ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթը:
Նախագծերի փաթեթի ընդունման հիմքում դրված են կառավարության ծրագրով նախանշված հետեւյալ նպատակները. շրջանառության հարկի դրույքաչափերի բարձրացմամբ շրջանառության հարկի համակարգի եւ հարկման ընդհանուր համակարգի (ԱԱՀ-ի համակարգի) շրջանակներում ձեւավորվող հարկային բեռերի տարբերության կրճատում, շրջանառության հարկ վճարողների ձեռքբերումները փաստաթղթերով հիմնավորելու տնտեսական խթանների ձեւավորում, գործարքների փաստաթղթավորման մշակույթի ամրապնդում, գործունեության որոշ տեսակների դուրս բերում միկրո-ձեռնարկատիրության եւ շրջանառության հարկի արտոնյալ համակարգերից՝ դրանով իսկ այդ համակարգերը դարձնելով ավելի հասցեական:
Շրջանառության հարկի դրույքաչափերի բարձրացման եւ փաստաթղթավորման խթանների վերաբերյալ առաջարկվում է՝ գործունեության հիմնական տեսակների մասով բարձրացնել (հիմնականում՝ կրկնակի չափով) շրջանառության հարկի՝ ներկայումս գործող դրույքաչափերը, ընդլայնել փաստաթղթերով հիմնավորված ծախսերի հիման վրա շրջանառության հարկի գումարի նվազեցման հնարավորությունների շրջանակը՝ այն նախատեսելով նաեւ արտադրության եւ ծառայությունների ոլորտների համար (ներկայումս այդ հնարավորությունն առկա է միայն առեւտրի եւ հանրային սննդի կազմակերպման ոլորտների համար), հնարավորություն ստեղծել, որպեսզի ձեռքբերումների փաստաթղթավորման բարձր մակարդակ ապահովող հարկ վճարողների համար շրջանառության հարկի վերջնական (արդյունավետ) դրույքաչափը գործնականում լինի ավելի ցածր, քան գործող դրույքաչափերն են:
Գործունեության տեսակների վերաբերյալ առաջարկվում է սահմանել, որ 2025թ. հունվարի 1-ից՝ փաստաբանական եւ նոտարական գործունեության տեսակները չեն կարող իրականացվել շրջանառության հարկի համակարգում (պետք է տեղափոխվեն ԱԱՀ-ի համակարգ), հետեւյալ գործունեության տեսակները չեն կարող իրականացվել միկրոձեռնարկատիրության համակարգում (պետք է տեղափոխվեն շրջանառության հարկի կամ ԱԱՀ-ի համակարգ).
մարզերում առեւտրական (առք ու վաճառքի) գործունեությունը,
վարսավիրական, մարմնի խնամքի ծառայությունների մատուցումը,
սաունաների, բաղնիքների եւ շոգեբաղնիքների կազմակերպման գործունեությունը,
ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման եւ նորոգման ծառայությունների մատուցումը,
միջնորդական այդ թվում՝ անշարժ գույքի առքուվաճառքի եւ (կամ) վարձակալությամբ կամ անհատույց օգտագործման տրամադրման գործունեությունը,
ծրագրային ապահովման մշակման գործունեությունը,
փորձաքննական ծառայությունների մատուցումը,
շինարարական աշխատանքների կատարումը, ճարտարապետական նախագծային փաստաթղթերի մշակման աշխատանքների իրականացումը, անշարժ գույքի գնահատման եւ չափագրման գործունեության իրականացումը:
ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԵՐՈՎ ՉԵՆ ԱՇԽԱՏԵԼ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների կիրառման արդյունքում նախկինում զրոյական գործարքներ գրանցած հարկ վճարողների մոտ իրականացվել է հարկային վարչարարություն։ Ստուգում է իրականացվել 1038 հարկ վճարողի մոտ, որի արդյունքում վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն չի ապահովել 545 հարկ վճարող եւ արձանագրված խախտումը կազմել է 169.3 մլն դրամ։
Կոմիտեն հիշեցնում է, որ հսկիչ դրամարկղային մեքենաներ կիրառելու պարտավորություն ունեցող հարկ վճարողները, «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն, պարտադիր պետք է ապահովեն վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն։ Միաժամանակ հիշեցնում ենք, որ կենսաթոշակառուներն ու նպաստառուները ՀՀ տարածքում գործող առեւտրի կետերում ու ծառայություններ մատուցող կազմակերպություններում անկանխիկ գործարքներ կատարելու դեպքում ստանում են հետվճար՝ կատարած գործարքների հանրագումարի 10%-ի չափով, բայց ոչ ավելի քան 5 000 դրամը։
«ՖԱՍԹ ԲԱՆԿՆ» ԱՋԱԿՑՈՒՄ Է
Ազգային մշակութային ժառանգության եւ ավանդույթների պահպանման նպատակով «Ֆասթ բանկն» աջակցում է «Ժողովրդական երաժշտության եւ պարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին եւ վերջինիս ելույթների, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած համերգի հանրայնացման նպատակով, Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին։
Հայկական ժողովրդական արվեստը ներկայացնող երաժշտական եւ պարային խմբերի՝ «Ալթունյան» պետական անսամբլի, Հայաստանի պարի պետական անսամբլի, Հայաստանի ազգային նվագարանների, «Բարեկամություն» պետական անսամբլի, «Ակունք» ազգագրական համույթի եւ «Գուսան» պետական անսամբլի միավորման արդյունքում ձեւավորված ՊՈԱԿ-ի հիմնական եւ կարեւոր նպատակն է ժողովրդական երաժշտության, պարարվեստի ոլորտներում միասնական մշակութային գործունեության իրականացումը, մասնավորապես՝ կատարողական արվեստի ավանդույթների պահպանումն ու զարգացումը, հասարակության հոգեւոր պահանջների ձեւավորումն ու բավարարումը, գեղարվեստական բարձրարժեք արդյունքի ապահովումը, միջազգայնացումը, հանրային վարկանիշի բարձրացումը, մշակութային հանրությանը հաղորդակից դարձնելը հայկական ժողովրդական արվեստին։
««Ժողովրդական երաժշտության եւ պարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը թեեւ մեկ տարի է, ինչ կազմավորվել է, սակայն այս կարճ ընթացքում հասցրել ենք տասնյակ համերգների մասնակցել, հանդես գալ նաեւ Հայաստանի սահմաններից դուրս։ Մեր գլխավոր նպատակը հայկական մշակույթի պահպանումն է եւ շատ ուրախ ենք, որ այս գործում մեր կողքին է Ֆասթ Բանկը։ Բանկի աջակցությամբ հանրայնացրել ենք մեր խմբերի մի շարք ելույթներ, որոնց թվում նաեւ Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած մեր համերգները։ Այսպիսով՝ մեր կատարումները վայելելու հնարավորություն ենք տվել նաեւ նրանց, ովքեր ֆիզիկապես ներկա չեն գտնվել մեր ելույթներին», – նշել է կենտրոնի ղեկավար Արմեն Սարգսյանը։
«Ֆասթ բանկի» կողմից կրթական, սոցիալական եւ մշակութային նախագծերին աջակցությունը պարբերական բնույթ է կրում եւ Ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարեւոր մաս է:
ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՍԵՑՎԵԼ
«Ֆիշեռ» ՍՊԸ-ին պատկանող ձկնամթերքի արտադրամասում իրականացված վերահսկողության ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երեւանի կենտրոնի տեսուչներն արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ (ք. Երեւան)։
Պարզվել է, որ արտադրամասի փաթեթավորման սենյակում եւ սառնարանային հատվածում պատերի մակերեւույթները պատրաստված չեն անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, իսկ առաստաղները չեն կանխարգելում կեղտի կուտակումը, խոնավության խտացման եւ մասնիկների թափվելու հնարավությունը։
Ձկնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամանակ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։
ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերին: Օրինագծերի ընդունման անհրաժեշտությունը բխում է շրջանառության հարկի համակարգի եւ հարկման ընդհանուր համակարգի հարկային բեռերի միջեւ տարբերության կրճատման, տնտեսավարող սուբյեկտների կողմից կատարվող ծախսերի փաստաթղթավորման խթանները մեծացնելու, ինչպես նաեւ ՓՄՁ համար նախատեսված երկու հարկման համակարգերն ավելի հասցեական դարձնելու նպատակադրումներից: Նախագծերով առաջարկվում է վերանայել գործունեության հիմնական տեսակների համար սահմանված շրջանառության հարկի դրույքաչափերը՝ միաժամանակ ընձեռելով փաստաթղթերով հիմնավորված ծախսերի միջոցով վճարման ենթակա հարկի նվազեցման հնարավորություն:
Ինչպես նշել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շրջանառության հարկի համակարգը հարկման ընդհանուր համակարգին այլընտրանքային համակարգ լինելու փոխարեն վերածվել է հարկման արտոնյալ համակարգի:
Հաշվի առնելով նշվածը՝ ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքով առաջարկվում է վերանայել շրջանառության հարկի դրույքաչափերը եւ կրճատել հարկման համակարգերի միջեւ հարկային բեռի տարբերությունը. մասնավորապես՝ գործունեության հիմնական տեսակների մասով բարձրացնել շրջանառության հարկի ներկայումս գործող դրույքաչափերը՝ հիմնականում կրկնակի չափով: Փաստաթղթերով հիմնավորված ծախսերի հիման վրա շրջանառության հարկի գումարի նվազեցման հնարավորություն նախատեսել նաեւ արտադրության եւ ծառայությունների մատուցման ոլորտների համար, որը հիմա նախատեսված չէ: