ռազմական սխրանքների մասին։ Արցախը հանձնել են թշնամուն ու եկել են, չէ՞, հիմա էլ ի՞նչ հեքիաթների մասին է խոսքը», – մեզ հետ զրույցում ասաց Ղազարյանը։
Նա նշեց նաեւ, որ իրեն շատ քիչ է հետաքրքրում, թե ինչ է ասել հրամանատարը եւ չի հասկանում, թե ինչո՞ւ է պատմում այդ պատմությունները։
«Եկել այդ պատմությունները պատմում է, որ ի՞նչ անենք, հայրենասիրությա՞մբ լցվենք։ Հիմա ինքը, օրինակ, հերոսական հրամանատարի համբավ ուներ չէ՞, Արցախից հետո եկել է Երեւան, մի օր բարձրաձայնե՞լ է, թե այս դժբախտությունը այս ժողովրդի գլխին ով է բերել։ Նիկոլ Փաշինյանի հասցեին մի խոսք լսե՞լ եք, որ նա ասի։ Մարտական դիրքը թողել է, եկել է Երեւան պատմություննե՞ր է պատմում։ Հետաքրքիր չէ ինձ իրենց այդ կեցվածքը»,- ասաց Ղազարյանը։
Էդգար Ղազարյանը նաեւ նշեց, որ Արցախից եկած մարդիկ նույնպես պահանջատեր չեն, քանի որ հաշիվ չեն պահանջում այն մարդկանցից, որոնք այս իրավիճակին են հասցրել։
«Այդքան ժամանակ է եկել են, ամբողջ արցախցիներով փախստականի կարգավիճակով ապրում են, մի հաշիվ չեն ուզում պահանջել այն մարդկանցից, որոնք դրել են իրենց այդ վիճակի մեջ։ Տարիներով ծառայել են, հերոսական սխրանքներ են գործել, փառքի են արժանացել, պատվի են արժանացել, մեդալների են արժանացել, այդ ամենը իրենց համար արժեք չունի՞, ոչ ոքից իրենք հիմա բան չունե՞ն պահանջելու։ Հիմա պետք է նստեն տեսախցիկների առաջ իրենց հիշողություննե՞րը պատմեն, որ մե՞նք էլ իրենց հիշողություններով ապրենք. անլուրջ է», – ասաց Ղազարյանը։
Ա. ՍՐԱՊԻՈՆՅԱՆ
ՈՍՏԻԿԱՆՆԵՐ ԵՆ ԲԵՐԵԼ ԿԻՐԱՆՑ
Կիրանցում ակցիա իրականացնող քաղաքացիները ճանապարհից հեռացրել են վրանները:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այս մասին պատմում է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը:
Քաղաքագետը նաեւ պատմեց, որ Կիրանց գյուղը երկու կողմից շարունակում է փակ մնալ, մեծ թվով ոստիկաններ են եկել ու շրջապատել մարդկանց.
«Որտեղից հնարավոր է՝ ոստիկաններ են բերել: «Կոլցո» օպերացիան են անում գյուղում, բայց մեծ թվով մարդիկ շարունակում են դրսում մնալ ու պայքարել»,-ArmLur.am-ի հետ զրույցում պատմում է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը, որն այս օրերին գտնվում է Կիրանցում ու քաղաքացիների հետ միասին ակցիա է անում՝ պահանջելով դադարեցնել սահամանազատման ու սահմանագծման ապօրինի գործընթացը:
Հիշեցնենք, որ երեկ նաեւ ոստիկանները բռնի ուժով բերման էին ենթարկել ճանապարհը փակած քաղաքացիներին. «Բոլորին արդեն ազատ են արձակել. բայց բռնի ձեւով մարդկանց տարան, վայրագություններ արեցին նրանց նկատմամբ, բայց սպասելի էր այդ ամենը»:
ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ
«ԿԵՆՏՐՈՆԸ» ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐ ՈՒՆԻ
Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Պետրոս Պետոյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար, իսկ Սամվել Ղուկասյանը՝ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետի ժ/պ։ Այս մասին տեղեկացնում է Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:
Ավելի վաղ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանն ազատվել էր պաշտոնից:
Հիշեցնենք, որ ArmLur.am-ը դեռ փետրվարի 9-ին էր գրել, որ Ղուկասյանը կազատվի պաշտոնից եւ կնշանակվի Երեւանի քաղաքապետարանի Քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետ։
ՆՈՐ ՀԱՐՁԱԿՈՒՄ՝ ԻՍՐԱՅԵԼԻ ՎՐԱ
«Իրաքի իսլամական դիմադրությանը» պատկանող զինված շիա խմբավորումները կարճատեւ դադարից հետո հայտարարել են Իսրայելի տարածքի վրա նոր հարձակման մասին՝ առաջին անգամ հայտարարելով Իսրայելի հարավում գտնվող Նեգեւի Բեեր Շեւա քաղաքի վրա հարձակման մասին, ասվում է «Իրաքի իսլամական դիմադրությանն» Telegram ալիքի հաղորդագրության մեջ։
Կազմակերպությունը ավելացրել է, որ իրենք շարունակելու են գրոհել Իսրայելի հիմնական օբյեկտները՝ ի պատասխան Գազայի հատվածում ռազմական գործողությունների։