Ավարտվել է Հնդկաստանի Հանրապետության մի խումբ քաղաքացիների կողմից Երեւան քաղաքի Հասրաթյան փողոցում կատարված խուլիգանության, նրանցից մեկի սպանության, եւս մեկի առողջությանը ծանր վնաս հասցնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ 2 անձի մասով։
2023 թ. հունիսի 19-ին ահազանգ էր ստացվել այն մասին, որ նշված հասցեում գործող բենզալցակայանի մոտ հնդիկ երիտասարդի դի կա՝ մեջքի շրջանում կտրած-ծակած վերքերով:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված քննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ առերեւույթ հանցանքը կատարել է վերջինիս հայրենակիցը՝ Հնդկաստանի Հանրապետության մի խումբ քաղաքացիների միջեւ վիճաբանության ընթացքում։
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով, ՀՀ-ում կացության հիմքով գտնվող Հնդկաստանի 28-ամյա քաղաքացին իր հայրենակիցներին այստեղ աշխատանքի տեղավորելու հարցի շուրջ հեռախոսազրույցներ է ունեցել Երեւանում գտնվող իր 2 այլ համերկրացիների հետ եւ այդ ընթացքում հնչած հայհոյանքների պատճառով մտադրվել է վերջիններիս նվաստացնել։
Այդ նպատակով, իր հետ հեռախոսազույց ունեցած անձանցից մեկի՝ 30-ամյա հնդիկ երիտասարդի հետ պայմանավորվել է իբրեւ թե պարզաբանումներ ստանալու համար հանդիպել Հասրաթյան փողոցում գտնվող բենզալցակայանի մոտակայքում։
Դրանից հետո, նախապես հավաքելով Երեւանում գտնվող իր ծանոթ հայրենակիցներին, 28-ամյա երիտասարդը 2023 թվականի հունիսի 19-ին՝ ժամը 00:14-ի սահմաններում, նրանց հետ խմբով գնացել է նշված հասցե, որտեղ հանդիպելով իր 30-ամյա հայրենակցին ու նրա 2 ընկերներին՝ վերջիններիս արժանապատվությունը վիրավորելու նպատակով կատարել են առերեւույթ խուլիգանություն։
Մասնավորապես, 28-ամյա երիտասարդի կազմակերպմամբ՝ նրա 26-ամյա ընկերն ու քննությամբ ինքնությունները չպարզված մյուս անձինք, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բենզալցակայանի բնականոն աշխատանքը խոչընդոտելով, վիճաբանության են բռնվել հակառակ կողմի հետ, նրանց հասցեին հնչեցրել անպարկեշտ արտահայտություններ։
Այնուհետեւ, 28-ամյա հնդիկ երիտասարդի 26-ամյա ընկերը նախ ձեռքերով, ապա դանակով, իսկ նրանց խմբից ինքնությունը դեռեւս չպարզված մեկ այլ անձ՝ մահակով հարվածներ են հասցրել 30-ամյա տղամարդու ընկերոջը, նրան պատճառելով կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածնքներ։
Բացի այդ, հիշյալ 26-ամյա երիտասարդը հետապնդել է վիճաբանության ընթացքում դեպի բենզալցակայանի հետնամասը հեռացած 30-ամյա իր հայրենակցին, որտեղ նրան ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ գտնվող դանակով մարմնական վնասվածքներ է հասցրել վերջինիս, ինչի հետեւանքով տղամարդը մահացել է։ Դրանից հետո, խումբը՝ Հնդկաստանի 28-ամյա քաղաքացին, նրա 26-ամյա ընկերն ու ինքնությունները չպարզված մյուս անձինք դիմել են փախուստի։
Ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիմա վրա՝ առերեւույթ խուլիգանությունը կազմակերպած 28-ամյա երիտասարդին ներկայացվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 46-297-րդ հոդվածի 3-րդ մասով, նրա 26-ամյա ընկերոջը՝ 155-րդ հոդվածի 1-ին մասով, 166-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ եւ 6-րդ կետով եւ 297-րդ հոդվածի 3-րդ մասով։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։
Հիշյալ 2 մեղադրյալների մասով նախաքննությունն ավարտվել է։ Նրանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատախազին՝ հաստատելու եւ դատարան ուղարկելու նպատակով։ Իրականացվում են քննչական, ինչպես նաեւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ առերեւույթ խուլիգանական արարքներում ներգրավված մյուս անձանց ինքնությունները պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏՆ ԱԶԱՏՎԵԼ Է
«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Ազգային ժողովում Պետաիրավական հանձնաժողովի նիստում, երբ Գլխավոր դատախազը տարեկան հաշվետվությունն է ներկայացրել, խիստ վրդովված ու զայրացած գնացել է դատախազություն ու հրահանգել է ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական եւ իրավական ապահովման վարչության պետ Արմեն Մարուխյանին ազատման դիմում գրի՝ «ասե՛ք՝ ազատման դիմում գրի, հեռանա», -ասել է նա:
Արդյունքում՝ Մարուխյանին հեռացրել են։ Իսկ ինչն է պատճառը։ Բանն այն է, որ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստի ժամանակ հարց բարձրացվեց Արմեն Աշոտյանի գործով, ինչին ի պատասխան, փաստաբաններն ահազանգեցին, որ Գլխավոր դատախազը հրապարակային անդրադառնալով Արմեն Աշոտյանի վերաբերյալ քրեական գործին թույլ է տվել զրպարտություն: Այսպես` «Հայաստանի Հանրապետության դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդման» մեջ նշված է, որ Արմեն Աշոտյանի վերաբերյալ քրեական գործով «պետությանը պատճառվել է 905.194.706 դրամի գույքային վնաս:Մեղադրյալի կողմից պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է»: Մեջբերված հատվածում գլխավոր դատախազը երկու անգամ խեղաթյուրել է իրականությունը, քանի որ դատարանի՝ 16.04.2024թ. որոշմամբ հաստատվել է, որ այս գործով պետությանը որեւէ վնաս չի պատճառվել, ո՛չ Արմեն Աշոտյանը եւ ո՛չ էլ որեւէ այլ մեղադրյալ որեւէ «վնաս» չի «վերականգնել», որովհետեւ պաշտպանության կողմը գործը համարում է շինծու եւ չի ընդունում մեղադրանքը: Հաշվի առնելով, որ՝
ա) հրապարակային ներկայացվել են այնպիսի փաստացի տվյալներ, որոնք չեն համապատասխանում իրականությանը եւ արատավորում են Արմեն Աշոտյանի պատիվն ու արժանապատվությունը,
բ) վերոնշյալ հաղորդումը հրապարակված է դատախազության եւ ԱԺ պաշտոնական կայքերում, ինչպես նաեւ բանավոր ներկայացվել է Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում, ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ բոլոր նշված հարթակներում հրապարակել վերոհիշյալ զրպարտության հերքում:
Եվ այս ամենն էլ պատճառ է դարձել, որ Գլխավոր դատախազի վարչության պետը պաշտոնից ազատվի:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԼՐԱՑԵԼ Է
Մարտի 1-ի գործը ավարտված չէ. նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության: Այս մասին Հանրային ՀԸ եթերում հայտնել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:
Ըստ դատախազի՝ մարտի 1-ի գործում, մեկ առաջընթաց եւս կա: Նա հայտնեց, որ այս պահին ակնկալում են, որ Սահմանադրական դատարանը կքննարկի, եւ ի վերջո կպատասխանի այն հարցին, թե իրենք կարող են 3 բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ովքեր նախկինում 301 պրիմ հոդվածով էին մեղադրվել՝ վերաորակել մեղադրանքը:
Հիշեցնենք, որ ՍԴ-ն արգելք էր դրել հետագայում այդ մեղադրանքը շարունակել:
«Ժողովուրդ» օրաթերթը թեմայի շուրջ կապ հաստատեց մարտի 1-ին կյանքից զրկվածներից մեկի հոր՝ Սարգիս Քլոյանի հետ:
Հարցին, թե ի՞նչ կարծիք ունի առաջընթացի եւ նոր փամփուշների մասին, նա պատասխանեց.
«Եթե անգամ բացվի, միեւնույն է՝ վաղեմության ժամկետը լրացել է։ Եթե փորձագետը նույնպես բացահայտի, որ դա մարտի 1-ի ոստիկանների կամ բանակի կրակած փամփուշտներն են, գործը կկցվի հին գործի հետ:
Դա չի համարվում նոր, եթե համարվեր նոր՝ այդ ժամանակ վաղեմության ժամկետ չէր լինի: Ինչ էլ որ անեն, մարտի 1-ի վաղեմության ժամկետը լրացել է, բայց հանցանքը մնում է հանցանք:Հանցագործները քրեականով ազատված են, իսկ նյութականով ոչ»:
Ըստ Սարգիս Քլոյանի՝ մարտի 1-ի ամեն ինչն էլ բացահայտված է:
«Բացահայտված է, որ բանակից՝ Ղարաբաղից, Երեւան են եկել զինվորները, դիպուկահարները, տանկերը, ավտոմատները, ատրճանակները:
Գիտենք, թե ովքեր են հրամանատարները եւ հրամանատարների օգնականները. դա նշանակում է, որ ամեն ինչն էլ բացահայտվել է»:
Սարգիս Քլոյանը նշում է, որ վերջերս կրակողները եկել եւ վաղեմության ժամկետից օգտվել են. կրակողների անունները եւ հոդվածները կան, բայց քանի-որ վաղեմության ժամկետը լրացել է՝ մեր սահմանադրությունը թույլ չի տալիս, որ նրանք քրեական գործով դատապարտվեն:
Քլոյանը հավելում է, որ այստեղ կա միայն պատժելիության խնդիր: Ըստ նրա՝ մեղավորները այժմ կպատժվեն նյութականով:
Վաղեմության ժամկետի անցնելու պատճառը Քլոյանի կարծիքով՝ տվյալ ժամանակահատվածի ղեկավարությունն է եղել: Ըստ նրա՝ այդ ժամանակվա քննչական խմբի ղեկավարը ոչ մի գործ չի արել եւ ստացել է գեներալի կոչում:
«Դրանք այն բոլոր պատճառներն են, ըստ որի 10 տարի շարունակ չբացահայտվեց մարտի 1-ը»,-եզրափակում է Սարգիս Քլոյանը: