Մարզերի երեխաների եւ պատանիների համար իրականացվող «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը շարունակվում է։ Բազմաբնույթ, հետաքրքիր կրթամշակութային այս ծրագիրը մայիսի 2-ին մեկնարկել է Լոռու մարզի Սպիտակի համայնքային գրադարանում:
Ծրագրի շրջանակում երեխաներին հյուրընկալվել են Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի աշխատակիցներն ու ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, նկարիչ, գոբելենի եւ բատիկի վարպետ, մանկավարժ Սոնա Բանոյանը։
Ճամբարի առաջին օրն անցկացվել է «Թռչուններ ասեղնագործող աղջիկը» հունական հեքիաթի համատեղ ընթերցումով: Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի աշխատակիցները զրույցների, քննարկումների միջոցով երեխաների հետ վերլուծել են գրական ստեղծագործության կերպարներին, բացահայտել՝ հեքիաթի խորհուրդը, խոսել՝ ուղերձների մասին:
Նկարչության վարպետության դասի ընթացքում Սոնա Բանոյանը երեխաներին ներկայացրել է նկարչական արվեստի հմտություններն ու գաղտնիքները: Դասընթացի շրջանակում երեխաները նկարել են դիմանկարներ՝ ոգեշնչման աղբյուր ընտրելով իտալացի նկարիչ Ա. Մոդիլյանիի եւ ֆրանսիացի նկարիչ Ֆ. Լեժեի հայտնի կտավները:
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի աշխատակիցները երեխաներին ներկայացրել են նաեւ Եվրոպա աշխարհամասի, եվրոպական երկրների մշակութային ժառանգության մասին հետաքրքիր տեղեկություններ, սահիկաշարի միջոցով ցուցադրել պատմամշակութային եւ տեսարժան վայրերի մասին պատմող լուսանկարներ։
Նշենք, որ Սպիտակում «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը կանցկացվի երեք օր` մայիսի 2-4-ը։ Սպիտակի համայնքային գրադարանի ընթերցողները կմասնակցեն նկարչության վարպետության դասերի, կընթերցեն եվրոպական մանկապատանեկան գրական ստեղծագործություններ։ Կծանոթանան եվրոպական մշակույթի, արվեստի, հուշարձանների եւ ավանդույթների պատմությանը։ Համատեղ կընթերցեն գրքեր, որոնց շուրջ ծավալված զրույցները, քննարկումներն ու վիկտորինաները կնպաստեն երեխաների գեղագիտական, քննադատական, վերլուծական մտքի զարգացմանը։
Հիշեցնենք, որ «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» նախագիծը կազմակերպել է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը: Այն իրականացվում է Եվրոպայի խորհրդի «Եվրոպական ժառանգության պատմություններ» ծրագրում գրադարանի մրցանակի արժանացած «Հեքիաթի դեսպաններ» հեղինակային նախագծի շրջանակում:
Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավել քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագիրը: Այս ծրագրի շրջանակում էլ իրականացվում է «Եվրոպական ժառանգության պատմություններ» նախագիծը:
Ծրագրի բացման արարողությունը տեղի է ունեցել 2024 թվականի մարտի 27-ին՝ Սպիտակի համայնքային գրադարանում:
ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ՓՈԹՈՐԻԿԸ ԱԶԴԵԼ Է
Մագնիսական փոթորիկը Երկրի վրա ազդել է մայիսի 3-ի կանխատեսված ամսաթվից շուտ, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտի (IPG) տիեզերական եղանակի մոնիթորինգի կենտրոնում։
Մոնիթորինգի տվյալների համաձայն՝ Երկրի մագնիսական դաշտի խանգարումն այժմ հասել է G2 մակարդակի, ինչը մոնիթորինգի սանդղակի վրա նշանակում է «չափավոր» ցուցիչ, այնտեղ G5-ը «չափազանց ուժեղ» է, իսկ G1-ը՝ «թույլ»:
Նախկինում գիտնականները գրանցել էին հզոր բռնկումներ, որոնք տեղի են ունեցել Արեգակի վրա ապրիլի 30-ին եւ մայիսի 1-ին: Գիտնականները մայիսի 3-ի համար էին կանխատեսել Երկրի մագնիսական դաշտի խախտման հավանականությունը։
ՊԵՏՔ Է ԲԱՑԱՌԵԼ ԴՐԱՄԱՀԱՎԱՔԸ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երեւանի քաղաքապետարանին եւ ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով հանձնարարել իրենց ենթակա հանրակրթական դպրոցներին մայիսի 24-ին եւ 25-ին ավարտական դասարաններում կազմակերպվող «Վերջին դաս» միջոցառման շրջանակում զերծ մնալ դրամահավաքից: Գրության մեջ, մասնավորապես, նշվում է. «Ուսումնական տարվա ավարտով պայմանավորված՝ հանրակրթական ուսումնական հաստատությունում «Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս անհրաժեշտ է բացառել որեւէ դրամահավաք»։ Նույնաբովանդակ գրություն է ուղարկվել նաեւ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատությունների եւ ոչ պետական դպրոցների տնօրեններին: Նախարարությունը վերջին շրջանում ահազանգեր է ստանում հանրակրթական ուսումնական հաստատություններում «Վերջին դաս» միջոցառման համար իրականացվող դրամահավաքության վերաբերյալ: Նախարարությունը շրջանավարտների ծնողներին եւ ուսուցիչներին կոչ է անում՝ զերծ մնալ ավելորդ ճոխություններից եւ «Վերջին դասի» միջոցառումը դիտարկել բացառապես որպես ուսումնական գործընթացի ամփոփում՝ հավատարիմ մնալով կրթության բովանդակությանը:
ՄԱՄՈՒԼԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԻՆԴԵՔՍ
Մամուլի եւ լրագրողական գործունեության ազատությունը ժողովրդավարության հիմնասյուներից է:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ ընդգծելով, որ Կառավարության որդեգրած քաղաքականությունն է՝ անել առավելագույնը ոլորտի զարգացման եւ ամրապնդման համար։
«Շնորհավորում եմ ազատ մամուլի բոլոր ջատագովներին։
Ուրախ եմ տեղեկացնել՝ «Մամուլի ազատության ինդեքս» 2024-ում ՀՀ-ն բարելավել է իր դիրքերն ու հայտնվել 43-րդ հորիզոնականում։
Նախորդ տարի Հայաստանը զբաղեցնում էր 49-րդ հորիզոնականը։
Ինդեքս, որը գնահատում է լրագրողների աշխատանքային պայմանները աշխարհի շուրջ 180 երկրներում։
«Մամուլի ազատության ինդեքսում» հարեւան Վրաստանը՝ 103-րդ, Ադրբեջանը՝ 164-րդ, Թուրքիան՝ 158-րդ, իսկ Իրանը՝ 176-րդ հորիզոնականում են»,- նշված է գրառման մեջ:
ԻՆՉՈ՞Ւ Է ՃՇԳՐՏՈՒՄ ՏԱՐՀԱՆՄԱՆ ՊԼԱՆԸ
Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքը տեղեկացնում է, որ մարզպետ Հայկ Ղալումյանը մայիսի 2-ին որոշում է ընդունել Տավուշի մարզում իր ղեկավարությամբ մայիսի 22-ին անցկացնել շտաբային ուսումնավարժություն՝ «Բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը սողանքի դեպքում» թեմայով։ Մարզպետը որոշել է ուսումնավարժությանը ներգրավել Տավուշի մարզի արտակարգ իրավիճակների եւ տարհանման հանձնաժողովներին, Տավուշի մարզպետի աշխատակազմի ղեկավար կազմին ու աշխատակիցներին, Իջեւան համայնքի վարչական ղեկավարներին, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչությանը, ոստիկանության Տավուշի մարզային վարչությանը։ Որոշման մեջ նշված չէ ուսումնավարժության անցկացման վայրը, սակայն դրան ներգրավել են Իջեւան համայնքի վարչական ղեկավարներին, ուստի այն Իջեւան համայնքում է անցկացվելու: Այս պայմաններում ուշագրավ է, որ մարզպետն իր որոշման կետերից մեկով մարզի տարհանման հանձնաժողովի նախագահին հանձնարարել է ճշգրտել Տավուշի մարզի տարհանման պլանը։ Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա հարսանիքի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը, եթե սողանքի թեմայով, լոկալ, Իջեւան համայնքում ուսումնավարժություն է անցկացնում։
ՏԱՐԱԾՔ՝ ՌՈՒՍԱԿԱՆ ԶԻՆՈՒԺԻՆ
Մայիսի 2-ին խորհրդարանում ելույթ ունենալով` ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը ընդդիմադիրներին մեղադրել է Արցախը լուծարելու, ռուս խաղաղապահներին այնտեղից հանելու եւ Տավուշում նրանց համար տեղակայման նոր վայր փնտրելու համար։ Հայաստանի անկախանալուց հետո Տավուշում ռուսական զինուժ տեղակայված չի եղել։ 2020 թվականի պատերազմից հետո նրանց Տավուշ բերել, նրանց համար զորանոցների տարածք հատկացրել է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ 2022թ հուլիսի 13-ին Նոյեմբերյան համայնքի ավագանին միաձայն, 14 կողմով որոշել է Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 2 հեկտար հողամասը նվիրատվության կարգով տրամադրել Հայաստանի Հանրապետությանը։ Նոյեմբերյան համայնքին այդ նվիրատվությունը կատարելու առաջարկով դիմել է ՀՀ կառավարությունը։ Հենց այդ տարածքում է կառուցվել ռուսական զինուժի զորանոցը: Նմանապես Հայաստանի կառավարությունն է Բերդ համայնքի Այգեպար գյուղի տարածքում գտնվող խորհրդային շրջանում գործած փոքր օդանավակայանի տարածքը տրամադրել ռուսական զինուժի զորանոց կառուցելու նպատակով։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ